Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում զոհված երեք ոստիկանների՝ գնդապետ Արթուր Վանոյանի, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի եւ ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի հիշատակին հուշաքար է տեղադրվել եւ վաղ առավոտից մոմավառություն է՝ նրանց հիշատակին:
Մի սեւազգեստ կին թաշկինակը ձեռքին եկավ ու սկսեց աղիողորմ լացել ու սգալ ոստիկանների լուսանկարների մոտ: Գագիկ Մկրտչյանի մայրն էր՝ Անահիտը:
Տիկին Անահիտից մի փոքր հեռու արտասվում էր մի տղամարդ. «Գագիկի պապան եմ»,- ասաց նա ու սկսեց հեկեկալ:
Aravot.am-ի հետ զրույցում Գագիկի մայրը որդու պատվին եւ հիշատակին ՊՊԾ գնդում միջոցառումից հետ ասաց. «Մեկ տարի է անցել, բայց ինձ համար մեկ դար է, չի անցնի էս ցավը, չի բուժվի իմ վերքը կյանքում: Քանի կենդանի եմ, էդ վերքը միշտ էլ կմնա իմ սրտում ու այսպես կարյունահոսի»:
Հարցին՝ մեկ տարի է անցել առանց ձեր որդու, ինչպե՞ս եք փարատում ձեր վիշտը՝ նա պատասխանեց. «Ոչ մի կերպ, գիշեր-ցերեկ մղկտալով: Ինչի՞ պիտի իմ խելոք, դաստիարակված տղեն անիմաստ զոհվեր, չեք պատկերացնի թե նա ինչ կարգի, ինչ դաստիարակություն է ունեցել, շատ խելացի, համեստ, ամեն բարի հատկանիշներով օժտված… Ես սա ոչ թե որպես մայր եմ ասում, այլ՝ որպես ճանաչող Գագիկին, կողքից թեկուզ մի մարդու հարցնեք, էլի դա է ասելու: Գագիկին ճանաչողներն ինձ հետ հավասար մղկտում են, ողբում են: Նա մահանալու տղա չէր: Ես բոլորովին չեմ հպարտանում էդ հերոսությամբ, թող հերոս լինի, իր երեխան մեծանա, հիշի, բայց ինձ համար՝ ծնողի համար, դա դարդ ու ցավ է, կրակ ու պատիժ է իր մահը, մանավանդ, որ ինքը իմ միակ տղան է, մի զավակ էր, մի որդի: Հա, նա իսկապես հերոս էր, ոչ թե նրանց նման, ովքեր իրենց հերոսի տեղ են դնում»:
Մեր հարցին՝ հասարակության մի զանգված ապստամբներին՝ «Սասնա ծռերի» անդամներին, որոնք ՊՊԾ գնդում իրականացրին այդ գործողությունները, հերոսացնում են, ասում են՝ նրանք հերոս են, դուք ինչպե՞ս եք ձեզ զգում այդ ժամանակ, տիկին Անահիտը վրդովվեց. «Հանցագործ, չարագործ, բարբարոսները, որ իրենց հերոսի տեղ չդնեին, որդիս ողջ կլիներ: Իսկական հերոսը իմ որդին է եղել: Ամբողջ գունդը մղկտում է Գագիկիս համար, ամբողջ գունդը ողջ ու առողջ այսօր կանգնած է՝ Գագիկիս շնորհիվ: Մոր սիրտը միշտ էլ կմղկտա»:
Գագիկ Մկրտչյանը մեկ որդի ունի՝ Մհերը: Նա 6 տարեկան է: Նա մեզ հետ զրույցում հարցին, թե ի՞նչ է ուզում դառնալ՝ պատասխանեց՝ ամեն ինչ, ոստիկան՝ հոր նման: Մհերը ծաղկի փոխարեն իր խաղալիքներից մեկը՝ մի ոստիկանական մեքենա էր բերել՝ հորը նվիրելու: Սուսուփուս դրեց ծաղիկների վրա՝ հոր նկարի առաջ ու հեռացավ՝ վստահ լինելով, որ նվերը տեղ է հասցրել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
հաշուեցէք թէ ձեր այս կայքէջում, անցած ամբողջ տարուած ընթացքին, քանի հատ յօդուածներ հրատարակեցիք Խորենացի փողոցում, հայ հողի վրայ հայի արիւն թափած մոլորեալներին եւ իրենց երկրպագուներին, եւ քանի հատ՝ անոնց զոհերի մասին, զոհերի ընտանիքների մասին, եւ համեմատեցէք թիւերը
նորմալ բա՞ն, լրագրական աշխարհում…
թերեւս, այո, ափսոս…