Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելի մեծ մասշտաբների էլ են լինում, երեւի միջազգային լրահոսին չեք հետեւում». Աշոտ Ահարոնյանը՝ ՊՊԾ գնդի դեպքերի մասին (Տեսանյութ)

Հուլիս 17,2017 20:47

Այսօր Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում հուշաքար-հուշարձան է բացվել՝ 1 տարի առաջ ՊՊԾ-ում «Սասնա ծռերի» գործողությունների հետեւանքով զոհված 3 ոստիկանների՝ գնդապետ Արթուր Վանոյանի, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի եւ ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի հիշատակին:

Միջոցառումը փակ էր լրագրողների համար: Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը (լուսանկարում) լրագրողների հետ զրույցում «Սասնա ծռերի» գործի հետ կապված որեւէ հարցի չպատասխանեց՝ ասելով, որ նախաքննություն է ընթանում. «Սպասենք նախաքննության ավարտին»:

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը օրերս հայտարարել էր, որ հոգսաշատ ժողովուրդը վաղ թե ուշ դիմում է ակտիվ գործողությունների: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ նկատի ուներ ոստիկանապետը: Աշոտ Ահարոնյանը պատասխանեց. «Ոստիկանապետը հստակ ասել է, չեմ կարծում, որ այսօր այդ օրն է՝ պատասխանելու այդ հարցին: Տեսագրությունում ամեն ինչ ոստիկանության պետն ասել է»:

Թե ի՞նչ դասեր քաղեցինք ՊՊԾ գնդի դեպքերից մեկ տարի անց՝ Աշոտ Ահարոնյանը պատասխանեց, որ քննություն է ընթանում եւ ոստիկանությունը ավելի ուշ այդ մասին կարծիք ու գնահատական կհրապարակի. «Ձեռնպահ եմ մնում դատաքննության փուլում որեւէ կարծիք հայտնել»:

Aravot.am-ը պարոն Ահարոնյանին հարցրեց՝ Մարդու իրավունքների պաշտպանը ՊՊԾ գնդի դեպքերի մասին իր հատուկ զեկույցում բավականին կոշտ քննադատել էր ոստիկանության գործողությունները, հատկապես՝ բերման ենթարկելու հետ կապված, արդյոք հետեւություններ արե՞լ են եւ սրանից հետո վարվելակերպը փոխելու են: Պարոն Ահարոնյանը պատասխանեց. «Զեկույցը այլ է, կարծիքը այլ է, կոնկրետ հարուցված քրեական գործով նախաքննություն այլ է, ավարտվե՞լ է նախաքննությունը, չի ավարտվել»:

Հարցին՝ ոստիկանությունը բացառո՞ւմ է «Սասնա ծռերի» գործողությունների կրկնությունը, պարոն Ահարոնյանը պատասխանեց, որ իրենք կանխատեսումներով չեն զբաղվում, կանխարգելում են եւ ամեն ինչ անում են, որ պահպանեն հասարակական կարգը: Թե ինչո՞ւ մեկ տարի առաջ չհաջողվեց կանխարգելել՝ Ահարոնյանը պատասխանեց. «Գիտեք, ամենահարուստ պետությունում, ամենադեմոկրատականից սկսած մինչեւ ամենավերջին՝ հանցագործություններ կատարվում են ավաղ բոլոր երկրներում, ավելի մեծ մասշտաբների էլ են լինում, երեւի միջազգային լրահոսին չեք հետեւում»:

«Ջրառատի» դեպքերի մասին խոսելիս հարց եղավ` դուք դա կապո՞ւմ եք Լեւոն Երանոսյանի հետ, Ահարոնյանը պատասխանեց. «Իհարկե, չեմ կապում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31