Ազատության հրապարակում մեկնարկել է ՊՊԾ գնդի գրավման տարելիցին նվիրված երթը: Այն առանձնապես բազմամարդ չէ, երթի մասնակիցները վանկարկում են «Սասնա ծռեր, հերոսներ»: Ազատության հրապարակում են «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը եւ այլք:
Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Սասնա ծռերին» ահաբեկիչներ չի համարում եւ վկայակոչեց BBC-ի հարցման արդյունքները, որոնք, ըստ նրա, ցույց են տալիս, որ ժողովուրդը կիսում է նրանց տեսակետը:
Ալեք Ենիգոմշյանը ցավ հայտնեց գնդապետ Արթուր Վանոյանի զոհվելու առիթով ու նշեց, որ մյուս ոստիկանների մահվան հետ «Սասնա ծռերը» կապ չունեն, եւ դա դեռ պետք է ապացուցվի: Ալեք Ենիգոմշյանի ձեւակերպմամբ` ՀՀ-ում հնարավոր չէ ընտրությունների միջոցով փոփոխությունների հասնել, եւ դա էլ, ըստ նրա, ստիպեց «Սասնա ծռերին» ապստամբել: Նրա խոսքով` ապրիլի 2-ի ընտրությունները ընտրությունների միջոցով փոփոխություններին հավատացողների հավատի դագաղի վերջին մեխն էին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ