Ոստիկանության ՊՊԾ գնդի մոտ վաղ առավոտից մոմավառություն է: Ոստիկաններն իրենց ընտանիքներով՝ կանանց, երեխաների հետ ծաղիկներ են դնում 1 տարի առաջ ՊՊԾ գնդում զոհված իրենց գործընկերների՝ ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի եւ ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի հուշաքարի մոտ, գլուխ խոնարհում եւ հարգանքի տուրք մատուցում:
Ոստիկանության ՊՊԾ գնդի ներսում հիշատակի միջոցառում անցկացվեց, որին մասնակցում էին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, 20-ից ավելի պատգամավորներ, այդ թվում՝ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, քաղաքական եւ հանրային գործիչներ Դավիթ Շահնազարյանը, Վազգեն Մանուկյանը եւ այլք:
Բարձրաստիճան պաշտոնյաները խուսափում էին որեւէ մեկնաբանություն անել, գնահատական տալ: Լրագրողներից խուսափեց նաեւ այդ օրերին ՊՊԾ գնդում պատանդ պահվող Վալերի Օսիպյանը, նա ասաց, որ լռության օր է, չի ուզում որեւէ հարցի պատասխանել:
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը զոհված ոստիկանների հուշաքարի մոտ երկու կարմիր մեխակ դրեց, խաչակնքվեց, ձեռքը մի քանի անգամ տպտպացրեց կրծքին՝ ի նշան կորստի ցավի եւ հեռացավ:
Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ է Վլադիմիր Գասպարյանը խուսափում լրագրողներից: Նա պատասխանեց. «Ոստիկանապետը երբեք չի խուսափում, այսօր հարգանքի միջոցառում է, եւ ամեն անձ ինքն է որոշում ինչպես անել: Դուք ոստիկանապետին հարցեր տալու հնարավորություններ բազմիցս ունեցել եք, առաջիկայում կունենաք, համբերությամբ զինվեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ