2020 թվականին Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն՝ համախառն ներքին արդյունքը, կհասնի 4700 դոլարի: Այս մասին Հանքավանում լրագրողների համար կազմակերպված դասընթացի ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նրա ներկայացմամբ՝ 2016-ին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 3500 դոլար, իսկ 2020-ին ծրագրվել է ՀՆԱ-ն հասցնել 4700 դոլարի, եթե փոխարժեքի փոփոխություններ չլինեն:
Անդրադառնալով միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսված հատկացումներին` պարոն Արամյանն ասաց, որ պաշտպանության նախարարության այս տարվա ծախսերը՝ ներառյալ կապիտալ ծախսերը՝ 226 միլիարդ դրամ է. «Յուրաքանչյուր տարի մենք նախատեսում ենք պաշտպանությունում գումարներն ավելացնել 26-27 միլիարդ դրամով: Թիրախավորված են պաշտպանության ոլորտին հատկացվող գումարները ՀՆԱ-ի 4% -ի սահմաններում: Սա մոտ 500-600 միլիոն դոլար է մինչեւ 2020 թվականը»:
Պետական պարտքը 2016-ի վերջին, պաշտոնական տվյալներով, կազմել է ՀՆԱ-ի 52,2%-ը, իսկ այս տարվա մայիսի վերջի դրությամբ այն կազմում էր 2 տրիլիոն 935 միլիոն դրամ, կամ 6 միլիարդ 95 միլիոն դոլար: Այս տարվա ապրիլի համեմատ մայիս ամսին պետական պարտքն ավելացել է 56,3 միլիոն դոլարով: Ֆինանսների նախարարը կրկին պնդում է՝ պետական պարտքը վտանգավոր շեմի չէ, այն կառավարելի է, պետական պարտքը խնդիր չէ:
Փորձագետներն ու անկախ տնտեսագետները պետական պարտքի բեռի անընդհատ ավելացման մասին ասում են՝ կառավարությունը պարբերաբար նոր վարկեր է ներգրավում, ավելացնում պետական պարտքի բեռը, սակայն այդ վարկերի ծախսերն անարդյունավետ են: Կառավարության ընդդիմախոսները նշում են՝ կառավարությունը նոր պարտքեր վերցնելով, այդ գումարները չի ներդնում արդյունաբերության կամ ձեռնարկությունների ստեղծմանը, որը հավելյալ արժեք կստեղծի: Aravot.am-ի այս դիտարկմանը ֆինանսների նախարարն իր ընդդիմախոսներին պատասխանեց. «Իմ խորին հարգանքն իմ ընդդիմախոսներին, բայց չեմ կիսում նրանց կարծիքը»: Արամյանն ասաց, որ շուկայական տնտեսությունում աշխատատեղ ստեղծողը տնտեսվարողն է.«Արդյոք կառավարութունն այստեղ գործ ունի՞ անելու: Այո’, ունի: Կառավարությունը պետք է պայմաններ ստեղծի: Ես վարկը վերցնում եմ, ճանապարհ կառուցում, ենթակառուցվածքներ ստեղծում, որպեսզի տնտեսավարողը գնա այնտեղ, ասենք՝ տուրիստական կնետրոնում գնա հյուրանոց կառուցի, մասնավորը ճանապարհ չի կառուցի»:
Մանրամասները՝ տեսանյութում.
Արամյանը նաեւ նշեց, որ ներքին պարտքն ավելի հուսալի է եւ ճգնաժամ չի լինում:
Սակայն, ըստ պաշտոնական տվյալների, ներքին պարտքի կշիռը պետական պարտքի մեջ կազմում է 20%:
Aravot.am-ի այն հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ կառավարությունը ներքին ռեսուրսներ՝ պարտքի տեսքով չի կարողանում ներգրավել, չե՞ն վստահում, եւ արդյոք պարտքի կշռում ներքին պարտքի կշռի 20%-ը քիչ չէ, պարոն Արամյանը պատասխանեց. «Ես` որպես ֆինանսների նախարար, կցանկանայի, որպեսզի իմ պարտքի մեծ մասը լիներ ներքին արժույթով: Բայց ներքին պարտքի 20% շեմն այն թիրախն է, որով կարողանալու ենք մեկ կրակոցով 2 նապաստակ խփել»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ