Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվեց նաեւ Էջմիածնի թիվ 4 դպրոցի տնօրեն Արուսյակ Մուրադյանի հայցադիմումն ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորման»:
Հիշեցնենք, որ տնօրենները հետ են վերցրել իրենց հայցադիմումները: Ավելի վաղ 30 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններ դատի էին տվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությանը եւ վերջինիս համակարգող Դանիել Իոաննիսյանին՝ «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում եւ մանկապարտեզներում» վերտառությամբ աղմկահարույց հրապարակման եւ ձայնագրությունների համար՝ համարելով, որ կազմակերպությունը զրպարտել է իրենց:
Այս դեպքում եւս դատավորը հայտարարեց, որ հայցվորը հետ է վերցրել հայցադիմումը՝ խնդրելով կարճել գործի վարույթը: «Իրազեկ քաղաքացիների միավորման» շահերի ներկայացուցիչ, փաստաբան Դավիթ Ասատրյանն Aravot.am-ի եւ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասաց. «Սա կանխատեսելի էր, քանի որ հայցերի հիմքերը հիմնավոր չէին եւ չէին բխում իրավական նորմերից: Ըստ այդմ, ակնկալում էինք, որ դատական գործով հաղթանակի կհասնեինք»:
Aravot.am-ը զրուցեց նաեւ դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Հարություն Հարությունյանի հետ: Նա տեղեկացրեց, որ 30 հայցվորներն էլ հրաժարվել են հայցադիմումներից: Հետաքրքրվեցինք, թե որն է պատճառը:
«Իր հարցազրույցում թիվ 56 դպրոցի տնօրեն Սուսաննա Գալստյանը գործընկերներին կոչ արեց ներողամիտ գտնվել եւ հրաժարվել հայցերից: Դրանից հետո տնօրեններից պարբերաբար զանգեր ստացանք հայցերից հրաժարվելու մասին»,-մեզ հետ զրույցում ասաց Հարություն Հարությունյանը:
Խնդրեցինք կարծիք հայտնել նաեւ պատասխանող կողմի պնդումների մասին առ այն, որ տնօրենները չէին կարող այս դատական գործը հաղթել: Նա չհամաձայնեց. «Եթե դատական հեռանկար չտեսնեինք, չէինք համաձայնի ներգրավվել որպես իրենց ներկայացուցիչ դատարանում: Հիմա էլ գտնում ենք, որ կա դատական հեռանկար: Բայց մեր վստահորդները գտնում են, որ պետք է ներողամիտ լինել եւ մոռանալ այս ամենը: Դրանով է բացատրվում հայցից հրաժարվելը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ