1982 թվականն էր, մասնակցում էի փիլիսոփայության դասախոսությունների, այդ առարկայից քննութուն-մինիմում հանձնելու համար: Դասախոսը` Սուրեն Ավետիսյանը, փիլիսոփայության դասախոս չէր, այլ փիլիսոփա: Կլանված էինք նրան լսում: Երբեմն խոսում էր այլ, այդ թվում, այն ժամանակ մեզ հուզող ազգային հարցերից: Մի առիթով նա շատ խիստ խոսեց Հայաստանում համատարած ռուսախոսության և ռուսական դպրոցների մասին: Իսկ ի՞նչ կարելի է անել դրա դեմ հարցին տվեց, ավելի ճիշտ պատմեց մի շատ հետաքրքիր պատմություն-լեգենդ.
Մի անգամ ցարը իր մոտ է կանչում Լոռիս-Մելիքովին և հարցնում.
-Ուզում եմ հրամանագրով հայկական դպրոցները փակել: Ի՞նչ կարծիքի եք…
Լոռիս-Մելիքովը հարցին հարցով է պատասխանում.
-Ինձ որպես ու՞մ եք հարցնում` հա՞յ, թե՞ մինիստր…
-Եվ որպես հայ, և որպես մինիստր…
-Որպես հայ կասեմ՝ փակեք, որպես մինիստր՝ ոչ…
Արդյոք եթե Ռուսաստանի Դումայի խոսնակը չառաջարկեր ռուսերենը Հայաստանում պաշտոնական լեզու դարձնելը, իրենց տեսակետից ավելի ճիշտ չէ՞ր լինի: Չէ՞ որ այս 26 տարվա անկախության տարիներին մենք չհասկացանք մեր լեզվի կարևորությունը: Երբ լեզվի մասին օրենքը շրջանցելով , կաշառելով շատերը իրենց երեխաներին խցկում են հիմնականում ռուսական, նաև անգլիական, ֆրանսիական դպրոցներ (խոսքը թեքումով դպրոցների մասին չէ):
Երբ շատ խանութներում, սրճարաններում, անդորրագրերը , պիտակները, ցուցանակները միայն օտար լեզուներով են: Էլ չեմ ասում տաքսի ծառայությունների ֆանտաստիկ անունների և գրերի մասին: Բազմաթիվ բուժհիմնարկներում փաստաթղթերը միայն ռուսերեն են: Երբ հարցնում ես` ինչո՞ւ, պատասխանում են՝ սա ռուսական մասնաճյուղ է, զբոսաշրջիկների համար է, դուք լրագրող ե՞ք, դուք հայրենասե՞ր եք և այլն: Եվ փոխանակ անգործության մատնված լեզվի տեսչությունը աշխատացնեն, կառավարությունը այն փակում է:
Կարծում եմ Վյաչեսլավ Վոլոդինը կամ Պուտինը չէին ասել, որ 2010թ. լեզվի մասին օրենքի փոփոխությամբ ճանապարհ բացվի օտարալեզու կրթության համար, և ավարտական դիպլոմներում ռուսերեն գրվի: Պուտինը չի ասել մեր մուտքի երիտասարդ հայ մայրերին իրենց մանկահասակ երեխաների հետ ռուսերեն խոսել:
Լեզվի նկատմամբ վերաբերմունքը, անկախության, պետականության նկատմամբ վերաբերմունքի թիվ մեկ բացահայտիչն է…
Այսպիսի քաղաքականություն ունենալու դեպքում ոչ մի ռուս պաշտոնյայի մտքով իսկ չէր անցնի Հայաստանի որևէ պաշտոնյայի նման առաջարկ անել; Քանի որ կհարգեին…
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ