Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը հանդիպել է սփյուռքահայ ուսուցիչներին

Հուլիս 17,2017 18:39

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում շարունակվում է Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման մեկամսյա ծրագիրը, որի մասնակիցներին այսօր հանդիպել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին նրանց ստանձնած առաքելության՝ սփյուռքահայ գաղթօջախներում հայապահպանությանը միտված աշխատանքի համար: Ըստ նախարարի՝ այս տարի ուսուցիչների մասնակցության աշխարհագրությունը ընդլայնված է, իսկ որոշ համայնքներից՝ նաև բավականին մեծաքանակ:

Լևոն Մկրտչյանի խոսքով՝ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը շատ հեռանկարային է, հետևաբար կարևոր է ճիշտ բանաձև գտնել՝ հայեցի կրթության հիմնահարցերը փոխանցելու սփյուռքի հայկական դպրոցներին:

«Սփյուռքի տարբեր համայնքներում որակապես տարբեր վիճակներ են. յուրաքանչյուրն ունի իր յուրահատկությունը, հետևաբար չի կարող լինել մեկ ծրագիր՝ բոլորի համար: Մեր ավանդական դպրոցական ծրագրերով այլևս հնարավոր չէ չորրորդ սերնդի հայեցի դաստիարակություն իրականացնել, և հայագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրության պակասը նաև համապատասխան մեթոդոլոգիայի և ծրագրի պակասի հետևանք է»,-նշել է նախարարը՝ անդրադառնալով նաև Հայաստանում բնակվող սիրիահայ երեխաների կրթության խնդրին:

Ըստ Լևոն Մկրտչյանի՝ վերջիններս ունեն ներառման խնդիր ոչ միայն լեզվական, այլ նաև աշխարհընկալման տեսանկյունից: «ՀՀ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում հանձնարարվել է մշակել փորձնական ծրագիր՝ արևմտահայերենի պահպանման և զարգացման ուղղությամբ: Այն ենթադրում է երկու հարթությունում աշխատանք՝ Հայաստանում և Սփյուռքում: Մենք փորձելու ենք մի քանի տարվա ընթացքում հասնել նրան, որ բուհական ընդունելության քննությունների մեր ծրագրերն արևմտահայերենով մատչելի լինեն սփյուռքահայ երեխաներին»,-նշել է նախարարը՝ ուսուցիչներին ներկայացնելով ՀՀ կրթական համակարգում ընթացող բարեփոխումները: Լևոն Մկրտչյանը վստահեցրել է, որ ԿԳ նախարարությունը կփորձի լուծում գտնել սփյուռքահայ ուսուցիչների բարձրացրած բոլոր խնդիրներին, ինչպես նաև կքննարկի վերապատրաստումների ձևաչափի և բովանդակության վերաբերյալ բոլոր առաջարկներն ու կարծիքները:

Հանդիպման ընթացքում սփյուռքահայ ուսուցիչները, իրենց գոհունակությունը արտահայտելով ընթացող վերապատրաստումների վերաբերյալ, մի շարք հարցեր են ուղղել նախարարին: Դրանք մասնավորապես, վերաբերել են սփյուռքահայ ուսուցիչների միասնական առցանց հարթակ ունենալու, արևմտահայերենի պահպանման, հայոց լեզվի անաղարտության և այլ խնդիրների:

 ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31