Լրահոս
Օրվա լրահոսը

Լարսով անցնող բեռնափոխադրողները չեն տուժի, եթե ռուսական կողմը նորմալ աշխատի

Հուլիս 17,2017 17:59

Aravot.am-ի հարցին, թե Լարսի ավտոճանապարհի փակման հետեւանքով բեռնափոխադրողները կրկի՞ն վնասներ կկրեն, ինչպես եղավ նախորդ ամռանը, Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը պատասխանեց, որ ավտոճանապարհը փակվել է վրացական հատվածում` մեծ փլուզումներից խուսափելու համար:

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը վկայակոչելով Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտին, հայտնել է, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը մի քանի օրով կրկին փակ կլինի` ճանապարհին հարող ժայռոտ լանջերի մաքրման աշխատանքների կատարման հետեւանքով: Ճանապարհը կփակվի առավոտյան 7-ից երեկոյան 18-ն ընկած ժամանակահատվածում, երկու ժամով:

Պարոն Համբարձումյանը, որն ուղիղ կապի մեջ է վրացական կողմի հետ ասաց, որ այդքան ժամանակով փակելը էական խնդիրներ չի առաջացնի եւ վնասներ չի պատճառի մեր բեռնափոխադրողներին. «Վրացական կողմում կուտակումներ հնարավոր են, բայց, եթե ռուսական կողմը նորմալ աշխատի` կուտակումներ չեն լինի: Ամեն դեպքում մրգի սեզոնով պայմանավորված այնտեղ որոշ կուտակումներ լինում են, բայց լուրջ խնդիրներ չեն լինի»:

Մեր այն հարցին, թե վերջին մի քանի օրերին կրկին ակտիվացել են Լարսին այլընտրանք ճանապարհի խոսակցությունները` այս անգամ Աբխազիայով անցնող ճանապարհի տարբերակով, արդեն կա՞ որոշակիություն այս հարցում, Հերբերտ Համբարձումյանը պատասխանեց, որ իր համոզմամբ՝
«Ռուսաստանին` Երեւանից Մոսկվային կապող ամենակարճ ճանապարհը Լարսն է: Ամենակարճ ամենաարագ, ամենաձեռնտու ճանապարհը հենց Լարսի ճանապարհն է եւ դրան այլընտրանքներ պետք է միայն այն ժամանակ, երբ Լարսի ավտոճանապարհին ֆորս մաժոր է»:
Ըստ պարոն Համբարձումյանի Աբխազիայով ճանապարհն էլ ռեալ չէ. «Ո՞վ կթողնի Սոչիի կողքով այդ ծանրաքարշ մեքենաներն անցնեն: Սոչիի հանգստավայրի կողքով այդ ծանր ֆուռերն անցնեն, Ռուսաստանը կթողնի՞, սխալ է ենթադրել, որ կարող է դա լինի, դա չաշխատող մեխանիզմ է»:

Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահի կարծիքով, ամենաճիշտ այլընտրանքը Հարավային Օսիայով ճանապարհն է.
«Այդ ճանապարհը Լարսը շրջանցում է, եթե Լարսով կա ֆորս մաժորային իրավիճակ, Հարավային Օսիայով ճանապարհը այլընտրանք է, ճիշտ է 80 կիլոմետր երկարում է, բայց կարող ենք ուղեկցումով, վճարումով անցնենք այդտեղով, եթե բանակցություններով սա ստացվեր, լավ կլիներ: Բեռնափոխադրողների ցանկությունն է, բայց դա խիստ քաղաքական խնդիր է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31