Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծռության» ֆորմուլան ու հետևանքները

Հուլիս 17,2017 17:24

Անցած տարի այս օրը երկրում «ծռության» մթնոլորտ էր տիրում: Մի խումբ անձինք, որոնց մեջ անշուշտ կային հանրությանը հայտնի դեմքեր, զենքով ու բռնությամբ գրավել էին ՊՊԾ գունդը, այդ պահին սպանել գնդում հերթապահող հրամանատարի տեղակալին ու վիրավորել ոստիկանության զորքերի մեկ այլ ծառայողի, ով ստացած վնասվածքներից հետագայում ևս մահացավ:

Այդ պահին գունդը գրավողները, որ հայտնել էին իրենց՝ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ լինելու մասին, հայտարարել էին, որ համաժողովրդական ապստամբություն են իրականացնում: Պետական մարմինները տեղի ունեցածին արձագանքում էին կոշտ բառապաշարով՝ ակնարկելով, որ գործ ունենք ահաբեկչության հետ: Հասարակությունը մեծ հաշվով շոկի մեջ էր. մի զգալի մասը, չկորցնելով ողջամտությունը, համարում էր, որ տեղի ունեցածը մեղմ ասած՝ օրինական ու ընդունելի չէ, մի փոքր հատվածն էլ, որ ի տարբերություն առաջինի, չէր վախենում բարձրաձայն արտահայտել իր համակրանքը տեղի ունեցածին: Այս վերջինների հրապարակային ակտիվությունն էլ, մեծ հաշվով, հանգեցրեց, որպեսզի հանրային դաշտում՝ հատկապես վիրտուալ տարածքում տիրի «ծռության» մթնոլորտ, և բոլոր նրանք, ովքեր համարձակվում էին խոսել, ոչ այնքան պետությանը սատար կանգնելու, որքան ողջամտության կոչ անելու նպատակով, միանգամից խեղդվում էին, հայտնվում էին «ծռական» մեղադրանքների թիրախում ու լռում:

Այսպիսին էր վիճակը մեկ տարի առաջ:

Զավեշտ է, բայց այսօր պատկերը շատ չի փոխվել: Եթե անկեղծ, ապա «ծռությունը» մեր մեջ շատ խորն է արմատավորված: Այլընտրանքն օրենք ու պետությունն են, իսկ մենք հարյուրամյակներ շարունակ նման բան չենք ունեցել: Ավելին՝ միշտ եղել ենք ուրիշի լծի տակ, այդ լուծը համարել ենք օտար մի բան, ու պայքարել դրա դեմ: Մի խոսքով՝ դարեր շարունակ «ծռություն» ենք արել՝ չգրանցելով ոչ մի լուրջ արդյունք (առաջին հերթին՝ պետականության վերականգնում): Ու թեև արդեն 25 տարի ունենք մեր սեփական պետությունը ու մեր սեփական օրենքները, միևնույն է, «ծռություն» ենք անում: Բողոքում ենք արագաչափերի առատությունից ու տուգանքներից, բայց մոռանում ենք, որ կարելի է ընդամենը արագ չվարել: Բողոքում ենք կոռուպցիայից ու կաշառակերությունից, բայց հենց հերթը մեզ է հասնում, փորձում ենք խնդիրները զարտուղի՝ հեշտ ճանապարհներով լուծել: Պատիվ ու արժանապատվություն պահանջում ենք ոչ թե դատարաններում, այլ հենց փողոցում, երբեմն էլ՝ սառը զենքը ձեռքներիս: Դե իսկ պետության հետ հարցերն էլ ցասման պահերին փորձում ենք լուծել բռնությամբ՝ ու արդյունքում՝ 25 տարում հասցրել ենք այնքան փորձ կուտակել, որ հարյուրամյա պատմություն ունեցող երկրները չունեն:

«Ծռությունն» իռացիոնալ վարքագիծ է: Այն գուցեև արդարացված էր, երբ չունեինք սեփական պետություն: Բայց այսօր միանշանակ չունի ոչ մի արդարացում: Այն չի կարող օգնել մեր խնդիրների լուծմանը: Ավելին՝ միայն խորացնելու է դրանք: Ցանկանում են կանխել արտագաղթը, բայց հարյուրավոր մորթապաշտների հնարավորություն են տալիս «ծուռ» լինելու քողի տակ փախչել եվրոպաներ: Աշխատում են հանուն բարեկեցության, բայց հերթական անգամ «ծռությամբ» վնասում են երկրի իմիջին: Մեծարում են ազատամարտիկներին, բայց մայրաքաղաքի կենտրոնում ազատամարտի վետերան Վանոյանին գնդակահարում են ու անունը դնում «դժբախտ պատահար»: Պայքարում են իշխանության դեմ, բայց սեփական գործողություններով ապացուցում են, գոնե այլոց աչքերում, որ միակ ողջամիտ սուբյեկտը գործող իշխանությունն է, ու հավերժացնում են այդ իշխանությունը:

Հասարակության ճնշող մեծամասնությունն անկասկած հասկանում է, որ մի բան այն չէ: Ավելին՝ մասնավոր զրույցներում դատապարտում են «ծռության» դրսևորումները: Բայց հանրային կյանքում նրանք զուսպ են: Մեզանում «ծուռ» չլինելն անվտանգ չէ: Պետության ու իշխանության ցածր հեղինակության ֆոնին «ծուռ» չլինելն անհնար է, միանգամից կստանաս դավաճանի, լավագույն դեպքում՝ սպասարկուի պիտակ:

Մարդկանց կարելի է հասկանալ. ոչ ոք չի ցանկանում «վտանգել» իր բարի համբավը: Բայց մի բան մոռանում ենք. որքան էլ պետությունն անարդյունավետ լինի ու դժգոհենք, պետության բացակայությունը շատ ավելի սարսափելի է: Պետք չէ պետության դեմ ոտնձգություններ անել: Քանզի բռնության լեգիտիմացման դեպքում հայտնվելու ենք փակ ցիկլում. Սասունցիներից հետո կգան ապարանցիները, ծովագյուղցիները, նորատուսցիները ու հարյուրավոր այդպիսի «հերոս» տղերքի խմբավորումներ, ովքեր կփորձեն աշխարհը հարմարեցնել իրենց ու իրենց պատկերացումներին: Հեռու գնալ պետք չէ. Աֆղանստանն ու Սոմալին վաղուց այդպիսին են, իսկ տասնյակ երկրներ այսօր հաջողությամբ ընթանում են այդ ուղիով՝ Սիրիայից սկսած մինչև Բուրկինա Ֆասո:

Եվ ուրեմն՝ պետք է եղելությանը ճիշտ անվանում տանք: Ուղիղ մեկ տարի առաջ ինքն իրեն «Սասնա ծռեր» անվանած զինյալների խմբավորումը դիմել է գործողությունների, որոնց զգալի մասի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը նախատեսում է քրեական պատիժ: Հետևաբար՝ քրեական արարքների հեղինակները պետք է պատժվեն: Ըստ որում՝ յուրաքանչյուրն իր կատարածի համար: Օրենքով. Ոչ ավել, բայց ոչ էլ՝ պակաս: Հակառակ դեպքում մենք շատ արագ կդառնանք Սոմալի:

Ա. ՄԱՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vartan says:

    ճիշտ մոտեցում է.

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31