Լրահոս
Օրվա լրահոսը

«Որևէ հստակ որոշում չկա, դեռ քննարկում ենք». Շիրակի մարզպետը՝ Գյումրու ծննդատունն օպտիմալացնելու մասին

Հուլիս 17,2017 17:16

Տեղեկացրել ենք, Գյումրու ծննդատան աշխատակիցները դիմել էին Aravot.am-ին՝ բողոքելով, որ 80 տարվա կայացած կառույցն ուզում են միավորել «Գյումրու մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի» 5 տարի առաջ բացված մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի հետ, որի տարածքային պայմանները խիստ անբավարար կլինեն ծննդօգնության հետագա զարգացումն ապահովելու համար։

Բողոքավորները պնդում են, որ այս հարցում շահագրգիռ է ՀՀ առողջապահության առաջին փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը։ Նշենք, որ այս պաշտոնյան ժամանակին զբաղեցրել է առողջապահության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավարի պաշտոնը, նա է հետազոտել ու համաշխարհային բանկին առաջարկություն արել, որ «Գյումրու մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցում» Ավստրիայի կառավարության միջոցով մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք ստեղծվի, որին, սակայն, ժամանակին դեմ էին արտահայտվում մասնագետները։ Ծննդատան աշխատակիցների ասելով, այդ «նեղլիկ» բաժանմունքը ստեղծելու վրա «աստղաբաշխական» գումարներ են ծախսվել։

Գյումրու ծննդատան աշխատակիցների պնդմամբ, ծննդատան 100 աշխատակիցներից շատերը կհամալրեն գործազուրկների շարքը, քանի որ առողջապահության նախարարությունն առաջարկում է «Գյումրու մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց» տեղափոխել աշխատակիցների ոչ ավել, քան 20 տոկոսին։

Առողջապահության նախարարությունից Սերգեյ Խաչատրյանին հասցեագրված քննադատությանը չեն համաձայնում՝ նշելով, որ դա պետական ծրագիր է՝ երկար ժամանակ տարբեր ատյաններում քննարկված։ Միաժամանակ նաև պարզաբանում են, որ Գյումրու ծննդատան բոլոր աշխատակիցներին աշխատանք կառաջարկվի, եթե անգամ անհրաժեշտություն լինի վերապատրաստումներ անցնելու, նախարարությունը կկազմակերպի նրանց վերապատրաստումը և այլ աշխատանքի կտեղավորի։

Ինչևէ, այս թեմայի շուրջ Aravot.am-ը լսեց նաև Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանին։ «Ամբողջ հանրապետության տարածքում ընթանում է առողջապահական համակարգի օպտիմալացման գործընթացը, որոշակի քննարկումներ կան նաև Շիրակի մարզում ծննդաբերական ծառայություններ մատուցող հերթական հաստատությունների օպտիմալացման վերաբերյալ։ Այս պահի դրությամբ տեղի են ունեցել քննարկումներ, ես ինքս անձամբ ընդունել եմ նաև Գյումրու ծննդատան ներկայացուցիչներին, իրենց խնդրանքով հրավիրել եմ նաև ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչներին։ Հինգշաբթի իրենք եկել էին մեզ մոտ, հանդիպում եղավ Գյումրու ծննդատան, Մարալիկի ծննդատան աշխատակիցների, ներկայացուցիչների հետ, նախարարությունն իր կարծիքն է ներկայացրել, այս պահի դրությամբ դեռևս որևէ հստակ որոշում չկա։ Տարբերակներ քննարկվում են, բայց հստակ որոշում չունենք։ Օգտագործելով ղարաբաղյան բանակցությունների տերմինոլոգիան՝ ասեմ՝ որևէ բան որոշված չէ, եթե ամեն ինչ որոշված չէ։ Այսինքն` ունենք բազմաթիվ խնդիրներ, քննարկումներ տեղի են ունեցել, բայց որևէ որոշում չունենք, որևէ հստակեցում չունենք», ասաց մարզպետը։

Ծննդատան անձնակազմը գրություն էր ուղարկել Շիրակի մարզպետին՝ նրան հրավիրելով իրենց մոտ, որպեսզի անձամբ ծանոթանա պայմաններին։ Արթուր Խաչատրյանն ասաց, որ դեռ իր փոստում չի տեսել այդ գրությունը, բայց բանավոր հրավեր եղել է։ «Չլինելով այդ գործի մասնագետ, ես չգիտեմ որքանով արդյունավետ կլինի իմ այցելությունը, բայց, իհարկե, առիթից կօգտվեմ թե՛ Մարալիկի ծննդատուն, թե՛ Գյումրու ծննդատուն, թե ավստրիական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունք կայցելեմ»,- ասաց մարզպետը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31