Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով վկան հիշողության կորուստ ուներ (Տեսանյութ)

Հուլիս 17,2017 15:52

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 2015 թվականի հունվարի 28-ի գիշերը սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով դատական նիստն այսօր սկսեց մոտ մեկ ժամ ուշացումով: Նախ վկաները ուշացան, ապա նաեւ տեխնիկական խնդիր կար` նիստի արձանագրման հետ կապված:

Ի դեպ, ամբաստանյալների պաշտպաններից Արմեն Նադիրյանը լրագրողների հետ զրույցում դժգոհեց, որ այս դատավարության ընթացքում երբեք պարզ չի լինում, թե որ վկայի ցուցմունքն է լսվելու: «Վերջին պահին է հայտնի դառնում, թե ո՞ւմ են բերել. ում բերում են, նրան էլ լսում եւ հարցաքննում ենք»,- ասաց նա` հավելելով, որ դա նորմալ չէ, քանի որ ստիպված ես լինում զուգահեռ տեղեկություններ պրպտել, մարտավարություն մշակել`նախօրոք պատրաստվելու փոխարեն:

Նախորդ դատական նիստը տեխնիկական խափանման պատճառով նույնպես չէր ձայնագրվել: Սղագրվել էր: Սղագրությունը ձայնագրության փոխարեն իբրեւ արձանագրություն հրաժարվեց ընդունել Վարազդատ Սաֆարյանի պաշտպան Ազատ Շահբազյանը:

Տեղեկացնենք նաեւ, որ Վարազդատ Սաֆարյանը հրաժարվել էր իր պաշտպանից Ինգա Ավագյանից: Նրա շահերը կշարունակեն ներկայացնել Հովհաննես Սարգսյանը եւ Ազատ Շահբազյանը:

Ի վերջո, դատարանը լսեց վկա, նույն ինստիտուտի կուրսանտ Գարիկ Հարությունյանին: Նա ասաց, որ ամբաստանյալների հետ էլ, Հայկազ Բարսեղյանի հետ էլ նորմալ հարաբերությունների մեջ է եղել: Դեպքի վաղեմությունից ելնելով, ասաց` ոչինչ չի հիշում, չի ցանկանում ցուցմունք տալ: Դատավորն առարկեց:

Վկան կարճ խոսեց. «Առավոտյան արթնացել ենք, ասացին, որ Հայկազ Բարսեղյանը չկա, հետո գտել են նրան, մեզ ասացին գնանք հավաքվենք մի տեղ ու ոչինչ չանենք: Մնացած մանրամասները չեմ հիշում»:

Հարցաքննության ժամանակ նրա հիշողությունը սկսեց վերականգնվել: Հիշեց, որ Գնել Թեւոսյանին տեսել է այն ժամանակ, երբ Հայկազ Բարսեղյանի դին հայտնաբերել են, նա հեռախոսով էր խոսում, ասում էր`«պապաս որտեղի՞ց գիտի, որ ստեղ դեպք ա եղել»:

Վկան հայտարարեց, որ խոսակցություն է լսել, որ Հայկազ Բարսեղյանն ինքնասպան ա եղել, բայց ո՞վ, ի՞ նչ հանգամանքներում`չկարողացավ ասել: Հիշեց նաեւ, որ Գնել Թեւոսյանն իրեն ասել է` սպայական սենյակում մի հատ դանակ կա բեր: «Բացովի դանակ էր, կոնկրետ չեմ կարա նկարագրեմ, մտել եմ ննջարան, իրա պայուսակից էլ սեւ գույնի վերնաշապիկն եմ վերցրել, փաթեթավորել սպիտակ տոպրակի մեջ: Ուշադիր չեմ նայել, բայց վերցնելու ընթացքում արյան հետքեր չկար: Փոխանցել եմ Գնելին, այդ ժամանակ հետը մարդ չկար»,- ասաց նա: Ինքը չի հետաքրքրվել`ի՞նչ դանակ էր, ի՞նչ վերնաշապիկ, ինչո՞ւ էր ինքը դրանք բերում Գնելին: Մտածել է, որ դանակը սպաներից մեկի ձեռքից վերցված դանակ է: Չի մտածել այն մասին, թե ի՞նչ գործ ուներ Գնելը սպայական սենյակում: Բայց Գնելի պահվածքը, ասում է, նորմալ էր, արտասովոր բան չի նկատել:

Մանրամասները`տեսանյութում

Ամբաստանյալների պաշտպանների հարցերին ի պատասխան, ասաց, որ կոնկրետ տեղեկություններ չի լսել, թե դեպքի օրը ի՞նչ է եղել, ընդհանուր խոսակցություններ է լսել:

Հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքից հատված, ըստ մեղադրողի, էական հակասություններ կան նախնական եւ դատարանում տրված ցուցմունքների միջեւ: Փետրվարի 2-ի ցուցմունքում, այսինքն, դեպքից մի քանի օր հետո, վկան ասել է, որ տարածված խոսակցություններից լսել է, որ Հայկազին սպանել են Գնելը, Վաչեն, Նորիկը, Մովսեսը, հետո տարել կախել են: Հիմա, ասում էր, որ լսել է, թե Հայկազն ինքնասպան է եղել:

 Մանրամասները` տեսանյութում

Նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո, էլ վկան պնդեց, որ կոնկրետ նման բան չի ասվել, խոսակցությունները ընդհանուր բնույթի էին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31