Լրահոս
Օրվա լրահոսը

«1-2 հոգու կապրիզի պատճառով 80 տարվա ծննդատո՞ւնն եք փակում». Գյումրու ծննդատանը բողոքի ակցիա է հասունանում (Տեսանյութ)

Հուլիս 17,2017 15:41

Aravot.am-ին բողոք էին ներկայացել Գյումրու ծննդատան աշխատակիցները՝ նեղվելով, որ 80 տարվա ավանդույթ ունեցող, կայացած, քարաշեն կառույցում գտնվող ծննդատունը ուզում են օպտիմալացնել՝ միավորելով տնակային պայմաններում գործող «Գյումրու մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի» ընդամենը 5 տարի առաջ բացված մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի հետ։

Այս թեմայով բուռն քննարկումներ են ընթացել Շիրակի մարզպետարանում առողջապահության առաջին փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ։ Գյումրու ծննդատան աշխատակիցները պնդում են, որ օպտիմալացումը օբյեկտիվ չի կատարվում, կան անձնական շահագրգռվածություն ունեցող պաշտոնյաներ ու որպես այդպիսին՝ մատնանշում են հենց վերոհիշյալ փոխնախարարին։

Ի դեպ, նրանք այս մասին բարձրաձայնում են ոչ միայն մեզ տված հարցազրույցներում, այլ պաշտոնական գրություններում։ Օրինակ՝ Գյումրու «Ծննդատուն» ՓԲԸ հանրույթի կողմից Շիրակի նորանշանակ մարզպետ Արթուր Խաչատրյանին հղված բողոք-նամակներից մեկում ընթերցում ենք․ «Հարգարժան մարզպետ, տարիներ առաջ, երբ չգիտես ինչ մղումներով, որոշվեց Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցում հիմնել մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք 30 մահճակալով, գործին ծանոթ բոլոր մասնագետները զարմացան, թե արդյոք ո՞րն է այդ անհասկանալի որոշման նպատակը։ Նպատակը գուցե և այն է, որ այդ բաժանմունքը հիմնելու համար ծախսվեց աստղաբաշխական ֆինանսական միջոցներ․․․ Բաժանմունքի բացման կապակցությամբ կիսով չափ կրճատվեց Գյումրու ծննդատան ֆինանսավորումը։ Անցած տարիների ընթացքում ծնունդների թվի շարունակվող նվազման հետ կապված այս երկու հիմնարկները սկսեցին աշխատել խիստ թերի ծննդաբեռնվածությամբ՝ բնականաբար կուտակելով ֆինանսական պարտքեր։ Կառավարության վերջին որոշումները թերծանրաբեռնված հիմնարկների օպտիմալացման կապակցությամբ իրոք խիստ ժամանակին են և անհրաժեշտ։ Սակայն, չգիտես ինչու, Գյումրի քաղաքում առողջապահության նախարարությունը ուզում է լուծել ի վնաս այդ ծառայությանը՝ փորձելով լուծարել ծննդատունը՝ 80-ամյա ավանդույթներով, հանրապետությունում բարձր համարում, մասնագիտական 2 մակարդակ ունեցող այդ ծննդօգնության հիմնարկը միավորելով շատ սուղ տարածքային պայմաններում գործող նորաթուխ բաժանմունքին, որտեղ պրակտիկ հնարավոր չէ ավելացնել մահճակալների որոշակի թիվ և պահանջվող ծնարաններ, փոխանակ կատարել տարիներ առաջ կատարված սխալ որոշման ուղղում և ծննդատանը տալ հնարավորություն նախկինի նման գործելու։ Կշռադատելով կողմ և թերի հատկանիշները՝ մեր մարզի նախկին ղեկավարները միանգամայն դեմ են եղել ծննդատան լուծարմանը»։

Շիրակի մարզի գլխավոր մանկաբարձ գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանն էլ մի գրություն է հղել առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին՝ նշելով, որ թեև օպտիմալացումը անհրաժեշտ որոշում է, սակայն խիստ հարցական է այդ որոշման իրագործման տրամաբանությունը։ «80-ամյա պատմություն, փորձառություն, ավանդույթներ, հանրապետությունում բավականին բարձր վարկանիշ ունեցող, ծառայության երկրորդ մակարդակ ունեցող ծննդատունը ուզում եք միացնել Ավստրիական մանկական հիվանդանոցում գտնվող հազիվ թե իր 30 մահճակալը տեղավորած նեղլիկ տարածքով նորաթուխ բաժանմունքին, փոխանակ կատարեք հակառակը», -գրված է գրության մեջ։

Նախարարին հիշեցնելով, որ Գյումրու ծննդատունը ժամանակին տարեկան ավելի քան 4500 ծնունդ է ընդունել ու այդ ծննդատան պատերից են դուրս եկել ծննդատների առաջավոր բժիշկ-մասնագետները, Ֆելիքս Գրիգորյանը գրում է․ «Այստեղ վերապատրաստման դասընթացներ են անցնում մարզի մանկաբարձ-գինեկոլոգները, բուժքույր- մանկաբարձուհիները, ինչպես նաև ուսուցանվում են կլինիկական օրդինատորներ։ Այսօր իր բոլոր ցուցանիշներով, ծննդատունն անհամեմատելի է այդ բաժանմունքի հետ, թե ծնունդների թվով, թե կադրային հագեցվածությամբ, թե տարածքային հնարավորություններով։ Ծննդատան ուսումնական մասնաբաժնում օրական իրենց պրակտիկ ուսուցումն են անցնում մարզի բժշկական քոլեջների առնվազն 15-20 սան, որոնք Ավստրիական մանկական հիվանդանոցի բաժանմունքում նույնիսկ կանգնելու տեղ չեն ունենա։ Ծննդատան ընդարձակ բակը ոչ մի խոչընդոտ չի կարող հարուցել այցելող տրանսպորտին, մինչդեռ դա մեծ պրոբլեմ է «Ավստրիական» հիվանդանոցի համար։ Այդ բաժանմունքի միակ առավելությունը, գուցեև դեռևս թարմությունը չկորցրած պատերի ներկն է կամ Ավստրիայից բերված իրենց հիվանդանոցներից դուրս գրված բժշկական մի քանի սարքերը, որոնց առավելությունը ծննդատան սարքավորումների համեմատությամբ խիստ կասկածելի են»։

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանին ուղղված մեկ այլ նամակում էլ մարզպետին հրավիրելով ծննդատուն՝ անձամբ պայմաններին ծանոթանալու նպատակով, ծննդատան ղեկավարությունը խնդրում է հարցը հետագայում քննարկել առանց առողջապահության առաջին փոխնախարարի, քանի որ վերջինս չի կարող լինել անաչառ, հենց նա է եղել Ավստրիական հիվանդանոցում մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի բացման ջատագովներից մեկը։

Ֆելիքս Գրիգորյան

Aravot.am-ի հետ զրույցում Շիրակի մարզի գլխավոր մանկաբարձ գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանը հիշեցրեց, թե ինչպես էր մամուլում դեռևս հինգ տարի առաջ բարձրաձայնում, որ չկա անհրաժեշտություն 500 մետր հեռավորության վրա գտնվող «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցում մանկաբարձրագինեկոլոգիական բաժանմունք բացելու, այն կվնասի ծննդօգնության աշխատանքները։ «Ասողին լսող չեղավ, որ պետք չէ այդ նոր ծննդօգնության հիմնարկը, և քանի որ այն ժամանակվա կանխատեսումները բոլոր մասնագետների կողմից էին, մասնագետների, ոչ թե չինովնիկների, 5-րդ տարում արդեն պարզվեց, որ ոչ միայն ավելորդ է երկրորդ ծննդօգնության հիմնարկը, այլ խանգարում է մեկը մյուսին։ Այն ժամանակ հորջորջվում էր առողջ մրցակցություն տերմինը, պարզվեց, որ այստեղ մրցակցության ոչ մի հարց չկա, այսօր երկու հիմնարկն էլ գտնվում են ֆինանսական դժվարությունների մեջ»։

Ֆելիքս Գրիգորյանը գտնում է, որ օպտիմալացումն անհրաժեշտ է, բայց սխալ ձևով է կատարվում, բարձր համբավ ունեցող ծննդատունն այսօր փակում են, աշխատակիցների մի մասին տեղափոխում են «Մոր ու մանկան ավստրիական մանկական հիվանդանոցում» բացված բաժանմունք, որի տարածքային պայմանները խիստ անբավարար կլինեն ծննդօգնության հետագա զարգացումն ապահովելու համար։

Ֆելիքս Գրիգորյանը նեղվում է, որ խորհրդակցությունների ժամանակ իրենց՝ մասնագետների հիմնավորումները բացարձակ հաշվի առնող չկա։ Ֆելիքս Գրիգորյանը գտնում է, որ սա օպտիմալացում չէ, այլ գլխատում է, սրանից ոչ միայն ծննդօգնության որակը կընկնի, այլ առնվազն 70-80 աշխատակիցներ կլրացնեն գործազուրկների շարքերը։ Ըստ նրա, նախարարությունն առաջարկում է «Գյումրու մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց» տեղափոխել աշխատակիցների ոչ ավել, քան 20 տոկոսին։

Մեր հարցին, թե ո՞րն է փոխնախարարի շահագրգռվածությունը, Ֆելիքս Գրիգորյանն ասում է, որ ժամանակին «Մոր ու մանկական ավստրիական հիվանդանոցում» մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք բացվել է հենց Սերգեյ Խաչատրյանի մսսնակցությամբ, հիմա էլ վերջինս չի ուզում հաշտվել այն պարտության հետ, որ ժամանակին չլսելով մասնագետներին՝ սխալ թույլ տվեց։ «Հիմա ուզում են ասել՝ չենք ուզում մեզ համարել սխալված և առաջ ենք տանում մեր գիծը», ասում է Ֆելիքս Գրիգորյանը։

Ծննդօգնության ղեկավար Լիլիկ Պողոսյանն էլ զայրացած նշում է, որ օպտիմալացումը օբյեկտիվ չէ։ «Եթե օպտիմալացումը օբյեկտիվ է, ինչո՞ւ է լիքը կճուճը գնում, խառնում են դատարկի հետ։ Հանուն ինչի՞․ հանուն մի երկու հոգու կապրիզի՞, հենց ինձ թույլ եմ տալու ասեմ կապրիզի՝ նրանց որոշ սխալներ կոծկելու համար։ Աչքս չի տեսել, որ բացարձակ հայտարարեմ, բայց ես այդ եզրակացության եմ գալիս։ Եթե նրանք շահագրգռված չեն, ինչո՞ւ են ծննդատան տակը փոս փորում, ի՞նչն է պատճառը, ի՞նչ է մենք ազգի, երկրի թշնամի՞ն ենք։ Եվ եթե նրանք այդ օպտիմալացումը օբյեկտիվ չեն կատարում, նրանք խփում են ծնելիության վրա, մեր պետության ռազմավարության վրա են խփում, մենք բանակ ենք ապահովում, մենք ազգ ենք ապահովում, ինչպե՞ս կարելի է։ Եվ հետո միայն ծնունդ ընդունելով չէ, ծնունդ տունն էլ կարող են ընդունել, ո՞նց կարող է հինգ տարվա կիսատ-պռատ գործունեություն ունեցող բաժանմունքը մրցել մեզ հետ», -զայրանում է Լիլիկ Պողոսյանը։

Լիլիկ Պողոսյան

Ըստ նրա, օպտիմալացումը կատարվում է առանց պատճառաբանության, նրանք չունեն պատճառաբանություն ներկայացնելու, քայքայում են բժիշկների նյարդերը, իսկ նման հոգեվիճակում շատ դժվար է աշխատել։ Ըստ Լիլիկ Պողոսյանի՝ ո՞վ կարող է տալ երաշխիք, որ հենց այսօր մի ծանր դեպք չի գրանցվի, իսկ ով պիտի փրկի, եթե ոչ Գյումրու ծննդատան անձնակազմը, որը օգնություն ցույց տվողների բանակ ունի։

Նա մեջբերելով ավստրիական հիվանդանոցում երիտասարդ մի կնոջ ներհիվանդանոցային ինֆեկցիայից մատներն անդամահատելու դեպքը՝ մեկ անգամ ևս նախազգուշացրեց․ «Այդ ինֆեկցիան խոսում է այն մասին, որ հնարավոր է և լինի թե՛ վիրաբուժականից անցած, և հազար ու մի բաժանմունք ունեն այնտեղ, ինչո՞ւ պիտի երիտասարդ կնոջ մատը կտրվեր»։

Մեր զրուցակիցները թվարկում են, որ ունեն 5 բաժանմունք՝ կոնսուլտացիոն, ծննդաբերական, գինեկոլոգիական, հետծննդյան, մանկական։ Նրանց ասելով, «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցում այս բոլորը տեղավորված են մի միջանցքում։ Ըստ նրանց, ամոթ է անգամ այս երկուսի պայմանները համեմատելը։

Մենք պարզաբանումներ ստացանք նաև առողջապահության նախարարությունից։ Փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի հետ զրուցել չհաջողվեց, նա արձակուրդում էր։ Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը պարոն Խաչատրյանին հասցեագրված մեղադրանքը լսելով, ասաց․«Ես պաշտոնապես հերքում եմ իրենց բողոքի հիմնավորվածությունը, այդպիսի բան լինել չի կարող, դա պետական ծրագիր է, երկար ժամանակ քննարկվող, տարբեր ատյաններում քննարկված, ի վերջո կա աշխատանքային խումբ, որի ղեկավարը պարոն Խաչատրյանը չէ»։

Անահիտ Հայթայանը նաև ասաց, որ Գյումրու ծննդատան բոլոր աշխատակիցներին աշխատանք կառաջարկվի, եթե անգամ անհրաժեշտություն լինի վերապատրաստումներ անցնելու, նախարարությունը կկազմակերպի նրանց վերապատրաստումը և այլ աշխատանքի կտեղավորի։

Ի դեպ, ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ պրոֆեսոր Ռ․Աբրահամյանը առողջապահության փոխնախարար Ս․Խաչատրյանին ներկայացրած մի տեղեկանքում գրում է․ «Գյումրու ծննդատուն ՓԲԸ-ի ներկայիս շենքը կառուցվել է 1991-92 թթ, որը 1800 մ․քառ․ տարածք զբաղեցնող մեկ հարկանի խաչաձև շինություն է, նույնքան տարածք է նաև նկուղային հարկը։ Վերջինս շուրջ 3 մ․ բարձրության, բարվոք վիճակում է, լիարժեք պիտանի է ծառայությունների տեղադրման համար»։ Նա առաջարկում է շենքը վերանորոգել ու ֆունկցիոնալ-կառուցվածքային փոփոխությունների ենթարկել։ Հիշեցնենք, որ Գյումրու ծննդատան շենքը Լեհաստանի կառավարության նվերն է՝ աղետ տեսած Գյումրուն։

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի պարզաբանումն այս թեմայի շուրջ՝ քիչ անց։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Nara says:

    ծննդատունը փակելու փոխարեն պիտի նոր տնօրեն նշանակեն,ով կկարողանա ճիշտ կազմակերպել աշխատանքը,ոչ թե միայն լացի վարպետ կլինի

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2017/07/17/897797/

    © 1998 – 2017 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31