«Իրազեկ քաղաքացիների միավորմանը» դատի տված դպրոցների տնօրենները չեն ցանկանում խոսել այն մասին, թե ինչու են հետ վերցրել հայցադիմումները:
«Զբաղված ենք»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Երևանի 4 դպրոցի տնօրեն Արմենուհի Զուրնաչյանը եւ չցանկացավ հարցերի պատասխանել:
-Ընդամենը կցանկանայի ճշտել՝ դուք հայցադիմումը հե՞տ եք վերցրել:
-Չենք զբաղվել այդ հարցով:
-Բայց վաղը ձեր գործով առաջին նիստն է:
-Դե եթե ներկա գտնվեմ, ուրեմն ներկա կգտնվեմ եւ վերջ…
Երևանի թիվ 10 դպրոցի տնօրեն Գայանե Մարտիրոսյանը եւս ոչինչ չհստակեցրեց.
-Ուզում էի իմանալ՝ հայցադիմումը հե՞տ եք վերցրել:
-Կներեք, չեմ կարող պատասխանել հարցին…(դրեց խոսափողը):
Կապ հաստատեցինք նաեւ Երևանի 71 դպրոցի տնօրեն Գայանե Դեմիրյանի հետ:
-Դուք ե՞ւս հայցադիմումը հետ եք վերցրել:
-Այո:
-Ինչո՞ւ:
-Ի սեր Աստծո, մենք դարձանք անմեղ մեղավոր…
–Կուզենայի ձեր կարծիքն էլ լսել:
-Հայցը հետ ենք վերցրել, դրան այլեւս չեմ ուզում անդրադառնալ,-եզրափակեց տիկին Դեմիրյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ