Հուլիսի 17-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Դիմելով արիտունցիներին՝ նախարարը մասնավորապես նշեց. «Սիրելի՛ արիտունցիներ, այսօր կատարվել է ձեր երազանքը, և դուք եկել եք Հայրենիք, որը պետք է սիրեք, վայելեք, նրանից ուժ առնեք ու վերադառնաք Հայաստան ընդմիշտ մնալու պայմանով: Բարո՛վ եք եկել»:
Նախարարն ընդգծեց, որ «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլն այս տարի ամենամեծն է՝ հյուրընկալելով 190 սփյուռքահայ երիտասարդ աշխարհի 17 երկրներից՝ Արգենտինայից մինչև Քուվեյթ: «Իմ երիտասա՛րդ բարեկամներ, դուք ժամանել եք Հայաստան, որպեսզի վայելեք 14 անմոռաց, հիասքանչ օրեր ձեր Հայրենիքում: Ձեր պայծառ, ուրախ, ժպտուն աչքերը դեռ երկար են հիանալու, զարմանալու, զմայլվելու հայրենի երկրով: Ամեն օր դուք կլսեք հայկական խոսք, բառ ու բան, մոմ կվառեք Էջմիածնում, կխոնարհվեք Ցեղասպանության անմեղ զոհերի հուշահամալիրի անմար կրակի առջև, կլինեք Սևանում, Գառնիում, Նորավանքում, զորամաս կայցելեք: Հայաստանի լավագույն վայրերը կլինեն ձեր առջև: Անմոռանալի օրեր կանցկացնեք «Արի տան» ճամբարում, որտեղ կդառնաք մեկ ընտանիք, միասին կստեղծեք հայկական մի գեղեցիկ ցանց, որը կոչվում է «Արի տուն»»:
Նախարար Հրանուշ Հակոբյանը հորդորեց արիտունցիներին յուրաքանչյուր առավոտը սկսել հայերեն սովորելով, միմյանց հետ խոսել հայերեն: «Ձեր լեզուն հայերենն է: Անգլիացի ամենահանճարեղ գրողներից մեկը՝ Ջորջ Բայրոնն ասում էր՝ Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է: Ուրեմն՝ չմոռանա՛ք հայերենը, խոսե՛ք ոսկեղենիկ մայրենիով»,-ասաց Հրանուշ Հակոբյանը:
Ելույթ ունեցավ նաև Իսպանիայի «Արարատ» միության նախագահ Արարատ Ղուկասյանը: Ողջունելով արիտունցիներին՝ նա նշեց. «Դուք գտնվում եք ձեր տանը: Սա Հայրենիքը բացահայտելու, ճանաչելու հիանալի հնարավորություն է: Դուք այստեղ կծանոթանաք միմյանց հետ, կշփվեք ու կբարեկամանաք: Թող սա լինի ձեր կյանքի ամենաանմոռանալի ամառը»:
Այնուհետև իրենց ողջույնի և շնորհակալական խոսքն ասացին «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլի մասնակիցները: Վրաստանից ժամանած, Թիֆլիսի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի սան Ռուբեն Պետրոսյանը մասնավորապես նշեց. «Մեր Հայրենիքը փոքր է, բայց հզոր: Մենք պետք է հաճախ գանք այստեղ, ճանաչենք ու սիրենք մեր երկիրը: Շնորհակալություն Սփյուռքի նախարարությանը՝ մե՛ր նախարարությանը, մեզ այսքան գրկաբաց ընդունելու համար»:
Ծրագրի 5-րդ փուլին մասնակցում է սփյուռքահայ երիտասարդներ 17 երկրից՝ Ռուսաստան Դաշնությունից, Ուկրաինայից, Բելառուսից, Թուրքմենստանից, Վրաստանից, Թուրքիայից, Լիբանանից, Քուվեյթից, Սիրիայից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Բելգիայից, Իտալիայից, Լեհաստանից և Ավստրիայից:
Միջոցառման ավարտին արիտունցիները ասմունքեցին և հանդես եկան երաժշտական կատարումներով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ