Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) հաղորդմամբ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Դեյվ Թրոթի (հանրապետական, Միչիգան) առաջադրած՝ Թուրքիային առաջարկվող զենքի վաճառքի վերաբերյալ լրացումը, հանդիսանալով Ն.Պ. 2810 բանաձևի՝ 2018թ. ֆինանսական տարվա Ազգային պաշտպանության թույլտվության ակտի մաս, ընդունվել է որպես ընդհանուր օրինագծի մաս: Լրացման մեջ նշվում է. «Կոնգրեսն այն կարծիքին է, որ Թուրքիա արտահանման համար նախատեսված կիսաավտոմատ ատրճանակների վաճառքը շարունակվի մանրակրկիտ ուսումնասիրվել, մինչև բավարար և համապատասխան կարգավորում գտնվի»՝ հաշվի առնելով խաղաղ ցուցարարների դեմ Թուրքիայի անվտանգության պահակախմբի հարձակումն ԱՄՆ մայրաքաղաքում:
«Վերջին մի քանի ամիսների ընթացքում ականատես ենք եղել, թե ինչպես ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներն արտակարգ քայլեր են ձեռնարկում Թուրքիայի դեմ, և ժամանակն է, որ Պետքարտուղարությունը նույն կերպ վարվի: Պետք է արգելենք այս սպառազինությունների վաճառքը և մեկընդմիշտ մատնացույց անենք Էրդողանին և ասել նրան, որ ռազմավարական դիրքը Թուրքիային օրենքից վեր չի դասում», – ասել է Թրոթը: «Ընդամենը երկու ամիս առաջ Էրդողանի հրոսակները դաժան հարձակում սանձազերծեցին խաղաղ ցուցարարների վրա, ովքեր ԱՄՆ Սահմանադրության Առաջին լրացմամբ ամրագրված իրենց իրավունքներն էին իրագործում, իսկ այդ ընթացքում նա [Էրդողանը] մի քանի քայլ հեռու կանգնած հանգիստ հետևում էր: Մարդու հիմնարար իրավունքները և ազատությունները ոտնահարող տխրահռչակ բռնակալ Էրդողանն իր ստոր բարքերը բերեց մեր երկրի մայրաքաղաք: Թեև Էրդողանի հրոսակները կարող են Անկարայում անպատիժ մնալ, սակայն այստեղ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, սա լիովին անընդունելի է», – ավելացրել է նա:
Կոնգրեսական Թրոթի առաջադրած՝ 2810 բանաձևի լրացման մեջ մտավախություն է հայտնվում, որ «այս բռնարարքին մասնակցած անվտանգության ուժերը կարող են առաջարկվող գործարքի շրջանակներում Միացյալ Նահանգներից արտահանվող սպառազինությունը ստանալ»: Լրացումը հիմնվում է անցյալ ամիս միաձայն ընդունված Ներկայացուցիչների պալատի 354 բանաձևի վրա, որով դատապարտվում է մայիսի 16-ին Թուրքիայի դեսպանի կեցավայրի դիմաց տեղի ունեցած բռնությունը և կոչ անում օրինազանցներին պատասխանատվության ենթարկել ԱՄՆ օրենսդրության համաձայն:
Նախորդ շաբաթ Ներկայացուցիչների պալատի Կանոնակարգերի հանձնաժողովին ուղղված նամակում Համագումարը լիակատար աջակցություն էր հայտնել կոնգրեսականի՝ առաջարկած բանաձևի լրացմանը և հորդորել ընդունել այն: Կանոնակարգերի հանձնաժողովի կողմից հաստատումը ուղի հարթեց ամբողջ Ներկայացուցիչների պալատի կողմից վերջինիս ընդունման համար:
§Ամերիկայի հայկական համագումարը խորին երախտագիտություն է հայտնում կոնգրեսական Թրոթին՝ Թուրքիան պատասխանատվության ենթարկելուն ուղղված նրա շարունակական ջանքերի համար», – նշվում է հայտարարության մեջ: Այս լրացման ընդունումը հզոր ուղերձ է առ այն, որ Միացյալ Նահանգները թույլ չի տա իր ժողովրդավարական արժեքները ոտնահարվեն օտարերկրյա կառավարության կողմից¦, – նշել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
Բանաձևի իր առաջադրած լրացումից բացի անցյալ ամիս կոնգրեսական Թրոթը 36 կոնգրեսականների հետ առաջնորդել էր ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին ուղղված երկկուսակցական նամակ, որով դեմ էին արտահայտվում Թուրքիային նախատեսվող զենքի վաճառքին: «Այլևս չենք կարող թույլ տալ, որ Թուրքիան վարկաբեկի մեր ժողովրդավարական արժեքները, և այս առաջարկված զենքի վաճառքը ոչ այլ ինչ է, քան Էրդողանի անվտանգության ուժերի գործողությունների սատարում: Այսպիսով, հաստատակամորեն հորդորում ենք ձեզ դեմ արտահայտվել այս առաջարկված վաճառքին և ցանկացած հնարավոր զենքի փոխանցում նախագահ Էրդողանի անվտանգության ծառայախմբին», – նշված էր նամակում:
Ամերիկայի հայկական համագումար