Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից 2016թ-ի հուլիսից մինչև 2017թ-ի հունիսի 30-ն իրականացված խաղաղ հավաքների դիտորդության զեկույցը
Ամփոփում
Սույն զեկույցն ամփոփում է 2016 թ. հուլիսի 1-ից մինչև 2017 թ. հունիսի 30-ը Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից կատարված խաղաղ հավաքների մշտադիտարկման արդյունքները: Մշտադիտարկումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության երեք քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում և Վանաձորում: Դիտորդություն իրականացնելու նպատակով կազմակերպության աշխատանքային խմբից և Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կամավորներից ներգրավվել են դիտորդներ: Դիտորդները մասնակցել են վերապատրաստման դասընթացի, որի ընթացքում նրանց ներկայացվել են խաղաղ հավաքների վերաբերյալ միջազգային և ներպետական օրենսդրությունը, դիտորդություն իրականացնելու սկզբունքները, դիտորդի վարքագծի կանոնները և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի «Խաղաղ հավաքների ազատություն» ուղեցույցը: Դիտորդություն իրականացնելու համար պատրաստվել են վկայականներ: Դիտորդները բաժանվել են երեք խմբի՝ հաշվի առնելով վերոնշյալ երեք քաղաքներից յուրաքանչյուրում նրանց բնակվելու և դիտորդություն իրականացնելու հանգամանքը: Նախատեսվող հավաքների վերաբերյալ տեղեկատվությունը հիմնականում ստացվել է Երևանի քաղաքապետարանի կայքէջի, քաղաքացիական տարբեր նախաձեռնությունների կամ դրանց անդամների հաղորդումների, ինչպես նաև ԶԼՄ-ների, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարված հրապարակումների միջոցով: Որոշ խաղաղ հավաքներ չեն դիտարկվել, քանի որ կազմակերպիչները նախընտրել են չհայտարարել դրանց անցկացման վայրի և ժամանակի մասին: Նման հավաքները ուսումնասիրվել է դրանց անցկացումից հետո, և արդյունքները հաշվի են առնվել սույն զեկույցը կազմելիս: Այն դեպքերում, երբ տեղեկություն է ստացվել արդեն սկսված հավաքի վերաբերյալ, հավաքը մասնակի դիտարկվել է:
Նշված ամիսների ընթացքում դիտարկվել են 109 հավաք, որից` 102-ը Երևանում, 4-ը` Վանաձորում և 3-ը` Գյումրիում: Բացի հավաքների դիտարկումից, Կոմիտեի աշխատանքային խումբը ուսումնասիրել է հավաքների ժամանակ արձանագրված միջադեպերի հետագա զարգացումները, արձանագրված խախտումների վերաբերյալ Կոմիտեն հանդես է եկել մամուլի ասուլիսներով, հայտարարություններով և առանձին զեկույցներով: 2017 թվականի Ազգային ժողովի ընտրություններին նախորդած քարոզարշավի ընթացքում կազմակերպված հավաքները հիմնականում ուսումնասիրվել են տարբեր լրատվամիջոցների հրապարակումների միջոցով: Նշված հավաքների դիտարկումների արդյունքները ներկայացված է առանձին բաժնում:
Հավաքների դիտարկումների արդյունքները
1. Անցկացված հավաքների թիվը ըստ ամիսների
2016 թ. հուլիսի 1-ից մինչև 2017 թ. հունիսի 30-ը Երևանում, Գյումրիում և Վանաձորում դիտարկվել է 109 հավաք: Վերլուծելով ԶԼՄ-ների տեղեկությունները` ստացվում է, որ չդիտարկված հավաքները կազմում են հանրապետությունում անցկացված հավաքների ընդհանուր թվի մոտ 10%-ը: Դրանք հիմնականում եղել են չիրազեկված, կամ կազմակերպիչները նախընտրել են նախօրոք չհայտարարել հավաքների անցկացման վայրի և ժամանակի մասին:
2. Անցկացված հավաքների կարգավիճակը
Դիտարկված հավաքների մեծ մասը եղել է չիրազեկված (71 հավաք), որոնց զգալի (47 հավաք) մասն են կազմել մինչև 100 մասնակից ունեցող հավաքները : Քիչ թվով հավաքներ, որոնց մասնակիցների թիվը չի գերազանցել 100-ը, եղել են իրազեկված (9 հավաք): 2016 թ. հունիս-հուլիս ամիսներին «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության անդամ Վարուժան Ավետիսյանը լիազոր մարմնին (Երևանի քաղաքապետարան) ներկայացրել է հավաք և երթ անցկացնելու իրազեկումներ բոլոր օրացուցային օրերի համար, սակայն ոչ բոլոր դեպքերում են հավաքներ անցկացվել: Լիազոր մարմինը իրազեկումները ընդունել է ի գիտություն՝ սահմանափակելով գիշերային ժամերին հավաք անցկացնելը և արգելելով հավաքի վայրում վրանների տեղադրումը : Հուլիսի 19-ին կայացված որոշումներով լիազոր մարմինը ի գիտություն չի ընդունել Վարուժան Ավետիսյանի կողմից ներկայացված իրազեկումները՝ արգելելով օգոստոսի 6-ից օգոստոսի 13-ն ընկած ժամանակահատվածի բոլոր օրացուցային օրերի ընթացքում հավաք կամ երթ անցկացնել (8 հավաք) : Հուլիսի 17-ին և 27-ին ոստիկանության կողմից բերման են ենթարկվել նախատեսվող հավաքի վայր ժամանող անձինք, ինչի պատճառով հավաքները տեղի չեն ունեցել։
3. Անցկացված հավաքների թիվը ըստ տեսակների
2016թ. հուլիս-օգոստոս ամիսներին տեղի ունեցած հավաքները մեծամասամբ կապված են եղել «Սասնա Ծռեր» զինված խմբի կողմից Երևանում գտնվող ՀՀ ոստիկանության Էրեբունու պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի զորամասի գրավման և դրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ: Հավաքների ընթացքում մասնակիցները ներկայացնում էին բազմաթիվ պահանջներ, որոնք հաճախ վերաբերում էին զինված խմբի անդամների նկատմամբ ոստիկանության կողմից բռնություն չկիրառելուն: Զինված խմբի անդամների հանձնվելուց հետո մեկնարկած բազմաթիվ հավաքների ու ցույցերի մասնակիցները պահանջում էին արդար դատավարություն, և, ինչպես 2016 թվականին, այնպես էլ նախորդող տարիներին քաղաքական դրդապատճառներով ձերբակալված և կալանավորված անձանց ազատ արձակում:
ՀՀ Կառավարության նստավայրի առջև պարբերաբար հավաքներ են անցկացրել ընդհանուր սոցիալական կամ իրավական շահեր ունեցող քաղաքացիների տարբեր խմբեր՝ պահանջելով բարելավել հարկային դաշտը, բարձրացնելով աշխատանքի և սոցիալական վիճակի հետ կապված հարցեր և այլն:
4. Անցկացված հավաքների թիվը ըստ կազմակերպիչների
Ի տարբերություն նախորդ ժամանակահատվածների՝ քաղաքացիական և քաղաքական նախաձեռնությունների կողմից կազմակերպված հավաքների թիվը նկատելի նվազել է: Թեև հուլիսի 17-ից 31-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած հավաքների փաստացի կազմակերպիչը բացակայում էր, հավաքի մասնակիցներից և «Սասնա Ծռեր» խմբի աջակիցներից ձևավորվեց համակարգող խումբ, որն իր գործունեությունը դադարեցրեց հուլիսի 31-ին՝ անդամների մեծ մասի ձերբակալված կամ կալանավորված լինելու պատճառով: «Սասնա Ծռեր» զինված խմբի անդամների հանձնվելուց հետո իրենց հարազատների և աջակիցների կողմից կազմակերպվեցին բազմաթիվ հավաքներ՝ հիմնականում այն դատարանների շենքերի առջև, որտեղ քննվում էին խմբի անդամների գործերը, ինչպես նաև տեղի ունեցան երթեր դեպի ՀՀ ԱՆ դատապարտյալների հիվանդանոց: 2017 թ. փետրվար-մարտ ամիսներին բազմաթիվ երթեր և նստացույց կազմակերպվեցին քաղաքացիական ակտիվիստ Շահեն Հարությունյանի կողմից՝ ի պաշտպանություն կալանավորված Արթուր Սարգսյանի («Հաց բերող»): Երթերը և հավաքները որոշ ժամանակ շարունակվեցին նաև նրա մահից հետո :
Հաշվետու ժամանակահատվածում մեծ թվով հավաքներ են կազմակերպվել տարբեր սոցիալական կամ իրավական շահեր ունեցող քաղաքացիների խմբերի կողմից («Սարի թաղի» գործով կալանավորված անձանց հարազատները, զինված ուժերում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները, Դալմայի այգիների նախկին հողօգտագործողները, «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները, տարբեր տոնավաճառների աշխատակիցները, տաքսու անհատ վարորդները և այլն):
5. Անցկացված հավաքների թիվը ըստ մասնակիցների թվի
Դիտարկված հավաքների մեծ մասի մասնակիցների թիվը չի գերազանցել 100-ը, իսկ հավաքներից ամենաբազմամարդը եղել են 2016 թ. հուլիսի 25-26-ին տեղի ունեցած երթերը՝ մինչև 9000 մասնակիցներով:
6. Անցկացված հավաքները ըստ ձևերի
Դիտարկված հավաքների հիմնական մասը կազմակերպվել է հանրահավաքների տեսքով՝ բազմաթիվ դեպքերում շարունակվելով որպես երթ:
7. Հավաքների անցկացման վայրերը
Հաշվետու ժամանակահատվածում անցկացված հավաքների գերակշիռ մասն անցկացվել է Երևան քաղաքում: Առավել մեծ թվով հավաքներ անցկացվել են Ազատության հրապարակում։ Հարկ է նշել, որ Գյումրու և Վանաձորի քաղաքապետարանների պաշտոնական կայքերում բացակայում է հավաքների իրազեկումների վերաբերյալ առանձին էջը, ինչը դժվարացնում է խաղաղ հավաքների դիտարկումը և լուսաբանումը:
8. Ոստիկանների թիվը հավաքների ընթացքում
Ոստիկանները ներկա չեն եղել դիտարկված հավաքներից միայն 4-ի դեպքում: Բազմաթիվ խաղաղ հավաքների ընթացքում ոստիկանների թիվը եղել է անհամաչափ մեծ, իսկ դիտարկված հավաքներից 3-ի դեպքում անգամ գերազանցել է մասնակիցների թիվը: Ինչպես նախորդ տարիներին, հավաքների և երթերի ընթացքում ոստիկանների թիվը և սպառազինության հագեցվածությունը պայմանավորված են եղել ոչ թե հավաքի մասնակիցների թվով, այլ հավաքի տեսակով, բնույթով, կազմակերպիչներով և հավաքի անցկացման վայրով:
Հուլիսի 17-ից մինչև հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում անցկացված հավաքների վայրերում մշտապես ներկա են գտնվել հարյուրավոր ոստիկաններ (հուլիսի 27-ին Խորենացու փողոցի արգելափակված հատվածում՝ առնվազն 600 ոստիկան)։ 2017 թ․ փետրվար ամսին՝ ի պաշտպանություն կալանավորված Արթուր Սարգսյանի կազմակերպված հավաքների ընթացքում հավաքի վայրում ներկա գտնվող և երթը ուղեկցող ոստիկանների թիվը եղել է անհամաչափ մեծ՝ հավաքների և երթերի մասնակիցների թվի համեմատ, իսկ փետրվարի 27-ից մինչև մարտի 6-ը անցկացված նստացույցի որոշ օրերին, ինչպես նաև մարտի 16-ին և 20-ին՝ Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ անցկացվող հավաքների ընթացքում ոստիկանների թիվը գերազանցել է հավաքի մասնակիցների թվից։ Դիտարկված հավաքներից առնվազն 15-ի ընթացքում հավաքի վայրում ներկա են եղել առանց համազգեստի ոստիկաններ , որոնք հուլիսի 29-ին մասնակցել են ոստիկանության կողմից հավաքը դադարեցնելու գործողություններին: Բազմաթիվ հավաքների ընթացքում, բացի հավաքի վայրից, ոստիկանության մեծ քանակությամբ ուժեր տեղակայված են եղել հավաքի վայրի հարակից տարածքներում, հիմնականում` շենքերի բակերում կամ հասարակական այգիներում: Նշված ստորաբաժանումները, որպես կանոն, ունեցել են առավել հագեցած սպառազինություն:
9. Ոստիկանության կողմից կիրառված միջամտությունները, բռնությունները և ոստիկանության սպառազինության հագեցվածությունը
Բազմաթիվ բազմամարդ հավաքներ, ինչպես նաև քաղաքացիական ակտիվիստների կողմից կազմակերպված հավաքները մշտապես նկարահանվել են ոստիկանության կողմից: Դիտարկված հավաքներից և երթերից 16-ի ընթացքում ոստիկանության կողմից տեղի են ունեցել էական միջամտություններ, որոնք դրսևորվել են ոստիկանների կողմից երթը կանգնեցնելով, որոշակի երթուղով երթ անցկացնելը սահմանափակելով, հավաքի մասնակիցներին հրելով, որոշ շենքերին մոտենալու արգելքով (ՀՀ նախագահի նստավայր, ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ ԱՆ դատապարտյալների հիվանդանոց, ՌԴ դեսպանատուն և այլն), ինչպես նաև հավաքի մասնակիցներին բերման ենթարկելով: Հուլիսի 17-31-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած հավաքներն աչքի ընկան ոստիկանության կողմից իրականացված բազմաթիվ միջամտություններով, հավաքի մասնակիցների զանգվածային բերման ենթարկելու դեպքերով և բռնություններով: Հուլիսի 29-ին «Սարի թաղ» կոչվող թաղամասում ոստիկանությունը կիրառեց աննախադեպ բռնություններ ինչպես հավաքի մասնակիցների, հավաքի վայրում մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողների, այնպես էլ հավաքի մասնակից չհանդիսացող անձանց նկատմամբ :
2016 թ. հուլիսի 17-ին «Մենք ենք տերը մեր երկրի» քաղաքացիական նախաձեռնության կողմից Ազատության հրապարակում նախատեսված շտապ հավաքը խափանվեց ոստիկանության կողմից՝ հավաքի վայր ժամանող անձանց բերման ենթարկելու պատճառով։ Հուլիսի 27-ին Խորենացի փողոցի արգելափակված հատվածում ոստիկանությունն արգելեց հավաք անցկացնելը՝ կրկին բերման ենթարկելով թե ՛ հավաքի ենթադրյալ մասնակիցներին, թե՛ հարակից շենքերի որոշ բնակիչների։
Հուլիսի 26-ին ոստիկանությունը տարածեց հայտարարություն, որով պահանջում էր հավաքները Խորենացի փողոցից տեղափոխել այլ վայր, այլապես հավաքները կդադարեցվեն: Հարկ է նշել, որ ըստ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի` հավաքների իրազեկումներն ի գիտություն ընդունող կամ արգելող լիազոր մարմինը հանդիսանում է համայնքի ղեկավարը, տվյալ դեպքում` Երևանի քաղաքապետարանը, որը միայն հուլիսի 30-ին արգելեց հավաքների անցկացումը ՊՊԾ գնդի հարակից տարածքներում :
2017 թ. փետրվարի 27-ից մարտի 6-ը Ազատության հրապարակում քաղաքացիական ակտիվիստ Շահեն Հարությունյանի կողմից կազմակերպված նստացույցի ընթացքում ոստիկանության ծառայողները նստացույցի մասնակիցներից պարբերաբար պահանջում էին դադարեցնել նստացույցը՝ պնդելով, որ աղմուկը խանգարում է հարակից շենքերի բնակիչներին։ Նշված նստացույցի մասնակիցների թիվը միջինում եղել է 30 հոգի, որոնք մշտապես գտնվել են Ազատության հրապարակի բեմահարթակի վրա ։
Հուլիսի 17-ից մինչև հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում անցկացված հավաքների վայրերում ծառայություն իրականացնող ոստիկանների սպառազինությունը ներառել է վահաններ, սաղավարտներ, մահակներ, դիմակներ, զրահաբաճկոններ, որոշ դեպքերում՝ հրազեն, իսկ հուլիսի 18-ին անցկացված երթն ուղեկցող ոստիկաններից մեկը կրել է մետաղական հարվածող մասերով ձեռնոց ։ Հուլիսի 30-ին Բաղրամյան պողոտայով անցկացվող երթը կանգնեցվել է ոստիկանության կողմից՝ փշալարային պատնեշի միջոցով։ Հուլիսի 20-ին և 29-ին անցկացված հավաքների ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից կիրառվել են մեծ քանակությամբ սպառազինության հատուկ միջոցներ՝ ներառյալ լուսաձայնային նռնակներ։ Բացի այդ, հուլիսի 29-ին «Սարի թաղ» կոչվող թաղամասում ոստիկանության որոշ ծառայողների և նրանց հետ միասին հավաքը դադարեցնելու գործողություններին մասնակցող անձանց մոտ առկա են եղել մետաղական ձողեր։
10. Հավաքի մասնակիցների բերման ենթարկման և ձերբակալության դեպքեր
Դիտարկված 109 հավաքներից 6-ի ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել հավաքի մասնակիցների` այսկերպ դադարեցնելով հավաքներից 2-ը: Բացի այդ, հուլիսի 17-ին և 27-ին նախատեսված հավաքները չեն կայացել ոստիկանության կողմից հավաքի վայր ժամանող անձանց բերման ենթարկելու պատճառով։ Հավաքների մասնակիցների բերման ենթարկման բոլոր դեպքերը տեղի են ունեցել «Սասնա Ծռեր» զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի զորամասի գրավման ընթացքում անցկացված հավաքների, ինչպես նաև խմբի հանձնվելուց հետո նույն մասնակիցների կողմից կազմակերպված հավաքների ընթացքում: Համադրելով լրատվամիջոցներից, դիտորդների հաշվետվություններից և պաշտոնական հայտարարություններից ստացված տեղեկությունները` հուլիսի 17-ից օգոստոսի 13-ը կազմակերպված հավաքների վայրերում տեղի է ունեցել բերման ենթարկելու առնվազն 547 դեպք։ Հետագա ամիսներին դիտարկված հավաքների ընթացքում տեղի չեն ունեցել հավաքի մասնակիցների բերման ենթարկման դեպքեր, սակայն, հարկ է նշել, որ քաղաքացիական և քաղաքական նախաձեռնությունների, ակտիվիստների կողմից կազմակերպված հավաքների մասնակիցների քանակը կտրուկ նվազել էր։
Օգոստոսի 4-ին տեղի ունեցած հավաք-երթի մասնակիցները բերման ենթարկվեցին հավաքի ավարտից որոշ ժամանակ անց։ Նշված հավաք-երթը իրազեկված և ի գիտություն ընդունված էր եղել լիազոր մարմնի կողմից։
11. 2017 թ. Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավ
2017 թ. մարտի 5-ին մեկնարկեց Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որն ավարտվեց մարտի 31-ին: Քարոզարշավի ընթացքում միջադեպ տեղի ունեցավ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմից կազմակերպված հանրահավաքի ընթացքում: Ըստ դաշինքի ներկայացուցիչների՝ մարտի 12-ին Ջրառատ գյուղում իրենց կազմակերպած հանրահավաքի ժամանակ գյուղապետ Սամվել Գալստյանը հայհոյել է հավաքի մասնակիցներին և պահանջել հեռանալ հանրահավաքից, որից հետո վիճաբանություն է տեղի ունեցել «ՕՐՕ» դաշինքի համակիրների և իր միջև: Դեպքից հետո «ՕՐՕ» դաշինքի անդամների, ոստիկանության գնդապետ Լեռնիկ Երանոսյանի, ոստիկանության ծառայող Սերյոժա Գալստյանի միջև տեղի են ունեցել նոր ընդհարումներ, որոնց ընթացքում կիրառվել է հրազեն :
Դիտարկված հավաքներից առավել մեծ թվով հանրահավաքներ և հանդիպումներ կազմակերպվել են Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից՝ ինչպես բացօթյա, այնպես էլ տարբեր շինություններում: Քարոզարշավի մասնակից 9 քաղաքական ուժերից առավել փոքր թվով հավաքներ կազմակերպվել են Հայաստանի կոմունիստական կուսակցության կողմից:
Նախընտրական քարոզարշավի ընթացքում առավել մեծ թվով մասնակիցներ ներկա են գտնվել մարտի 30-ին Ազատության հրապարակում Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից կազմակերպված հավաքի ընթացքում (մոտ 7000 մասնակից), իսկ առավել մեծ թվով ոստիկաններ՝ մարտի 28-ին Ազատության հրապարակում «ՕՐՕ» դաշինքի կողմից կազմակերպված հավաքի ընթացքում (հավաքի վայրում՝ մոտ 50 ոստիկան, հարակից տարածքում՝ 100-ից ավելի)։ Նախընտրական քարոզարշավի մասնակից 9 կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների կողմից ընդհանուր առմամբ կազմակերպվել են 262 հավաք՝ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում։
12. Հավաքների ազատության իրավունքի խախտման վերաբերյալ գործերի քննություն
2017 թ. հունվարի 16-ին ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով 2 տարվա ազատազրկման դատապարտվեց «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ Գևորգ Սաֆարյանը, որը ձերբակալվել էր 2016 թ. հունվարի 1-ին` Ազատության հրապարակում անցկացված խաղաղ հավաքի ժամանակ։ Ոստիկանության ծառայողների և հավաքի մասնակիցների միջև տեղի էր ունեցել վիճաբանություն, երբ վերջիններս փորձել էին տոնական եղևնի տեղադրել հրապարակում: Հուլիսի 29-ին «Սարի թաղ» կոչվող թաղամասում տեղի ունեցած դեպքերի առթիվ ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու և ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ: Հուլիսի 23-ին Հատուկ քննչական ծառայությունը ոստիկանության ստորաբաժանումների ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու և փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ նույնպես հարուցել է քրեական գործ : Քրեական գործի նախաքննությունը 2017 թ. հունվարին ժամանակավորապես դադարեցվել է այն պատճառաբանությամբ, որ առաջ են եկել այլ կարևոր քրեական գործեր : Ոստիկանությունում իրականացվող ծառայողական քննության արդյունքում 2016 թ. օգոստոսի 5-ին կարգապահական պատասխանատվության ենթարկվեցին մի շարք ոստիկաններ ՝ որոնցից 5-ի լիազորությունները դադարեցվեցին, 3-ը պաշտոնից ազատվեցին:
2017 թ. փետրվարի 20-ին ավարտվեց «Էլեկտրիկ Երևան» բողոքի ակցիաների ընթացքում լրագրողների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանության ծառայողների գործով դատաքննությունը: 4 ոստիկանների նկատմամբ որպես պատիժ կիրառվեց տուգանք՝ 500-600 հազար դրամ, ինչպես նաև նշանակվեց 485 հազար դրամ փոխհատուցում՝ «Ուտոպիանա.ամ» ՀԿ-ի վնասված տեսախցիկի համար :
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
2016 թվականի հուլիսի 17-ից օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում, Երևանում և Գյումրիում կազմակերպված հավաքների նկատմամբ տեղի են ունեցել բազմաթիվ ոչ իրավաչափ միջամտություններ և բռնություններ: Չեն պահպանվել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի դրույթները, հավաքների նկատմամբ ներգործությունների համար սահմանված կարգը: Հավաքների ընթացքի նկատմամբ տեղի են ունեցել չարդարացված և ոչ համաչափ միջամտություններ: Բազմաթիվ քաղաքացիական ակտիվիստներ ենթարկվել են հետապնդումների՝ կապված իրենց կողմից հավաքների ազատության իրավունքի իրականացման հետ: Ոստիկանության կողմից հավաքների անցկացման արգելումը, հավաքների անցկացման վայրերի չհիմնավորված սահմանափակումները կրել են կազմակերպված բնույթ: Նման սահմանափակումներ կարող են նախատեսվել միայն «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում և կարգով, սակայն, նշված օրերին Հայաստանի Հանրապետության որևէ հատվածում արտակարգ դրություն չէր հայտարարվել: Լրագրողների նկատմամբ տեղի ունեցած բռնությունները և սպառնալիքները, բացի անձնական ֆիզիկական և բարոյական վնասներից, վտանգի տակ են դրել խաղաղ հավաքների ընթացքի լուսաբանումը և խոչընդոտել հավաքների ազատության իրավունքի իրականացմանը հավաքի մասնակիցների կողմից: Բազմաթիվ քաղաքացիներ բերման են ենթարկվել և ժամեր շարունակ անհիմն պահվել ինչպես ոստիկանության բաժիններում, այնպես էլ ոստիկանության զորքերի զորամասերում: Ճնշումների և բռնությունների զոհ են դարձել հավաքների մասնակից չհանդիսացող անձինք, ինչպես նաև հավաքի մասնակիցների ընտանիքի անդամներ: 2016 թ. հուլիսյան դեպքերի ընթացքում խախտումներ կատարող որոշ ոստիկաններ թեև ստացել են կարգապահական տույժեր, սակայն բռնություններ իրականացրած որևէ իրավապահ մարմնի աշխատակից կամ այլ անձ քրեական պատասխանատվության դեռևս չի ենթարկվել:
Ինչպես նախորդ հաշվետու ժամանակահատվածներում, խաղաղ հավաքների անցկացման վայրերում ծառայություն իրականացնող ոստիկանների թիվը եղել է անհամաչափ մեծ, կրկին ներկա են եղել առանց համազգեստի ոստիկաններ, որոնք, ի տարբերություն նախորդ ժամանակահատվածի, հավաքների ընթացքին չեն միջամտել և մասնակիցների ձերբակալումներ չեն իրականացրել: Ոստիկանության այն ստորաբաժանումները, որոնք մշտապես ծառայություն են իրականացնում խաղաղ հավաքների ընթացքում, համազգեստի վրա չեն կրել տարբերակման նշաններ, ինչը կարող է դժվարացնել անհրաժեշտության դեպքում նրանց նույնականացումը: Խաղաղ հավաքների մասնակիցների անհարկի ձերբակալությունները ուղղված են եղել անձանց կողմից տվյալ կամ հետագա հավաքներին մասնակցությունը սահմանափակելուն կամ նախատեսված հավաքների անցկացումը խափանելուն:
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ոստիկանությանը`
1. Բացառել խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ անհարկի ուժի և բռնության կիրառումը, անհարկի ձերբակալությունները, նրանց և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ հետապնդումները, լրագրողների և դիտորդների մասնագիտական օրինական աշխատանքի ցանկացած բնույթի միջամտությունները, ապահովել լրագրողների ազատ աշխատանքը:
2. Համազգեստ չկրող ոստիկաններին հավաքի ընթացքի նկատմամբ ներգործության միջոցների կիրառման գործընթացին չներգրավել, հավաքի վայրում ծառայություն իրականացնելիս մշտապես կրել համազգեստ և համազգեստի վրա ունենալ նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ:
3. Ոստիկանության համար, առավելապես այն ստորաբաժանումների, որոնք մշտապես ծառայություն են իրականացնում հավաքների անցկացման վայրերում, կազմակերպել դասընթացներ ՝ բազմամարդ հավաքների ժամանակ ոստիկանության գործունեության նրբությունների և խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրացման վերաբերյալ միջազգային փորձին և մոտեցումներին տիրապետելու, հավաքի մասնակիցների հետ շփման և բանակցելու հմտությունները զարգացնելու, ինչպես նաև ծառայության ընթացքում ոստիկանության ծառայողի էթիկայի կանոններին առավել մեծ ուշադրություն դարձնելու նպատակով:
4. Իրենց իրավասության շրջանակներում աջակցել խաղաղ հավաքների ընթացքին, իսկ օրենքով նախատեսված դեպքերում հավաքները դադարեցնելուն ուղղված գործողություններ իրականացնելիս առաջնորդվել համաչափության սկզբունքով:
5. Ձեռնպահ մնալ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի և այլ իրավական ակտերի կամայական մեկնաբանություններից:
Դատախազությանը և Հատուկ քննչական ծառայությանը`
1. Հետևել հավաքի մասնակիցների կամ լրագրողների նկատմամբ բռնության, մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու կամ իրավապահ մարմինների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերին և յուրաքանչյուր դեպքի առիթով հարուցել համապատասխան վարույթ, բացահայտել խախտում կատարած բոլոր անձանց:
2. Իրավապահ մարմինների աշխատակիցների, ինչպես նաև այլ անձանց կողմից խաղաղ հավաքների ընթացքի նկատմամբ կատարված ոչ իրավաչափ գործողությունների առիթով հարուցված գործերով ողջամիտ ժամկետում իրականացնել օբյեկտիվ և արդյունավետ քննություն:
Հավաքների վերաբերյալ իրազեկումները քննարկող լիազոր մարմիններին`
Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքներում նախատեսվող խաղաղ հավաքների վերաբերյալ տեղեկությունները (իրազեկումն ի գիտություն ընդունելը, սահմանափակում կիրառելը կամ հավաքն արգելելը) մշտապես հրապարակել համապատասխան համայնքի ինտերնետային կայքում: