Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սոցոլորտում բարեփոխումների նպատակը խոցելիության պատճառների վերացումն է

Հուլիս 17,2017 16:30

Ինտեգրված սոցիալական ծառայությունների ծրագիրը մեկնարկել է 2012 թվականից, երբ կառավարության կողմից հաստատվեց ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի բուն ներդրման ծրագրի ժամանակացույցը: Այն որպես ընդհանրական համակարգ եւ սկզբունքների ամբողջություն ամրագրվել է նաեւ 2014 թվականին ընդունված «Սոցիալական աջակցության մասին» օրենքով: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման գործընթացին՝ նշեց Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը:

Նրա ներկայացմամբ՝ համակարգը ենթադրում է սոցիալական աջակցություն մատուցող մարմինների, սպասարկող վարչական շենքերի ու տեղեկատվական շտեմարանների ինտեգրում: Արդյունքում սոցիալական ծառայությունների մատուցման ամբողջ աշխատանքն իրականացվում է մեկ տանիքի տակ, մեկ ընդհանուր ցանցով եւ մեկ դիմումի համաձայն:

«Համակարգի կայացումը շարունակական բնույթ ունի, քանի որ անընդհատ ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ ու խնդիրներ՝ ավելի խորքային բացահայտումներով, եւ այս առումով դժվար է ավարտուն փուլ ունենալ, հնարավոր չէ այլեւս որեւէ զարգացման տեսլական չունենալ»,- նշեց ՍԱՊԾ պետի տեղակալը:
Սմբատ Սաիյանի խոսքով՝ համակարգն ունի 3 հիմնական ձեւ՝ ֆիզիկական ինտեգրում, տեղեկատվական եւ կառուցվածքա-գործառութային: Առաջինը՝ ֆիզիկականը, իրենից ներկայացնում է բոլոր սոցիալական ծառայություններ մատուցող մարմինների միավորումը մեկ տանիքի տակ, մեկ շենքում: Այդ մեխանիզմով Հայաստանում արդեն իսկ գործում են 17 տարածքային կենտրոններ, որոնք մատուցում են համալիր սոցիալական ծառայություններ: Նախատեսվում է գալիք 4 տարվա ընթացքում նմանատիպ 50-55 կենտրոններ ստեղծել, որոնցից 10-ը` Երեւանում, իսկ մնացածը՝ մարզերում:

«Տեղեկատվական ինտեգրման ձեւը նույնպես իրականացվելու է Հայաստանում: Սրա հիմքում ընկած է մեկ միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծումը, որտեղ սոցիալական աշխատողը կարող է անձի մասին ամբողջական տեղեկատվություն ստանալ: Սրա շնորհիվ շահառուն այլեւս ստիպված չի լինի այս կամ այն տեղից տեղեկանքներ բերել»,- մեզ հետ զրույցում նշեց պաշտոնյան՝ արձանագրելով, որ այս ուղղությամբ արդեն կան որոշակի առաջխաղացումներ, ինչպես, օրինակ, երեխայի ծննդյան միանվագ նպաստի գումարը ստանալու համար առցանց դիմումի ներկայացումը: Սաիյանի փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ շուրջ 8500 առցանց դիմում կա, որը մեկ տարվա կտրվածքով կազմում է ընդհանուր դիմումների 50%-ը:

Ինչ վերաբերում է կառուցվածքա-գործառութային ձեւին, ապա պաշտոնյայի ներկայացմամբ՝ եթե նախկինում հանրությանը մատուցվող սոցիալական ծառայությունները սահմանափակվում էին ինչ-որ դրամական վճարներով, ապա այժմ կատարվում է ամբողջական կարիքների գնահատում՝ նախանշելով դրանց համապատասխան լուծումները: «Ակնհայտ է, որ անձը, որպես կանոն, ծանր իրավիճակում հայտնվում է ոչ թե մեկ գործոնի պատճառով, այլ մի քանի: Ինտեգրված սոցիալական ծառայությունների նպատակն է գտնել այդ խնդիրները եւ քայլ առ քայլ հարթել դրանք: Այս համակարգի գաղափարի հիմքում ընկած է այն, որ սոցիալական աշխատողը հետեւանքները վերացնելու փոխարեն՝ պետք է վերացնի պատճառները՝ տվյալ անձին ոչ միայն նպաստներ տրամադրելով, այլեւ բերելով այնպիսի վիճակի, որ քաղաքացին կարողանա ինքնուրույն հոգալ իր եւ իր ընտանիքի կարիքները»,- եզրափակեց Սաիյանը:
Սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, որի առանցքում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումն է, ըստ պատկան մարմինների, նպատակ ունի մի կողմից՝ բարձրացնել պետության կողմից սոցիալական աջակցության ծրագրերի արդյունավետությունը, իսկ մյուս կողմից՝ մատուցվող ծառայությունները դարձնել հասցեական: Ակնկալվում է, որ արդեն առաջիկա մի քանի տարիներին, երբ համակարգն ամբողջական կիրագործվի, մատուցվող ծառայությունների որակը զգալիորեն կբարելավվի՝ բերելով նաեւ քաղաքացիների կողմից բողոքների թվի նվազման:

 

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ»

15.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31