Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը հայ-ռուսական հարաբերությունների ամենացավոտ կողմն է: Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդման եթերում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Այդ խնդիրը հայ-ռուսական բարեկամության, հայ-ռուսական ռազմական համագործակցության, ընդհանրապես՝ մեր հարաբերությունների ամենացավալի կողմն է։ Այդ հարցը, իմ կարծիքով, ստվերում է շատ բան։ Բայց մյուս կողմից էլ կան հանգամանքներ, եւ միգուցե այդ հանգամանքները մեզ համար ընդունելի չեն, բայց իրենց համար ընդունելի են։ Դեռեւս որևէ լուրջ բան չի պատահել։ Եթե ինչ-որ մի ժամանակ լուրջ հետեւանքներ լինեն, այն ժամանակ կարելի է մեղադրել։ Իսկ եթե լուրջ հետևանքներ չլինեն, մենք դա պետք է համարենք որպես ռուսական կողմի երկարաժամկետ քաղաքական գործունեություն՝ տարածաշրջանում իրավիճակի կայունացնելու համար»,- ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ համագործակցությունը դադարեցնելու կամ նվազեցնելու վերաբերյալ դիտարկումներին, ապա նախագահը նշել է, որ «դրանք ծայրահեղ վտանգավոր խոսքեր են, դրանք ծայրահեղ բարդ իրավիճակ կարող են ստեղծել»։
«Երբ ասում եք՝ վերանայենք, իսկ ո՞ւմ հետ եք ուզում, որպեսզի վերանայենք-բարելավենք․ Թուրքիայի հե՞տ, թե՞ ՆԱՏՕ-ում բոլորն էսպես գրկաբաց կանգնած սպասում են, որ Հայաստանը հիմա գա այնտեղ։ Թե՞ ուղղակի բոլորի հետ մենք էսպես թշնամանում ենք, կամ բոլորին ասում ենք՝ դուք Ադրբեջանին օգնում եք, և մենք մենակ ելնում ենք ամբողջ աշխարհի դեմ»,-հավելել է ՀՀ նախագահը։