Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԳԲՏ թեմայով ֆիլմերի հակագովազդն այդ ֆիլմերն ավելի շատ գովազդեց

Հուլիս 17,2017 16:00

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակում բանավիճում են
«Փինք Արմենիա» ՀԿ նախագահ Հովհաննես Իշխանյանը եւ «Միջազգային հումանիտար զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Արման Ղուկասյանը:

Լուսինե Բուդաղյան- Օրեր առաջ «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնից հանվեց արտամրցութային «Հայեր, հայացք ներսից եւ դրսից» խորագրով ծրագիրը: Ծրագրում ներկայացված 37 ֆիլմերից երկուսը ԼԳԲՏ` (լեսբի, գեյ, բիսեքսուալ տրանսգենդեր) թեմայով էին: Կինեմատոգրաֆիստների միությունը, որտեղ պետք է ցուցադրվեին այդ ֆիլմերը, որեւէ պաշտոնական բացատրություն չտվեց այդ առնչությամբ, փոխարենը «Ոսկե ծիրան»-ի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանն ասաց, որ Կինեմատոգրաֆիստների միությունը որոշել է հանել ամբողջ ծրագիրը՝ հիմնվելով «հասարակական կարծիքի» վրա:

Պարոն Ղուկասյան, ֆիլմերի դեմ ակցիան կարծես թե դուք էիք նախաձեռնել` ասելով, որ այդ ամենը քարոզչություն է, մինչդեռ ֆիլմի հեղինակները պնդում են, որ այդ ֆիլմերով պարզապես հանդուրժողականություն են քարոզում. ինչո՞ւ նման հակազդեցություն ունեցավ այդ ամենը:

Արման Ղուկասյան- Պետք է նշեմ, որ ես ակցիայի կազմակերպիչ չեմ, պարզապես սոցիալական ցանցում` Ֆեյսբուքի իմ էջում, տարածել եմ տեսանյութ, որտեղ իմ ընկերներին եւ ծանոթներին հորդորել եմ զանգահարել եւ պահանջել, որպեսզի այդ ֆիլմերը չցուցադրվեն: Չեմ կարող ասել՝ կոչերն ինձնից սկսվեցին, թե ոչ, բայց ես եղել եմ այդ մարդկանց շարքում, որոնք որ այդպիսի կոչ արել են: Ինչու եմ դա արել: Առաջին հերթին իմ մեջ վրդովմունք առաջացրեց այն փաստը, որ այդ ֆիլմերը 12+ էին, այսինքն՝ այդ ֆիլմերը կարող էին ցուցադրվել նաեւ անչափահասների շրջանում: Այն, որ այդ ֆիլմերում պատմում են մարդկանց իրավունքների մասին, փաստերը, որոնք ներկայացնում էին, թե իրենց շահերը ոտնահարվում են եւ այլն, նաեւ իմ մեջ վրդովմունք առաջացրին, այն, որ այդ ֆիլմը նկարված է ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Տարօրինակ է, որ մենք հիմա զրուցում ենք այն մասին, որ երրորդ երկիր ֆինանսավորել է Հայաստանում մի ֆիլմ, որը պատմում է մարդկանց իրավունքների մասին՝ կապ չունի՝ դա կլինեն ԼԳԲՏ, աղանդներ, հ/կ-ներ եւ այլն:

Լ. Բ.– Հովհաննե՛ս, ինչո՞ւ, օրինակ, դուք չեք նկարահանել այդ ֆիլմը ոչ ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Խնդրում եմ պատասխանեք այդ հարցին:

Հովհաննես Իշխանյան- Նախ` ես պետք է շնորհակալություն հայտնեմ մեր ընդդիմախոսներին, որոնք կարծես ամեն ջանք ներդրեցին, որպեսզի այդ ֆիլմի անունը բարձրանա, որովհետեւ չեմ կարծում, որ այսքան ուշադրության արժանանար այդ ֆիլմը: Առաջին դեպքը չէ, որ աշխարհի պատմության, գրաքննությունների պատմության մեջ մարդիկ չեն հասկանում հակազդեցության ուժը: Բայց դա մի կողմ թողնենք: Հնչեց 12+-ի հարցը: Նախ` այդ ֆիլմը «Ոսկե ծիրանն» է գրել 12+, ինձ համար այդ ֆիլմն ընդհանրապես 0+ է, ամբողջ այս իրավիճակը ոչ թե այս թեմաներին դեմ իրավիճակ է, այլ հայկական կինոարտադրության դեմ իրավիճակ է: Հայաստանում ցուցադրվել է սեւամորթ գեյերի մասին «Մունլայթ» ֆիլմը, ցուցադրվել է Ալան թյուրինգի մասին ֆիլմը, որը, կարելի է ասել, ծրագրավորման պապան է, այսինքն` այդպիսի ֆիլմեր են ցուցադրվել: Եթե այս մարդիկ անհանգստացած լինեին «Ոսկե ծիրանով» կինոյի արտադրությամբ, նրանք կիմանային, որ բացի էս ֆիլմերից՝ հազար ու մի ֆիլմեր են ցուցադրվել: Դուք ընդհանրապես չեք հետեւում «Ոսկե ծիրանի» մյուս ֆիլմերին եւ որոշել եք՝ ֆիլմեր հեռացնենք փառատոնից: Սա իմ փառատոնն էր, իմ ընկերների փառատոնն էր, ես գնում էի այնտեղ ֆիլմ նայում, ոչ մի դոկումենտալ ֆիլմ բաց չէի թողնում: Բայց դուք, որ չեք հետեւում «Ոսկե ծիրանին», երկու կինոարտադրություն զոռով ստիպել եք հանել: Դուք՝ Կինեմատոգրաֆիստների միությունը եւ Մայր Աթոռը:

Լավ ենք անում Ամերիկայից ենք փող ստանում նկարում, հազար ֆիլմ կա, որ դրսից է փող ստանում նկարում: Ֆիլմարտադրությունում համատեղ լիքը արտադրություններ կան, այն մյուս ֆիլմը Իրանի եւ Հայաստանի արտադրության էր, այդպե՞ս էք վերաբերվում ձեր կինոզարգացմանը: Սա բացարձակ կապ չունի` ԼԳԲՏ թեմա է, թե ինչ թեմա է, սա կոնկրետ հարված է հայկական կինոարտադրությանը: Մարդիկ չեն ուզում, որ կինոարտադրությունը զարգանա:

Արման Ղուկասյան- Ես կարծում եմ, որ ի սկզբանե ձեր նպատակն այն էր, որպեսզի այս ֆիլմերը չցուցադրվեին «Ոսկե ծիրանում»: Ես չգիտեմ՝ ձե՞ր նպատակն էր, թե՞ ձեր պատվիրատուների նպատակն էր: Իհարկե, հասկանալի է, որ Հայաստանում դուք եք, ձեր կազմակերպությունն է, որ զեկույցներով հանդես եք գալիս եւ խոսում եք նրա մասին, որ Հայաստանում ոտնահարվում են ԼԳԲՏ համայնքի իրավունքները, եւ պարզ է դառնում, որ դուք գիտեք մեր հասարակության մեծամասնության տրամադրվածությունները: Ինչո՞ւ եք դուք հոմոֆոբիական կամ անհանդուրժողական մթնոլորտ ստեղծում:

Այդպես չեն ձեւավորում հասարակության մեջ հանդուրժողականություն: Դա հանդուրժողականության հետ ընդհանրապես ոչ մի կապ չունի: Ինչ վերաբերում է 0+, 12+ եւ այլն, ես կարծում եմ, որ նման բան ասելը ուղղակի ոչ մի շրջանակների մեջ չի տեղավորվում: Ինչու, որովհետեւ մենք գործ ունենք անչափահասների հետ, որոնք դեռ ֆիզիոլոգիապես չեն կայացել, չեն զարգացել: Դա բնություն է, մարդուն տվեք իրավունք, որպեսզի ինքը կարողանա հասունանալ, եւ ինքն ընտրի` ինչ է ուզում: Սա է ամենամեծ վրդովմունքը, դրա համար գոյություն ունի արտահայտություն` անչափահասություն եւ չափահասություն, դա բժշկության կողմից եւ բնության կողմից տրված տարանջատում է: Ինչ կապված է կինոյի զարգացման հետ, խնդիրը ոչ թե կինոն է կամ «Ոսկե ծիրան» փառատոնը, այլ դուք ներկայացրել եք մի ֆիլմ, որը խոսում է ԼԳԲՏ անձանց իրավունքների մասին: ԼԳԲՏ անձինք Հայաստանում շատ վաղուց արդեն իրենց ազատ են զգում, ավելի ազատ, քան մի շարք եվրոպական երկրներում: Ասեմ ձեզ, որ նույն ԱՄՆ-ում` 9 նահանգներում քարոզչությունն արգելված է օրենսդրությամբ: ԱՄՆ-ն, որը պատվիրել է, աջակցել է ձեր ֆիլմին:

Հովհաննես Իշխանյան- Ձեր պատճառով 37 ֆիլմ դուրս է եկել ցուցադրությունից: 37 ֆիլմ, հայկական արտադրության հայկականության հետ կապ ունեցող: Պատասխանատո՞ւ եք ձեր արածի համար, ո՛չ, պատասխանատու չեք: Անչափահասների շրջանում ինքնասպանությունների ամենամեծ տոկոսն է ԼԳԲՏ համայնքում, զեկույցներում կարդացեք, թե ինչ է կատարվում: Մեր դեպքերի վրա գրված զեկույցներում, տեսեք՝ ինչ է կատարվում բանակում, բանտերում: Ինքս բանակում ծառայել եմ, գիտեմ՝ ինչ է կատարվում: ԱՄՆ քաղաքականությունն ինձ չի հետաքրքրում, ԱՄՆ-ը մեզ աջակցել է ֆինանսապես, որպեսզի ես կարողանամ այդ ֆիլմը նկարել, վերջացավ: Լիքը ֆիլմեր ԱՄՆ-ի միջոցով Հայաստանում նկարահանվում են` հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին, ցեղասպանության: Ինձ ԱՄՆ քաղաքականությունը չի հետաքրքրում` թե որ նահանգում ինչ է, այնտեղ մահապատիժ էլ կա, սեւերի նկատմամբ անարգանք կա, ինձ ԱՄՆ-ը չի հետաքրքրում: Ինձ հետաքրքրում է Հայաստանի Հանրապետությունը:

Հաղորդումն ամբողջությամբ


ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

15.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31