Լրահոս
Օրվա լրահոսը

«Քրեակատարողական հիմնարկներում ամեն օր շոգեխաշած թթու են ուտում»

Հուլիս 17,2017 14:00

Վերջերս կառավարությունը որոշեց դատապարտյալների սննդակարգում փոփոխություններ կատարել, եւ որոշ սննդամթերքներ կրճատվեցին: Օրինակ՝ հացի օրական 650 գրամ չափաբաժինը դարձել է 500 գրամ:

Սա կառավարությունը պայմանավորել է այն հանգամանքով, որ սննդակարգի փոփոխությունը կապված է, այսպես ասած, առողջ ապրելակերպի չափանիշներով, այսինքն՝ սահմանում են օրական պահանջվող կիլոկալորիա:

Երեկ «Ազատազրկվածների սննդի որակն ու պահման այլ պայմանները քրեակատարողական հիմնարկներում» թեմայով քննարկում էր «մեդիա կենտրոնում»:
Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Ռուբեն Սարգսյանն ասաց, որ ՔԿՀ-ներում սննդի հարցը խնդրահարույց է միշտ եղել, դատապարտյալները միշտ դժգոհել են սննդից եւ հիմնավորել են՝ «Ուտելու բան չի»: Դատապարտյալների՝ սննդի որակից դժգոհությունները հիմնականում «Նուբարաշեն», «Վարդաշեն» ՔԿՀ-ներից են եղել, «Երեւան» կենտրոնից եւ այլ տեղերից: «Արմավիր» ՔԿՀ-ից քիչ է դժգոհությունը, գուցե վերազինման շնորհիվ, նոր մոտեցումներ են գուցե»,- ասաց Սարգսյանը:

Նույն խմբի անդամ Ռոբերտ Ռեւազյանն էլ նկատեց. «Որոշված է, որ չափահաս կնոջ դեպքում օրական միջինը 2200 կիլոկալորիա է, իսկ տղամարդունը՝ 2500, սակայն թե ի՞նչ սկզբունքով են որոշել, որ պետք է կրճատեն կամ փոխարինեն սնունդը, հիմնավորում չկա»:
Ռեւազյանն ասաց, որ իրենց այցելությունների ժամանակ արձանագրել են, որ ճաշատեսականեր կային, որոնք ամեն օր կրկնվում են. «Ամեն օր շոգեխաշած թթու էր կամ կարտոֆիլ, մակարոն: Պարզ է, որ չպետք է ուտեին: Կարող են ասել, թե օրական կալորիան պահպանում են, բայց սա ձեւական է, սննդի բազմազանություն չկա: Դիետիկ սնունդ չկա, սա կարեւոր է շաքարային դիաբետով կամ սիրտ-անոթային հիվանդություններով տառապող դատապարտյալների համար»:

Վերահսկողություն կատարող խմբի անդամներն ասացին, որ «Գորիս» ՔԿՀ-ում սննդից չեն դժգոհում, այնտեղ նույնիսկ, ինչպես բանախոսն ասաց, «տնական ճաշ են տալիս»:
Ռեւազյանի ներկայացմամբ՝ դատապարտյալների մեծ մասը ՔԿՀ-ի տրամադրած սննդից հրաժարվում է, եւ կառավարության սահմանած այդ փոփոխությունները մեծապես չեն էլ ազդի սննդակարգի ու որակի վրա. «Մեծ մասը հանձնուքներ է ստանում հարազատներից, մոտ 70%-ը հրաժարվում է կալանավայրի սննդից: Մարդիկ կան, ասում են՝ երկարատեւ այդ սնունդը, որ ուտում ենք, ստամոքսի այրոցներ են առաջացնում, երեւի յուղից է»:
Քննարկմանը ներկա արդարադատության նախարարության ՔԿՀ վարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի պետ Արմեն Հակոբյանը վստահեցրեց, որ բարեփոխումներ են իրականացնում. «Որոշակի չափաբաժիններ նվազել են, որոշակիներն՝ ավելացվել: Օրինակ՝ սերուցքային կարագ նախկինում տրամադրվում էր հիվանդ, հղի, անչափահաս կալանավորներին, փոփոխությամբ ամեն օր 15 գրամ կտրվի, վարսակաձավար կամ վարսակի փաթիլներ են տրամադրվելու, հավկիթը ամսվա ընթացքում՝ 6 հատ»:

Ինչ վերաբերում է սննդից հրաժարվելուն, Հակոբյանն այս դիտարկման հետ համամիտ չէ. «ՔԿՀ-ներում, բացառությամբ Գորիսի ու Արմավիրի, տեղի դատապարտյալներն են սնունդը պատրաստում: Որեւէ դատապարտված անձ չի կարող անորակ սնունդ պատրաստել, հենց իրենց ներքին բարքերի իմաստով: Որոշակի մանիպուլյացիաներ են անում՝ փորձում հրաժարվել, թե ինչո՞ւ ինձ վաղաժամկետ պայմանական ազատում չեն տալիս»:

Քրեակատարողական վարչության իրավաբանական բաժնի պետի տեղակալ Տիգրան Սահակյանն էլ համամիտ չէ վերահսկող խմբի ներկայացրած ցուցանիշների հետ: Սահակյանն ասաց, որ իրենք էլ են ուսումնասիրել. «ՔԿՀ-ներում օրական ստանում են մոտ 100 հանձնուք, 100-ը 3800 կալանավորներին չի բավարարի»:
Պարոն Ռեւազյանն էլ հակադարձեց. «Օրական 100 հանձնուքը չի նշանակում նախատեսված է 100-ի համար, նրանք պայմանավորվում են, որ ասենք՝ շաբաթը մեկի համար հանձնուք բերեն, ու մի քանի հոգով ուտում են»:

Պարոն Հակոբյանը վստահեցրեց, որ քննարկվում է, որպեսզի կալանավայրերում սննդի պատվիրակումը որեւէ ծառայություն իրականացնի: Ինչ վերաբերում է հնչեցրած հարցին, թե ՔԿՀ-ներում միրգ չի լինում, ոլորտի պատասխանատուներն ասացին՝ եթե միրգ չի լինում, փոխարինվում է մրգահյութով:

Հարցին՝ ՔԿՀ-ներում զուգարանների մաքրման աշխատանքները կատարում են ամենաճնշվածները եւ չեն էլ վարձատրվում, արդյոք սա նորմա՞լ երեւույթ է, Արմեն Հակոբայնը հրաժարվեց պատասխանել, իսկ Սահակյանը վստահեցրեց. «Օրենսդրությամբ դատապարտյալների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են: Դատապարտյալն ինքնուրույն է ներգրավվում նման աշխատանքում, իրեն ոչ մեկը չի ստիպում, կնքվում է պայմանագիր, որի դիմաց վարձատրվում է»:
Պարոն Ռեւազյանն էլ ասաց, որ իրենց դիտարկումներով՝ պայմանագիր կա, բայց խնդիրն այն է, որ կալանավայրերում շերտազատումներ կան. «Նման մարդիկ կաստայի մակարդակի վրա են, ամեն դատապարտյալ չէ, որ զուգարան կմաքրի, հիերարխիկ հարաբերությունների հիմքի վրա է, զուգարան մաքրելը նվաստացուցիչ է իրենց ներքին բարքերով: ՔԿՀ-ներում հիերարխիայի գլուխ կանգնածները սերտ հարաբերություններ ունեն ՔԿՀ-ի ղեկավարների ու աշխատակիցների հետ»:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

15.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31