Լրահոս
Օրվա լրահոսը

Գծատերերը սպասողական վիճակում են, նոր ներդրումներ չեն անում, շարժակազմը քիչ են դուրս բերում

Հուլիս 17,2017 13:30

Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտային ցանցը չի բավարարում անվտանգ, հարմարավետ եւ որակյալ սպասարկում իրականացնելու պահանջները: Այս մասին Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավին հայտարարեցին նաեւ քաղաքային իշխանությունները`
խոստանալով ցանցը բարեփոխել` քաղաքացիներին էլ հորդորեցին մի քիչ համբերել: Այդ նպատակով կրկին վարկ վերցրինք, 800 հազար եվրո վճարեցինք միջազգային փորձագետին, որն այժմ ուսումնասիրում է հասարակական տրանսպորտի ոլորտը եւ ցանցը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու առաջարկներով է հանդես գալիս:
Տրանսպորտային ցանցը բարեփոխելու ծրագրեր ունի նաեւ «Ելք» դաշինքը:

«Առավոտի» հարցին, թե ի՞նչ նորություն կա այս ոլորտում, «Ելք» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Խաժակյանն ասաց, որ իրենք արդեն առաջարկներ են ուղարկել նոր տրանսպորտային ցանցի միասնական տոմսի ձեւաչափի վերաբերյալ, որը քննարկման փուլում է` թե ինչպիսին պետք է լինի տոմսը, ինչ սկզբունքով պետք է գումար գանձվի քաղաքացիներից եւ այլն:

«Նոր տրանսպորտային ցանցը նախատեսում է տեղփոխ, այսինքն` մեկից ավելի տրանսպորտի օգտագործում, ամենայն հավանականությամբ՝ երկու: Բնականաբար գործող համակարգը չի կարող գործել, որովհետեւ այս դեպքում կստացվի, որ քաղաքացին կրկնակի է վճարում, այդ պատճառով մենք առաջարկել ենք, թե մեր պատկերացումներով ինչպիսին պետք է լինի միասնական տոմսը: Խորհրդատուն առաջարկել էր երեք հիմնական տարբերակ` ժամային հաշվարկ, կիլոմետրերով հաշվարկ եւ քաղաքի գոտիավորում, բայց այդ երեքն էլ խնդիրներ ունեին: Մենք առաջարկել ենք ֆիքսված 1 տոմս, այսինքն` արժեքի առումով քաղաքացու համար պետք է կանխատեսելի լինի եւ կախված չլինի այն ժամանակահատվածից, որով տրանսպորտը մեկ կետից մյուս կետը կհասնի: Մեկ տոմս, որի մեջ ներառվում է այդ տոմսի վավերականության ժամանակահատվածը: Դրա նպատակն ապահովելն է բացառապես քաղաքացու տեղփոխը: Վճարեցի տոմսի համար, նստեցի առաջին երթուղայինը, հասա տեղփոխի կետին, այդ կետում սպասեցի որոշակի ժամանակահատված երկրորդ տրանսպորտային միջոցին եւ այդ իմ ժամանակահատվածը այդ հնարավորությունն է տրանսպորտի վավերականության, որ հնարավորություն ունենամ նստելու երկրորդ տրանսպորտը»:

Ըստ Դավիթ Խաժակյանի, քաղաքի գծերը բաժանված են լինելու սնուցող եւ հիմնական գծերի, եւ հիմնական գծերն էլ հենց ապահովելու են վարչական շրջանների միջեւ տեղաշարժերը. «Եթե, նույնիսկ, երկրորդ տրանսպորտը խցանման մեջ լինի, ապա, եթե տոմսի վավերականության ժամանակահատվածը սպառվի, ապա դու այդ տրանսպորտի մեջ ես արդեն, երբ կհասնես նշանակված տեղին: Այդ վավերականության ժամանակահատվածը մենք ձեռնպահ ենք մնացել ասելու, թե քանի րոպե պետք է լինի` 30 թե 40 րոպե, որովհետեւ խորհրդատուն պետք է հաշվի եւ ասի թե միջինում մայրաքաղաքում խցանումները եւ ճանապարհի վրա ծախսված ժամանակը որքան կկազմի: Խորհրդատուն կասի ինչքան է այդ թիվը կազմում, եւ եթե այս առաջարկը այլ խնդիրներ չի առաջացնի տրանսպորտային ցանցի տեսանկյունից, ապա այդ ժամանակահատվածը կդառնա տեղփոխի ժամանակահատված, եւ քաղաքացին, մեկ տոմսի շրջանակներում մեկ տեղից կհասնի մյուս տեղը` փոխելով երկու տրանսպորտ»:
Մեր այն հարցին, թե այս առաջարկները, նախքան իրագործելը դրվելո՞ւ են հանրային քննարկման, պարոն Խաժակյանն ասաց` այո. «Առաջիկայում սպասվում են լայն, հանրային քննարկումներ, բացի դրանից լինելու է նաեւ օնլայն հարթակ, որտեղ հնարավորություն կընձեռնվի քննարկելու նոր ցանցի մանրամասները, եւ Երեւանի բնակիչները կկարողանան իրենց կարծիքն արտահայտել»:

«Առավոտի» այն հարցին, թե նոր ցանցի ներդրման արդյունքում ուղեվարձի թանկացում սպասվո՞ւմ է, Դավիթ Խաժակյանն ասաց, որ այս պահին ուղեվարձի թանկացման հարցը չի քննարկվում. «Բնականաբար մեր նախապատվությունն այն է, որ արժեքը պահպանվի, սակայն, եթե հաշվի առնենք, որ բերվելու են նոր ավտոբուսներ, ցանցը ունենալու է բոլորովին այլ տրամաբանություն եւ միայն պարզ դառնա հաշվարկներով, թե ինչպիսի ներդրում է պետք իրականացնել այս ցանցը գործարկելու համար, որքան են լինելու նախնական ներդրումները, այ այդ ժամանակ պարզ կլինի տոմսի արժեքը: Այստեղ երկու կողմից էլ կարող են լինել դիտարկումներ. եթե նոր շարժակազմ են բերելու դա, բնականաբար, ծախս է, բայց մյուս կողմից էլ ցանցը լինելու է ավելի օպտիմալ: Այն գծերը, որոնք սպասարկելու են այդ ցանցը, գործող գծերի քանակից լինելու են երկու-երեք անգամ պակաս նախկինի նկատմամբ: Մի կողմից օպտիմալացվելու է համակարգը, մյուս կողմից նոր ներդրումներ են բերվելու: Ընդ որում, եթե մեկ տոմսի արժեքը գնահատվի ավելի բարձր կամ ավելի ցածր, մեծ դեր է ունենալու ցանցում համայնքային բյուջեն, բնականաբար բյուջեի սուբսիդավորման միջոցով եւս այստեղից ծախսեր կարող են ունենալ եւ կարող է մեղմել այդ համակարգի գործարկման արժեքը»:

Մեր այն հարցին էլ, թե նախընտրական շրջանում քաղաքային իշխանությունները միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետ էին նշում 2018 թվականը, արդյոք իրատեսակա՞ն է այդ ժամկետը, պարոն Խաժակյանը պատասխանեց, որ այդ առումով կասկածներ ունի, քանի որ ցանցը դեռ նախագծման փուլում է. «Կան բազմաթիվ հարցեր, որոնք պետք է պարզ դառնան նախքան ցանցի ամբողջական գործարկումը: Բայց մենք հետեւելու ենք, որ ժամկետները իրագործվեն, որովհետեւ մի այսպիսի խնդիր էլ կա. այն սպասումները, որ կան ներկայիս գծատերերի մոտ, տարբեր երթուղիներ սպասարկողների մոտ, այդ սպասումներն ավելի են վատացնում գործող տրանսպորտի վիճակը: Նոր ներդրումներ չեն արվում, շարժակազմն ավելի քիչ է դուրս բերվում եւ Երեւանի տրանսպորտը սկսել է ավելի վատ աշխատել` այն սպասումով, որ նոր ցանց պետք է գործարկվի»:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

15.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31