Աշնան սկզբներին էր: Փայլակի ղեկավարած աշխատանքային կոլեկտիվը որոշեց գնալ Գառնու ձոր՝ իր կիրակնօրյա հանգիստը վայելելու: Բայց պայմանը այնպիսին էր, որ Երևանից առավոտյան պետք է գնան ոտքով և այնտեղ ոչ մի խորոված կամ այլ ուտելիքներ չպատրաստեն, այլ վերցնեն իրենց հետ տանից այն հնարավոր պատրաստի ուտելիքը, որը ձեռքի տակ կլինի տվյալ պահին կամ եթե ցանկանում են՝ կարող են որևէ այլ բան պատրաստել: Ալկոհոլային խմիչքը պետք է լիներ միայն հասարակ օղին, նրա հետ էլ՝ նաև որևէ հանքային ջուր:
Իհարկե, նրանք մի քանի անգամ իրենց հանգիստը անցկացրել էին բնության գրկում, ավտոմեքենաներով գնացել, խորոված ու խաշլամա պատրաստել, տարբեր խմիչքներ օգտագործել, մի անգամ նույնիսկ մի ամբողջ ոչխար էին հետները տարել, մորթել, խաշլամա ու խորոված սարքել, բայց այս անգամ միջոցառումը պետք է ընթանար այլ սցենարով:
Ես չգիտեմ այսպիսի դեպքեր այլ կոլեկտիվներում եղել են, թե՝ ոչ, բայց նրանք փորձեցին իրականություն դարձնել այս հետաքրքիր միջոցառումը:
Բնականաբար, նպատակահարմար չէր, որ նրանք բոլորը միասին մեկնեին, քանի որ ապրում էին քաղաքի տարբեր մասերում, այլ ամեն մեկը կամ փոքրիկ խումբը, ովքեր նպատակահարմար կգտնեին միավորվելու, կարող էին ինքնուրույն մեկնել նախապես ընտրված վայր՝ նույն ժամին հանդիպելու պայմանով:
Խումբը, որին միացել էր նաև կոլեկտիվի ղեկավար Փայլակը, բավականին մեծաքանակ ստացվեց և նրանք ուսապարկերով ու սպորտային հագուստով, առավոտյան ժամը ութին հավաքվելով քաղաքի նշանակված վայրում՝ ճանապարհ ընկան դեպի Գառնի:
Բավականին պարզ եղանակ էր, ոչ այնքան շոգ, որ դժվարացներ քայլարշավը, միևնույն ժամանակ էլ՝ կոլեկտիվի գրեթե բոլոր անդամները երիտասարդ տղաներ և աղջիկներ էին, էներգիայով ու ավյունով լի:
Երկու ժամից ավելի տևեց նրանց քայլարշավը դեպի Գառնու ձոր:
Տեղ հասնելով, նրանք ընտրեցին ստվերոտ մի հարմար տեղ և սկսեցին պատրաստություն տեսնել նախաճաշի, ապա և ճաշի համար:
Սեղանը բավականին առատ ու բազմազան էր ստացվելու, մեկը խաշած ձու ու կարտոֆիլ էր բերել, մյուսը խմորեղեն-քաղցրավենիք, մեկ ուրիշը հավի կամ տավարի եփած միս, մնացածները՝ վարունգ, պոմիդոր, զանազան մրգեր և բանջարեղեն:
Մի խոսքով, ամեն ինչ կար նախաճաշելու և ապա ճաշելու համար:
Կանայք, իհարկե, զբաղվեցին սեղանի ձևավորումով, հենց գետնի վրա փռելով իրենց հետ բերած սփռոցները, իսկ տղաների խումբը սկսեց նարդիով, թղթախաղով ու շախմատով զբաղվել:
Մթնոլորտը ուրախ, աղմկալի ու զվարճալի էր:
Վերջապես կանայք տղաներին նախաճաշի հրավիրեցին, որին տղաները ոգևորիչ բացականչություններով արձագանքեցին, քանի որ շատերը արդեն բավականին սովածացել էին:
Տարբեր կեցվածքներով, որը պառկած, որն էլ կքանստած կամ այլ դիրքում՝ օգտվեցին սեղանի բարիքներից, որից հետո նորից սկսվեց տարբեր խաղերի, նույնիսկ մինի ֆուտբոլի կազմակերպումը:
Իսկ նախաճաշի ժամը այնքան արագ մոտեցավ, որ նրանք նույնիսկ զարմացան, որ կանայք արդեն ճաշի հրավիրեցին: Ճաշը երկար տևեց, որովհետև արդեն բացվել էին օղու և հանքային ջրերի շշերը և արագ գինովցած երիտասարդները սկսեցին երգեր դնդնալ, ապա և իսկական համերգ տալ:
Վարդգեսը շրջահայաց էր գտնվել և իր հետ բերել էր փոքրիկ հարմոնը, որը սկսեց զիլ ձայնակցել երգողներին:
Կոլեկտիվի ամենաընդունված երգչուհին Ժենյան էր, որն էլ ունենալով բավականին երաժշտական ճաշակ ու բարձր, հաճելի ձայն, հարմար առիթը բաց չթողեց և իր երգացանկը հրամցրեց ներկաներին:
Այսպես աշխույժ գործընթացը առաջ էր ընթանում, երբ հանկարծ նրանց մոտեցավ մի անծանոթ երիտասարդ, որը բարևելուց հետո ասաց.
-Տղանե՛ր, ձեզանից ոչ հեռու իրենց կիրակնօրյա հանգիստն են անցկացնում ձեզանից ավելի տարեց մարդիկ, որոնք տեսնելով ձեր աշխույժ ցերեկույթը, ձեզ են ուղարկել այս նվերը:
Պարզվեց, որ նվերը մեկ դույլ դեռ չհասունացած գինի էր (մաճառ):
Դե՛, տղաներն էլ արագ գործի անցան, օղու բարերար ազդեցության տակ սկսեցին վայելել աշնան քաղցր, դեռ չհասունացած գինին: Որոշ ժամանակ անց, երբ աղմուկն ու երգեցողությունը իրար էին խառնվել, նրանց մոտեցավ նույն երիտասարդը:
-Տղանե՛ր, եթե կարելի է, «ծերուկները» խնդրում են իրենց մոտենաք և ձեր միջոցառումը իրենց հետ անցկացնեք՝ երգ ու պարով:
Ու «գնչուական թափառախումբը» մեծ հոժարությամբ գնաց և միացավ տարեցներին:
Պարզվեց, որը նրանցից մեկը տաքսիների ծառայության ղեկավար էր, մյուսը ինչ որ հիմնարկի տնօրեն, մեկն էլ մի անշարժ գույքի գործակալության պետ, մի խոսքով, բավականին ունևոր մարդիկ, որ այդ օրը որոշել էին այդպես անցկացնել իրենց հանգիստը բնության գրկում:
Պատվերները բազմազան ու բազմաթիվ էին, իսկ Ժենյան իր տարերքի մեջ էր:
Երեկոյան ժամը տասին մոտ էր, արդեն մութն ընկել էր և պաշտոնյաները որոշեցին տուն վերադառնալ:
Նրանցից մեկ հարցրեց.
-Երեխանե՛ր, իսկ դուք ի՞նչով եք վերադառնալու քաղաք:
Երևի նկատել էր, որ նրանք տրանսպորտային ոչ մի միջոց չունեն իրենց տրամադրության տակ:
-Իհարկե, ոտքով,-ձայնակցեցին մի քանիսը,-ուրի՞շ ինչով, հասարակական տրանսպորտն էլ արդեն չի աշխատում:
-Իսկ չէի՞ք ցանկանա մեր ավտոբուսի ծառայությունից օգտվել,-հարցրեց նա ժպտալով:
Իհարկե, կուզեին, մեծ մասը գինովցած վիճակում էին, քանի որ խառնել էին օղին ու աշնանային գինին:
Մարդատար ավտոմեքենայի վարորդը, իհարկե պաշտոնյաներից մեկն էր, իսկ քանի որ ընկերներից մեկը չէր տեղավորվել մարդատարում, նրա պատճառով մի ամբողջ ավտոբուս էին բերել հետները:
Քիչ հետո Փայլակին մոտեցավ ավտոբուսի վարորդը և նրան հրավիրեց նստելու մարդատարի մեջ, քանի որ պաշտոնատար անձինք առաջարկել էին Ժենյային իրենց հետ վերադառնալ քաղաք, իսկ նա հրաժարվել էր, պատճառաբանելով, որ առանց իր տնօրենի ներկայության չի նստի իրեն անծանոթ մարդկանց ավտոմեքենան:
Հզորները դեմ չէին եղել և իրենց ընկերներից ավելի թույլին ուղարկել էին ավտոբուս:
Եվ ահա Փայլակը, Ժենյան և միջին տարիքի մի տղամարդ նստեցին մարդատարի հետևի մասում, իսկ առջևում՝ վարորդ պաշտոնյան և նրա ազդեցիկ ընկերը: Մեքենան շուտով ասֆալտապատ, ուղիղ ճանապարհ դուրս եկավ, իսկ լուսինն էլ սկսեց իր պտույտը շարունակել պարզ երկնքում:
Ընդմիջումներով մեքենան կանգ էր առնում, որ ավելի լիաթոք ըմբոշխնեն Ժենյայի երգի ելևէջները, ապա նորից դանդաղորեն առաջ էր շարժվում:
Ու այդպես շարունակելով, ուշ կեսգիշերին նրանք մոտեցան քաղաքի մատույցներին:
Բայց մինչ այդ ավտոմեքենայում տեղի էր ունեցել տհաճ ու քստմնելի արարք: Ավտոմեքենայի հետևի նստարանին նստած տղամարդը, գուցե ալկոհոլի ազդեցությունից իրեն չկարողանալով տիրապետել, ձեռքը գցել էր Ժենյայի վզովը, մտերմաբար կամ իրենից անկախ և Փայլակը նկատելով Ժենյայի վարանմունքը, իր աշխատակցուհուն պաշտպանելու համար, կոպտորեն հարվածել էր այդ անծանոթ տղամարդու ձեռքին, որն էլ, արագորեն այն հետ էր քաշել ու սսկվել:
Առջևի նստածները երևի այդ չէին նկատել կամ չնկատելու էին տվել:
Երբ արդեն քաղաքի պողոտաներից մեկով էին արդեն սլանում, առջևի նստածներից մեկը հարցրեց.
-Երիտասարդնե՛ր, իսկ ձեզ որտե՞ղ ենք տանելու:
-Հանրապետական հրապարակի մոտ մեզ կիջեցնեք, մենք գոհ ու շնորհակալ կլինենք ձեզանից-պատասխանեց Փայլակը:
Այդպես էլ արեցին: Փայլակն ու Ժենյան իջան ավտոմեքենայից, շնորհակալություն հայտնեցին և մի փոքր քայլելուց հետո նստեցին տաքսի:
Ժենյային հասցնելով իրենց տուն, բարի գիշեր մաղթելով Փայլակը շարունակեց ճանապարհը:
-Ա՛յ, տղա ջան, ախր անհանգիստ էինք, ու՞ր ես կորել,-հարցրեց Փայլակի մայրը ուրախանալով, որ որդին վերջապես հայտնվեց:
-Ամեն ինչ լավ էր, բացի մի քստմնելի արարքից,-ասաց Փայլակը ու պատմեց եղելությունը:
Փայլակի ու Ժենյայի համար այդ հրաշալի անցկացված հանգստյան օրը՝ իր աշխույժ ժամանցով երգ ու պարով մթագնվեց ավտոմեքենայի վերջնամասում նստած անծանոթ մարդու քստմնելի արարքով: Կոլեկտիվի մյուս անդամները այդ մասին, բնականաբար, տեղյակ չեղան:
ՍԻՄԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ