Հուլիսի 16-ին «Ոսկե ծիրանի» կազմակերպիչները եւ ժյուրիների անդամները հանդիպեցին լրագրողների հետ:
Վավերագրական ֆիլմերի մրցույթի ժյուրին ներկայացնող հանրահայտ Յուջին Քորը փառատոնը ներշնչող ու ջերմ որակեց, ասաց, որ հայերին բնորոշ է բացվելու մշակույթը: «Ոսկե ծիրանն» այն հարթակն է, որտեղ կարող են համադրվել տարբեր առանցքներ, անչափ մեծ դրական լիցք կար»,-նշեց նա:
Կինոաշխարհի մեկ այլ երեւելիի` միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահ Հյու Հադսոնի ձեւակերպմամբ, «Ոսկե ծիրանիի» առանցքում սերն էր: Նա նշեց, որ զարմանալիորեն անակնկալի է եկել միջազգային բարձր որակի բազմաթիվ ֆիլմեր տեսնելով երեւանյան փառատոնում: «Ես վաթսուն տարի է ֆիլմեր եմ նկարում եւ Երեւան էի եկել երիտասարդ կինո դիտելու համար»,-նշեց Հադսոնը:
Անդրադառնալով «Ոսկե ծիրան» ստացած հնդիկ ռեժիսորի «Ցանկալի Դուրգան» ֆիլմին` օսկարակիր ռեժիսորն ասաց, որ նման ֆիլմեր պետք է ցույց տալ ողջ աշխարհում, նաեւ փաստեց, որ այն երբեք ցույց չի տրվել Հնդկաստանում ու ցույց չի էլ տրվի:
Նույն մրցույթի ժյուրիի անդամ Սիռո Գեռան խոստովանում է`«Ոսկե ծիրանի» ֆիլմերը իրենց զարմացրել են ոչ միայն կինեմատոգրաֆիկ առումով, այլեւ ստիպել են հուզվել, արտասվել, ծիծաղել: Նրա ձեւակերպմամբ, «Ոսկե ծիրանը» Հայաստանը դնում է միջազգային կինոքարտեզի վրա:
«Հայկական համայնապատկերի» ժյուրիի անդամ, ճանաչված դերասանուհի Մարիամ դ’Աբոն նշեց, որ իր համար հետաքրքիր էր աշխատել «Հայկական համայնապատկեր» մրցույթի ժյուրիում: Նա առանձնացրեց հայկական ֆիլմերի ինքնատիպ կինոլեզուն եւ դերասանական խաղը:
«Մեծ Բրիտանիայում մեզ ամերիկյան ֆիլմերը սպանել են, իսկ այս փառատոնում շեշտադրված էր հայկական ինքնությունը»,-ասաց դերասանուհին:
Փառատոնի միջազգային վավերագրական մրցույթի ժյուրին ներկայացնող Թոմ Ֆասարթն ասաց, որ համաշխարհային կինոյի նման համապատկերի երբեք չէր հանդիպել: «Ուզում եմ հատուկ դրվատել ֆիլմերի ընտրությունը եւ որակը»,-շեշտեց նա:
Ժյուրիի անդամ, ռեժիսոր Դավիթ Մաթեւոսյանը նշեց, որ «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամը քանի տարի է աշխատում է «Ոսկե ծիրանի» հետ: Նա նաեւ կոչ արեց. «Կարդացեք որակյալ գրքեր, որպեսզի որակյալ ֆիլմեր նկարեք»:
Ասուլիսի ժամանակ հարց ուղղվեց փառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանին ԼԳԲՏ համայնքի մասին պատմող աղմուկ հանած ֆիլմերի մասին, որոնք կինոմիությունը հրաժարվեց ցուցադրել ու արդյունքում ամբողջ ծրագիրը հանվեց: «Եղան մարդիկ, որոնք չկարողացան մտնել փառատոնի մեջ իրենց փոքրության, կոմպլեքսների, գուցե մեծության պատճառով… Փառատոնից դուրս բավականին ատելություն կար…»,-ասաց նա: Ապա փաստեց, որ փառատոնի ծրագիրն ավելի համարձակ էր, քան այն փոքրիկ ծրագիրը, որ հանվեց ոմանց պատճառով: Հարություն Խաչատրյանը շեշտեց, որ իշխանությունները երբեք չեն գրաքննել փառատոնը, փառատոնի կազմակերպիչները չեն կարող ֆիլմեր հանել, որովհետեւ դա հավասարազոր կլինի իրենց աջ ձեռքը կտրելուն, մինչդեռ այլ զուգահեռ միջամտություններ եղան, ու իրենց համար պարզ էին բոլոր խաղերը: Նրա ձեւակերպմամբ` հայտնի ֆիլմերի չցուցադրվելը առիթ հանդիսացավ, որպեսզի ոմանք բարձրաձայնեն իրենց սկզբունքների մասին, փորձեն սեւացնել «Ոսկե ծիրանը», սակայն, նրա խոսքերով. «Փառատոնն այնքան ուժեղ է, որ չի կարող ընկնել մի քանի խեղկատակների ոտքերի տակ»:
Ի դեպ ժյուրիի արտասահմանցի բոլոր անդամները շեշտեցին «Ոսկե ծիրանի» բաց լինելը, իսկ Հյու Հադսոնը քանիցս ընդգծեց, որ «Ոսկե ծիրանի» առանցքում մեծ սերն է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ