Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ տարի առանց Տիգրան Տեր-Եսայանի

Հուլիս 16,2017 16:07

Մեկ տարի է, ինչ կյանքին անժամանակ հրաժեշտ տվեց «Ֆորում իրավունքի կենտրոնի» նախագահ, փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը:

Այսօր նրա ընտանիքն ու ընկերները հարգեցին լավ մարդու եւ լավ մասնագետի հիշատակը:

Մեսրոպ Մովսեսյան, «Ա1 պլյուս»-ի նախագահ. «Տիգրանի հետ ծանոթանալու առիթը 2002 թվականի ապրիլին «Ա1 պլյուսի» փակումն էր: Նա առաջիններից մեկն էր, որ եկավ մեր վերջին հաղորդմանը եւ եթերում բողոքեց կատարվածի համար: Դրանից հետո նա առաջարկեց իր բոլոր ուժերն անհատույց ներդնել մեր գործի պաշտպանության համար: Այդ օրվանից մենք շատ մտերմացանք, որովհետեւ Տիգրանն այնպիսի բաց մարդ էր, որ միանգամից գրավում էր քեզ, միանգամից հավատում էիր նրան, միանգամից ուզում էիր ընկերանալ: Այդ ընկերությունը այսօր էլ շարունակվում է եւ շարունակվելու է, քանի ես կամ, քանի որ նրա հետ կապված հիշողությունները, նրա հետ անցկացրած պայծառ րոպեներն ու ժամերն օգնել են ինձ աշխատել, «Ա1 պլյուսին»՝ պահպանել գոյությունը: Տիգրանն, ասես, մեր հիմնարկության շարժիչը լինի: Այս քաղաքն իսկապես շատ լավ դեմքերից մեկին է կորցրել: Շատերը նրան չէին ճանաչում, բայց նրա թողած գործերը, մարդկանց ժպիտ ու մեծ սեր բաժանելը մնացել է եւ քաղաքը հիշում է դա: «Ա1 պլյուսի» փակման առաջին օրվանից դատավարություն սկսվեց, որտեղ Տիգրանը պաշտպանությունն իր վրա վերցրեց եւ ութ տարի տարավ իր ուսերին, ընդհուպ, մինչեւ Եվրադատարանում մեր հաղթանակը: Ի դեպ, Հայաստանից Եվրադատարանում առաջին հաղթանակը Տիգրան Տեր-Եսայանինն է եւ դա «Ա1 պլյուսի» գործն է»:

Ավետիք Իշխանյան. «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ. «Տիգրան Տեր-Եսայանի հետ ծանոթացել եմ 90-ականների վերջերին՝ պաշտոնական մի քննարկման ժամանակ: Հետո միասին գնացինք սուրճ խմելու եւ այդտեղից էլ սկսվեց մեր համագործակցությունը իրավապաշտպանության բնագավառում, հետո նաեւ՝ ընկերությունը: Տիգրանից այնպիսի ջերմություն էր բխում, որ նրա հետ շփվելը հաճույք ու բավականություն էր պարգեւում: Մենք մի քանի գործ միասին ենք վարել՝ նա փաստաբանն էր, ես՝ զբաղվում էի շահի պաշտպանությունով, մասնավորապես, «Ա1 պլյուսի», քաղաքական բանտարկյալների: Նա տրամադրում էր իր գրասենյակը, որտեղ նաեւ ասուլիսներ էինք կազմակերպում, եւ այլն: Մեծ է Տիգրան Տեր-Եսայանի կորուստը եւ նրա արած գործը դեռ պետք է արժեվորվի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31