Հայաստանի Հանրապետության լիակատար կայացման ու զարգացման համար տարբեր քաղաքական ուժեր, տարբեր քաղաքական գործիչներ ու քաղաքագետներ տարբեր ուղիներ ու դեղատոմսեր են մատնանշում: Հիմնականում բերում են զարգացած կամ որոշակի հաջողության հասած երկրների օրինակները: Հիմնականում Սինգապուրի օրինակն են բերում:
Անձամբ ինքս քաջատեղյակ չեմ Սինգապուրի զարգացման ու առաջընթացի մանրամասներից. միայն այն գիտեմ, որ Սինգապուրն իր անակնկալ, անսպասելի ու արտառոց առաջխաղացմամբ զարմանք է պատճառել ողջ աշխարհին՝ ապացուցելով, որ ցանկացած իրավիճակից ելք կա, եթե, իհարկե, որոշակի ցանկություն ու նպատակ կա:
Նաև ենթադրում եմ, որ Սինգապուրն ու Սինգապուրի իշխանությունները ոչ թե այլ երկրների օրինակներով են առաջնորդվել, այլ հիմնականում իրենց երկրի իրավիճակից ու սպեցիֆիկայից են մղվել ու եզրահանգումներ արել: Տեղյակ չեմ՝ Սինգապուրում կոռուպցիայի դեմ պայքարի կառավարական ու պառլամենտական հանձնաժողովներ ստեղծվե՞լ են, թե՞ ոչ, բայց տեղյակ եմ, որ Սինգապուրում կոռուպցիայի դեմ պայքարը լուրջ հաջողությունների է հասել:
Այսինքն՝ դա նշանակում է, որ այնտեղ կոռուպցիայով զբաղվող չափազանց մեծ թվով մարդիկ են լրջորեն պատժվել: Դա նշանակում է, որ Սինգապուրի զարգացումն ու առաջընթացը ոչ բոլոր սինգապուրցիների համար է հաճելի ու ցանկալի եղել: Դա նշանակում է նաև, որ պետության զարգացումը, որ միանշանակ համահունչ է ժողովրդի ու մեծամասնության շահերին, կարող է հակասել որոշակի անհատների շահերին:
Տարիներ առաջ Վրաստանում Սաակաշվիլին էր պայքարում կոռուպցիայի դեմ, բայց ոչ բոլոր վրացիներն էին ողջունում նրա դիրքորոշումները. ավելին՝ վրացիներից շատերն ատեցին և առ այսօր էլ ատում են Սաակաշվիլիին, ով նույնպես ոչ միայն օրինակելի երկրների օրինակներով էր առաջնորդվում, այլեւ հիմնականում հաշվի էր առնում իր երկրի առանձնահատկությունները: Նաև՝ իր սկզբունքներով էր առաջնորդվում: Քննադատողներ միշտ էլ կգտնվեն, բայց որ Սաակաշվիլին հետք թողեց իր երկրի պատմության մեջ՝ միանշանակ է: Ընդ որում՝ հիմնականում դրական:
Հիմա գանք մեզ: Լավ է, որ զարգացած ու հաջողված երկրների փորձից ենք ելնում ու հետևություններ անում, բայց վատ է, որ մեր իսկ փորձից հետևություններ ու եզրակացություններ չենք անում: Ասածս հիմնականում վերաբերում է ընդդիմությանն ու ընդդիմադիրներին, որոնք հիմնականում քննադատում են իշխանություններին և ռեալ ու հիմնարար առաջարկություններ չեն անում: Լավագույն դեպքում բերում են Սինգապուրի և այլ երկրների օրինակները:
Ռուբեն Վարդանյանն էլ, չէ՞, կարող էր ոչ թե իր «Ավրորան» հիմնադրել, այլ մի գլուխ Սինգապուրից խոսել: Բայց նա «Ավրորայի» մրցանակաբաշխությունը նախաձեռնեց, և մենք, չլինելով զարգացած երկիր, կարող ենք շատ զարգացած երկրների համար օրինակ հանդիսանալ:
Այսուհանդերձ, մեզանում մարդիկ գտնվեցին, ովքեր բանավոր և նույնիսկ գրավոր քննադատեցին Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությունը: Նրանք մոտավորապես հետևյալն են ասում. մեր աղքատներին թողած՝ ուրիշներին է միլիոններ տալիս: Այսպես մտածողները չեն հասկանում, որ Ռուբեն Վարդանյանի միլիոնը, ցավոք սրտի, անկարող է վերացնել մեր աղքատների աղքատությունը:
Նաև չեն հասկանում, որ «Ավրորայի» շնորհիվ աշխարհում շատերն իմացան, որ աշխարհում Հայաստան անունով երկիր գոյություն ունի: Ընդ որում՝ երևի չեն էլ ենթադրում, որ աղքատ երկիր ենք: Երևի մտածում են՝ հարուստ ու զարգացած երկիր ենք, որ բարերարներին ու մեծ մարդասերներին միլիոնանոց մրցանակներ ենք տալիս:
Թող այդպես մտածեն: Իսկ մեզնից պահանջվում է այնպես անել, որ նրանց մտածածը համապատասխանի իրականությանը:
Իսկ եթե պահանջում ենք, ոչ թե Ռուբեն Վարդանյանից պահանջենք, այլ մյուսներից: Ռուբեն Վարդանյանն իրենն արել ու անում է, մյուսներն էլ թող իրենցն անեն: Բոլոր մեծահարուստներն ու իշխանավորները: Եվ եթե բոլորն իրենցն անեն, մի օր էլ մենք Սինգապուր կդառնանք:
Ավելի ճիշտ՝ Հայաստան:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ