Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանը աճուրդով շենք է վաճառել 25-ամյա ռուսաստանաբնակ երիտասարդին

Հուլիս 15,2017 20:56

Արդեն 10 օր է՝ Տերյան 3 հասցեում բնակիչներն արգելել են իրենց բակում իրականացնել շինարարական աշխատանքներ: Բանն այն է, որ այդ հասցեում գտնվող ձայնագրման ստուդիան աճուրդով վաճառվել է, եւ հիմա տեղն այլ շինություն է կառուցվում: Ամբողջ տարածքը, բնակիչների խոսքերով՝ փոշու, կեղտի մեջ է:

Նույն հասցեի բնակիչ Վարդան Գաբրիելյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ ի սկզբանե շինարարություն իրականացնողին մի 4 ամիս չեն գտել. «Հետո մեկին բերեցին, ասացին՝ սա է տերը, որի հետ պայմանավորվեցինք տարածքը գնել եւ մեր ուժերով խաղահրապարակ, կանաչ տարածք սարքել: Հետո կարծեցյալ տերը, որը ներկայացել էր ոմն Գեղամ Խաչատրյան, եկավ, թե փոշմանել եմ, չեմ վաճառում»:

Վարդան Գաբրիելյանի խոսքերով՝ միայն երեկվա փաստաթղթերից է պարզվել, որ Գեղամ Խաչատրյանը  ո՛չ ֆիզիկական, ո՛չ ֆինանսական առումով որեւէ կապ չունի կառուցվող շինության հետ:

Շինության տերը, ըստ բնակչի, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի «Ակվա-լեն» շին ՍՊԸ-ի տնօրեն 25 տարեկան մի երիտասարդ է:

«Մենք ի սկզբանե գիտեինք, որ քանդվում է կանաչապատ տարածք կառուցելու համար, հետո տարբեր լուրերից ասացին, որ բազմաֆունկցիոնալ շենք է՝ օֆիսային եւ բնակելի տարածքներով: Ժողովուրդը դեմ է, քանի որ այս տարածքում մոտ 250 բնակարան կա, որտեղ ապրում են մոտ 1000 մարդ: Դուրս է գալիս, որ այս բնակիչներին մի քանի ծառ է հասնում ու սրանով սահմանափակվում է «ավելի բարեկարգ Երեւան», կանաչապատ տարածքներով ծրագրերը»,-ասաց Վարդան Գաբրիելյանը:

Նրա խոսքերով՝ 2 տարբեր խմբի մարդիկ կան. «Մի խմբում, որ գումար են աշխատում՝ ամբողջ ժամանակը, ուղեղը, ռեսուրսը ներդրվում է աշխատելու մեջ: Մյուս մասն էլ, որոնցից մեկն էլ ես եմ, պայքարում են իր դեմ, որովհետեւ այդ ընթացքում ապօրինի գործողություններ է անում, բայց ես այդ ժամանակահատվածում կտրվում եմ իմ աշխատանքից՝ պայքարելով սրա դեմ, բայց ինքը նորից տանը նստած ուրիշ նախագիծ է գծում, որ ուրիշ տեղ քանդի, ուրիշ տեղ փող աշխատի, ուրիշի տունը քանդի, ուրիշին վնաս տա: Ու այս ամենի մեղավորը դառնում է կառավարությունը, քաղաքապետարանը, քանի որ նրանք իրենց գործառույթը լավ չեն կատարում»:

Բնակիչների հիմնական դժգոհությունն այն է, որ քաղաքապետարանը, ըստ օրենքի, չի տեղեկացրել բնակիչներին, որ իրենց բակի շենքը հանվում է աճուրդի. «Եթե մենք հրաժարվեինք այս գույքից, այդ ժամանակ թող հանեին աճուրդի, նորմալ, մարդկային ձեւով եւ մենք էլ ամեն օր մեր գործերից չէինք կտրվի ու գայինք պայքարելու»,- դժգոհում էր Վարդան Գաբրիելյանը՝ շարունակելով, որ դիմել են քաղաքապետին՝ պահանջելով բոլոր փաստաթղթերը՝ կապված այս տարածքի հետ. «Այնուհետեւ խնդրանքով կդիմենք վարչապետին, նախագահին, որ նոր սեփականատիրոջը այլ տարածք տրամադրեն, իսկ այս հողն էլ մնա տարածքի բնակիչներին, որպես կանաչ տարածք»:

Բնակիչների խոսքերով՝ առանց այն էլ այդ տարածքում ժամանակին շենքերը նորմատիվային խախտումներով են կառուցվել՝ 5 հարկանի շենքի փոխարեն կառուցվել է 7 հարկանի, բակում 2 էլեկտրացանց կա, որը շենքերից պետք է մի 10 մետր հեռու լիներ, բայց դա էլ չի պահպանվել:

Բնակիչներին աջակցում է նաեւ «ԵԼՔ» դաշինքի խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, որը ցանկանում է, որ բնակիչների արդարացի բողոքը տեղ հասնի եւ դադարեցվի այդ շինարարությունը:

Մեկ այլ բնակիչ էլ՝ Ագապի Ջելեբյանը, որը մանկաբուժ է, մեզ հետ զրույցում նշեց ոչ միայն շինարարական անհարմարավետությունները, խախտված նորմատիվները, այլեւ առողջական այն խնդիրները, որ առաջացել են այդ կեղտից ու փոշուց. «Երեխաները տառապում են վերին շնչուղիների բորբոքումներով, որոնք կապված են կեղտի, փոշու հետ. վերին շնչուղիները այտուցվում ու շարունակական հազ է առաջանում: Բուժում ենք, 5 օր չանցած՝ նույն գանգատով գալիս են: Առանց այն էլ մեր քաղաքը դարձրել են քարերի, դատարկ շենքերի բնակավայր: Այստեղի բնակիչների մոտ ուժեղացված ալերգիկ ֆոն է նկատվում, երեկ մի կին կար կանգնած, ալերգիկ վիճակը սրացավ, չէր կարողանում խոսել՝ ձեռքերով էր խոսում: Շինհրապարակում աշխատողների առողջությունը եւս վտանգված է: Ես որ տեսա, ինչպե՞ս է փոշու ամպերի մեջ էքսկավատորը կորում, զարմացա, թե էքսկավատորի միջի տղան ո՞նց չի խեղդվել բառիս բուն իմաստով»:

Տիկին Ջելեբյանի խոսքերով՝ մի հատ երեխա չես տեսնի բակում. «Կարոտ ենք բակում երեխայի ճիչեր լսելուն, եթե առաջ երեխաները գնդակով պատուհաններ էին կոտրում, արգելում էինք շատ աղմկել, հիմա կարոտ ենք երեխաների խաղերին ու ձայներին»:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հ. Գ. Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնից ավելի վաղ տեղեկացրել էին, որ Տերյան 1/1 և Տերյան 2 հասցեներում գտնվող, «նախկինում որպես ստուդիա շահագործված և տեղադրված տեսանյութում երևացող շինության սեփականատերը, իր դիմումի հիման վրա, օրենքով սահմանված կարգով,ստացել է քանդման թույլտվություն, որի համար հիմք է ծառայել քանդման աշխատանքների համար ներկայացված համապատասխան փորձաքննության ենթարկված քանդման աշխատանքների նախագիծը:
Տեղեկացնում ենք նաև, որ դեռևս շինարարական հրապարակի կազմակերպման փուլում նախատեսվող աշխատանքների վերաբերյալ համապատասխան տեղեկատվական ցուցանակը սեփականատիրոջ կողմից տեղադրվել է տարածքի տեսանելի վայրում, ըստ այդմ նաև ապահովելով անհրաժեշտ իրազեկման պահանջը»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31