Հուլիսի 13-ին կյանքից հեռացավ Մարատ Ղուկասյանը՝ Անդրիաս Ղուկասյանի հայրը: Հիշեցնենք, որ «Սասնա Ծռեր» խմբավորման քաղաքական պահանջներին աջակցող քաղաքացիական շարժումը համակարգող հակաճգնաժամային խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանն այժմ կալանված է, եւ նրա վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան:
Այսօր Զովունի գյուղի սգո սրահներից մեկում տեղի ունեցավ Մարատ Ղուկասյանի հոգեհանգիստը, որին մասնակցեց նաեւ Անդրիաս Ղուկասյանը: Նրան հնարավորություն է ընձեռվել մասնակցել նաեւ վաղը հոր թաղմանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նախաքննական մարմինը մերժել էր Անդրիաս Ղուկասյանի միջնորդությունը՝ թույլ տալ տեսակցել անկողնային հիվանդ 87-ամյա հորը:
Ըստ դատախազության հաղորդագրության՝ «Անդրիաս Ղուկասյանի կողմից կազմակերպված զանգվածային անկարգություններին մասնակցած անձանց գործողությունների միջոցով իրավապահ մարմինների շղթան ճեղքելու և ՊՊԾ գունդը զավթած կազմակերպված խմբի անդամներին միանալու, նույն խմբի կազմում ապօրինի հրազեն և ռազմամթերք կրելով և պահելով՝ զավթածն ու պատանդներին պահելուն ուղղված դիտավորյալ գործողությունները նրա կամքից անկախ հանգամանքներով ավարտին չեն հասցվել:
Ձեռք բերված փոխկապակցված ապացույցների բավարար համակցության հիման վրա` զանգվածային անկարգություններ կազմակերպելու, կազմակերպված խմբի կողմից զավթված շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ, վերցված պատանդներ պահելու և ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք պահելու փորձի համար Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, 34-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-235-րդ հոդվածի 3-րդ մասով»: