Բա, էսպես գնա, մենք ո՞ւր կհասնենք,
Երբ հայտնվել ենք կործանման եզրին…
Ժամանակը չէ՞, մեր մեջքը ուղղենք,
Եվ ամուր կառչենք այս հրաշք երկրին:
Բա, էսպես գնա, մենք ո՞ւր կհասնենք,
Երբ երկրում արդեն արժեքներ չկան…
Այդ կորուստները ինչպե՞ս ետ բերենք,
Որ մենք չդառնանք կործանման վկան:
Բա, էսպես գնա, մենք ո՞ւր կհասնենք,
Երբ արտագաղթը խեղդում է երկրին…
Ժամը չէ՞ արդյոք, որ դեմը առնենք,
Եվ հանգիստ խղճով նայենք աշխարհին:
Բա, էսպես գնա, մենք ո՞ւր կհասնենք,
Երբ անորոշ են բոլոր քայլերը…
Ի՞նչ լուծումներով վիճակը փրկենք,
Որ չկործանվի մեր սուրբ երկիրը:
Բա, էսպես գնա, մենք ո՞ւր կհասնենք,
Երբ կոտրվել է մարդկանց հավատը…
Կա՞ մի հետագիծ, որով մենք քայլենք,
Եվ փրկենք երկրի անհույս վիճակը:
Բա, էսպես գնա, մենք ո՞ւր կհասնենք,
Եթե երկիրը իջնում է անդունդ…
Մի՞թե մի վերջին հնարք կգտնենք,
Որ մեր երկրին տանք փրկության ծնունդ:
Բա, էսպես գնա, մենք ո՞ւր կհասնենք,
Երբ չկա նախկին միասնությունը…
Մենք ինչպե՞ս պետք է այս մարտն էլ հաղթենք,
Որ խրոխտ պահենք տոկունությունը:
Բա, էսպես գնա, մենք ո՞ւր կհասնենք,
Երբ ամենքը լոկ իր հարցն է լուծում…
Այսպիսի վարքով ի՞նչ պետք է անենք,
Երկրում չլինի անդարձ կործանում:
Բա, էսպես գնա, մենք ո՞ւր կհասնենք,
Եթե մենակ ենք այս բիրտ աշխարհում…
Ո՞ւմ վրա պետք է մեր հույսը դնենք,
Երբ մեր ներսում կա շատ մեծ բաժանում:
Բա, էսպես գնա, մենք ո՞ւր կհասնենք,
Եթե մեր հոգում ստրուկն է նստած…
Մենք ինչպե՞ս պետք է ինչ-որ բան փոխենք,
Երբ շուրջը վախի ամպով է պատված:
Բա, էսպես գնա, մենք ո՞ւր կհասնենք,
Երբ հոժարակամ դարձել ենք ծառա..
Նման որակով ի՞նչ պետք է անենք,
Որ մեր անունը պարզերես դառնա:
Վերջապես, էսպես մենք ո՞ւր կհասնենք,
Երբ ուժեղներն են իրար դեմ ելել…
Մենք մեր պատիվը կարո՞ղ ենք փրկել,
Որ այս քաոսում իսպառ չկորչենք…
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ