Տերյան 3 հասցեի բնակիչների ահազանգի հետքերով՝ այդ շենքի բակ էր գնացել Երեւանի ավագանիում «ԵԼՔ» դաշինքի խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Բնակիչները դժգոհում են այն փաստից, որ իրենց բակում՝ առանց բնակիչներին պատշաճ տեղեկացնելու, իրազեկելու՝ իրականացվում են շինարարական աշխատանքներ:
Անահիտ Բախշյանը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ սա երեւանցիների համար հերթական շատ լուրջ խնդիրն է: Տիկին Բախշյանն անօրինական է համարում այն, որ առանց բնակիչներին իրազեկելու եւ իրենց համաձայնությունը ստանալու՝ սկսել են այդ գործողությունները. «2014 թվականին Երեւանի ավագանին ընդունել է որոշում՝ տեղական ինքնակառավարմանը ՀՀ քաղաքացիների մասնակցմամբ կարգ: Այդ կարգի մեջ գրված է, որ նախ պետք է իրազեկել, տեղեկացնել, այսինքն` բնակիչները պետք է մասնակցեն իրենց վերաբերող որոշումների կայացմանը: Ես արդեն քաղաքապետին համապատասխան հարցում եմ արել՝ պահանջելով այն բոլոր փաստաթղթերը, որոնցով հողը աճուրդի է հանվել ու արդյոք այդ շենքը եղել է Երեւանի սեփականության գույք, քանի որ նա իրավունք ունի միայն իր սեփական գույքը վաճառել»:
Ըստ տիկին Բախշյանի, հանրապետական կուսակցության ավագանու անդամը առաջինը պետք է կանգնի այս մարդկանց կողքին, քանի որ իրենց կուսակցության ներկայացուցիչն է ընտրվել. «Մեր քաղաքապետը, փոխքաղաքապետերը այս տարածքում կապրեի՞ն: Կապրեի՞ն մի տարածքում, որտեղ օդ չկա, մարդիկ փոշուց խեղդվում են»:
Բնակիչները շատ բնական պահանջ ունեն՝ այգի, բակ, որը պատրաստ են նաեւ իրենց միջոցներով կառուցել:
Երեկ բնակիչները փակել էին համապատասխան մուտքը՝ արգելելով շինարարական գործողություն սկսել: Տիկին Բախշյանը եւս ներկա է եղել այդ գործողություններին: Նրա խոսքերով՝ եղել են նաեւ 2 ոստիկան, որոնցից մեկի ձեռքին ՍՊԸ-ի տնօրենի դիմումն էր այն մասին, որ խնդրում է բնակիչների բողոքը, արգելքը վերացնել եւ ազատություն տալ, որպեսզի ինքը աշխատի. «Գրված էր սույն թվականի հուլիսի 4-ին ոստիկանապետին, իսկ թույլտվությունը ստացել էր հուլիսի 11-ին, այսինքն` նախքան շինարարական թույլտվությունը ստանալը ինքը Կենտրոնի ոստիկանապետին դիմել է, որոնք էլ անմիջապես եկել են այդ ՍՊԸ-ի տնօրենի «իրավունքները» պաշտպանելու, քանի որ հայտնի չէ, եւ հայտնի չէ՝ որքանով է օրինական այս ամբողջ գործընթացը»,-ասաց Անահիտ Բախշյանը:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ