Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական «ստի ոտը կարճ է». ինչո՞ւ եւ ինչպե՞ս է մոլորեցնում Զաքիր Հասանովը

Հուլիս 15,2017 15:43

Aravot.am-ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Աշոտ Մովսիսյանն անդրադարձավ օրերս Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցին, որում Հասանովը շոշափել է նաեւ Արցախյան հակամարտությանն առնչվող հարցեր:

Մեր զրուցակիցը նախ նկատեց. «Ադրբեջանի պաշտպանության նախարարի հարցազրույցն, ըստ իս, ունի որոշակի դրդապատճառներ և նպատակներ։ Վերջին շրջանում դիվանագիտական մակարդակում Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում բավականին լուրջ լարվածություն է նկատվում, որը հիմնականում կապված է նաեւ երկու երկրների արտգործնախարարությունների՝ միմյանց ուղղված փոխադարձ մեղադրանքներով։ Բնական է, որ ռուսական կողմի կոշտ դիրքորոշումը, այն է՝ պաշտպանել նաև իր՝ ազգությամբ հայ քաղաքացիների շահերը երկրի սահմաններից դուրս, դուր չի գալիս ինչպես պաշտոնական Բաքվին, այնպես էլ ադրբեջանական հասարակությանը։ Ուստի հասարակության շրջանում հակառուսական տրամադրություններն աճել են։ Կարծում եմ, «Ռիա Նովոստիի»՝ Զաքիր Հասանովի հետ հարցազրույց անցկացնելու և որպես խոսափող ծառայելու դրդապատճառներից մեկն էլ հակառուսական տրամադրությունները մեղմելն է, ինչը, կարելի է ասել, որոշ չափով աշխատեց»:

Աշոտ Մովսիսյան

Ապա Աշոտ Մովսիսյանն անդրադարձավ Զաքիր Հասանովի հայտարարությանը, թե 2017թ.-ին Ադրբեջանի ԶՈՒ ֆինանսավորումն ավելացել է 17-20%-ով. «Ադրբեջանի պես թույլ զարգացած քաղհասարակություն ունեցող երկրի պաշտոնյան կարող է իրեն թույլ տալ հայտարարել նման կեղծ թվեր և ցանկությունը ներկայացնելու որպես իրականություն…մանավանդ, երբ խոսքը բանակի մասին է: Ռազմական բյուջեի աճի մասին հայտարարությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հակասում է այդ երկրի խորհրդարանին։ Դեռևս այս տարվա Ադրբեջանի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հստակ էր, որ ռազմական բյուջեն կրճատվել է։ Սա ուղղակի կբնութագրեի որպես հերթական մերկապարանոց հայտարարություն»:

Փորձագետը խոսեց Հասանովի այն պնդման մասին, թե Ադրբեջանն արդեն ունի հակահրթիռային զենք, որն ունակ է հարվածել հայկական կողմի «Իսկանդերից» արձակված հրթիռներին: «Երբ Ադրբեջանի գլխավոր զինվորականը պարբերաբար խոսում է հայկական կողմի սպառազինության հնարավորություններից և շեշտադրում «Իսկանդեր» ունենալու փաստը, ապա, իսկապես, պետք է ևս մեկ անգամ արձանագրել, որ մեր «իսկանդերները» սառը ցնցուղի ազդեցություն են թողել Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության և ադրբեջանական հասարակության վրա։ Զաքիր Հասանովի խնդիրներից մեկն էլ այդ սառը ցնցուղի էֆեկտը մեղմելն է, ինչն էլ պարբերաբար անում է։ Ադրբեջանի ղեկավարության կողմից նման «խոստումներ» վաղուց են մեզ հայտնի։ Դեռևս Արցախյան գոյամարտի ժամանակ այնտեղ խոսում էին Սևանում լողալու և թեյ խմելու մասին։ Իսկ իրականությունը բոլորիս է պարզ»,-նկատեց Աշոտ Մովսիսյանը:

Նա ընդգծեց, որ Ադրբեջանը նման քարոզչական հնարքներին զուգահեռ՝ շարունակաբար զինվում է, ինչը վտանգ է ոչ միայն մեզ, այլև տարածաշրջանի, այդ թվում՝ ՀՀ բարեկամ Իրանի համար։

Խնդրեցինք մեկնաբանել նաեւ Հասանովի այն պնդումը, թե ապրիլյան ռազմական գործողությունները դադարեցվել են ՌԴ-ի անմիջական միջնորդությամբ՝ հայկական կողմի խնդրանքով: Աշոտ Մովսիսյանը փաստեց. «Բոլորին է հայտնի, որ ապրիլյան ռազմական գործողությունները դադարեցվել են Ռուսաստանի միջնորդությամբ, սակայն այդ միջնորդությունը տեղի է ունեցել ոչ թե հայկական կողմի, այլ Բաքվի խնդրանքով: Այստեղ այլ կարծիք լինել չի կարող։ Ապրիլի 3-ին ոչ թե հայկական կողմն է հայտարարել ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, այլ՝ հենց Ադրբեջանը, ինչը փաստում է, որ պաշտոնական Բաքուն ցանկություն ուներ պահելու տվյալ պահին ստեղծված «ստատուս-քվոն», ուստի հենց ինքն էր դիմել Ռուսաստանին, որպեսզի վերջինս միջնորդի՝ հրադադար հաստատելու համար։ Ադրբեջանական «ստի ոտը կարճ է», հատկապես երբ ստում է այդ ոլորտում «ոչ պրոֆեսիոնալը»։

Աշոտ Մովսիսյանը հիշեցրեց, որ նույն հարցազրույցում Զաքիր Հասանովն ասաց՝ ապրիլին Ադրբեջանն օգտագործել է նաև ՌԴ–ից գնված զենքերը: Ըստ փորձագետի, սրանով Զաքիր Հասանովը ստանձնել է նաև Ադրբեջանում ռուսական լոբբինգ իրականացնողի դերը. «Այդ հայտարարությունն ուղղված էր նաև մեր հասարակության դեմ՝ ցույց տալու, որ Ադրբեջանը մեր դեմ կռվում է մեր ռազմավարական դաշնակցի արտադրած զենքով։ Ընդհանրապես, ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը լուրջ ուշադրություն է դարձնում քարոզչական պատերազմի վրա, նման հայտարարությունները հենց դրա հետևանքներն են։ Ամեն դեպքում, կարծում եմ, պետք չէ տեղիք տալ նման էժանագին քարոզչությանը։ Հայկական կողմը բազմիցս է հայտարարել, որ Ռուսաստանի նման գործելաոճը մեզ համար ընդունելի չէ»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31