Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գազի գինը պետք է 30 տոկոսով նվազի (Տեսանյութ)

Հուլիս 15,2017 11:13

2017 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում, Հայաստանի ընդհանուր առեւտրաշրջանառության 29, 2 տոկոսն իրականացվել է ԱՊՀ երկրների հետ: Դրա բացարձակ մեծամասնությունը`21, 4 տոկոսը, ՌԴ-ի հետ: Նույն ժամանակահատվածում ՀՀ-ից արտահանումն աճել է 23, 1 տոկոսով, որից 22 տոկոսը դեպի ՌԴ: Այս վերլուծությունն իրականացրել է Եվրասիական փորձագիտական ակումբը: Դիտարկվել է ՀՀ տնտեսությունը 2017 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում: Այդ ընթացքում գրանցվել է նաեւ 6,4 տոկոս տնտեսական ակտիվություն:

Վերլուծության համաձայն, 2017-ի մայիսը նշանավորվել է տնտեսական ակտիվության արագացված աճի տեմպերով`8, 9 տոկոս, 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Սա ամենաբարձր մակարդակն է 2013-ի հունվարից: Ակումբի փորձագետների կանխատեսմամբ, 2017-ի երկրորդ կիսամյակին հնարավոր է հետագա տնտեսական ակտիվության արագացված աճի տեմպ:

Անցած տարի, արտահանումը Հայաստանից ԵԱՏՄ պետություններ, ավելացել է 53 տոկոսով: «Նման ցուցանիշը հուսադրող է եւ թույլ է տալիս ենթադրել, որ Հայաստանի գործարարները կարողացան հաղթահարել անորոշությունները`ԵԱՏՄ պետություններ արտահանման ընկալման հետ կապված, որոնք գոյություն ունեին 2015-ին»,- ասված է տեղեկանքում: Ի դեպ, ըստ նույն աղբյուրի, 2017-ի հունվար-մայիս ամիսներին, ԵՄ անդամ երկրների հետ ՀՀ արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել է 23,2 տոկոս:

Աշոտ Թավադյան

Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսական գիտությունների դոկտոր Աշոտ Թավադյանն Aravot.am-ի հետ զրույցում վերլուծելով այս ցուցանիշներն՝ ասաց, որ նման ցուցանիշների պատճառը մաքսային գործառույթների պարզեցումն է` մաքսատուրքերից ազատումը, ռուսական ռուբլու կայունացումը եւ անցած տարի տեղի ունեցած գազի գնի նվազումը:

Այս ամենում, նրա համոզմամբ, էական ազդեցություն ունեցավ նաեւ վերամշակող եւ ջերմոցային տնտեսությունների համար գազի գնի մեկ երրորդով նվազեցումը`156 դրամից 100 դրամ դարձնելով, ինչը հնարավորություն տվեց մեր տնտեսվարողներին ապրանքի ինքնարժեքը 10 տոկոս իջեցնել եւ այդքան օգուտ անել. «Մեր ապրանքը 10 տոկոսով մրցունակ դարձավ, բայց այնպես չէ, որ բոլոր հարցերը լուծվեցին: Մենք պետք է հասնենք նրան, որ Հայաստան ներմուծվող գազը 30 տոկոսով ցածր լինի միջազգային գներից, ինչը բխում է ԵԱՏՄ-ի այն համաձայնություններից, որ տնտեսվարողները հավասար պայմաններ պետք է ունենան:

Երկրորդ խնդիրը`ԵԱՏՄ-ում կոռուպցիայի բավական բարձր մակարդակն է: ԵԱՏՄ համաձայնագրի 69 հոդվածը, որը վերաբերվում է թափանցիկությանը պետք է կյանքի կոչվի, որպեսզի արտահանման ժամանակ սուբյեկտիվ ռիսկեր չլինեն»:

Նա կարեւորում է նաեւ ԵԱՏՄ համաձայնագրի 63 հոդվածի կիրառումը: Այն վերաբերվում է տնտեսության կայուն զարգացում ապահովող մակրոտնտեսական ցուցանիշներին. «63 հոդվածը, գնաճի առումով, չի կատարվում, ինչը բերում է տատանումների`ազդելով մեր տնտեսության զարգացման վրա: Հաշվի առնելով, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում մեր դիրքերը բավական ամուր են, պետք է հետեւողական լինենք, որ այդ հոդվածները կատարվեն: Անթույլատրելի է, որ միջազգային դրույթները չեն կատարվում: Այլապես դրանք կամ պետք է վերանայվեն, կամ`սանկցիաներ կիրառվեն`չկատարելու համար»:

Տնտեսագետը կարեւորում է արտահանման աճը, հատկապես, պատրաստի արտադրանքի, այն առանցքային ցուցանիշ է համարում. «Դա է ապահովում ՀՆԱ-ի աճը: Սովորաբար առավել ուշադրություն է դարձվում ՀՆԱ-ի աճին, բայց այն ավելի սուբյեկտիվ եւ քաղաքա-տնտեսական ազդեցություն ունի»: Վկան`ՀՆԱ-ի տարբեր կանխատեսումներն եւ կախված տարբեր հանգամանքներից, դրանց արագ փոփոխությունները:

ՀՆԱ-ի աճի համար, մեր զրուցակիցը կարեւորում է նաեւ զբաղվածության ցուցանիշները: Կառավարության ներկայացրած հնգամյա ծրագրում հստակ թվեր չկան: Նա հույս ունի, որ կառավարությունը հետագայում կանդրադառնա դրանց: 2017-ի բյուջեի հաստատման ժամանակ, կանխատեսվել էր 3,2 տոկոս տնտեսական աճ, կառավարության հնգամյա ծրագրում նախատեսվում է 5 տոկոս տնտեսական աճ: Հնգամյա ծրագրում նախատեսվում է նաեւ արտահանման աճ`40-45 տոկոս: Աշոտ Թավադյանը նկատում է`այդ ցուցանիշները փոխկապակցված են եւ եթե 40-45 տոկոս արտահանումն աճի, ապա պետք է ունենանք 7 տոկոս տնտեսական աճ: 5 տոկոս աճի պարագայում կունենանք 30-35 տոկոս արտահանման աճ:

«Մեզ համար բեկումնային ցուցանիշն արտահանման 30-35 տոկոսն է: Սա զգայնության շեմն է: Անցյալ տարի մենք արտահանել ենք 1,8 միլիարդ դոլարի ապրանք, եթե մենք այդ ցուցանիշը գերազանցենք 3 միլիարդը, ապա կարող ենք ասել, որ կունենանք իսկապես ՀՆԱ-ի 5 տոկոս աճ: Մեզ համար նաեւ առաջնային է նշել այն փուլերը` իրենց մեխանիզմներով եւ խնդիրներով`վարչական, օրենսդրական, կազմակերպչական եւ այլն, որը կարող է ապահովել արտահանման աճի 30 տոկոսի հասնելուն: Կարեւոր են նաեւ արտահանման կառուցվածքի խնդիրները: Շատ կարեւոր է թե ի՞նչ ես արտահանում»,- ասում է Աշոտ Թավադյանը: Տնտեսագետը կողմնակից է պատրաստի արտադրանքի արտահանմանը, ոչ միայն ավանդական, այլ նաեւ նորարարական բնույթի ապրանքների:

Հաջորդ կարեւոր խնդիրը նա համարում է հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությունների կոորդինացումը, ինչի մասին քանիցս նշել է նաեւ ՀՀ նախագահը: Վերջին անգամ, նախագահը դա արեց մայիսի 18-ին, նոր խորհրդարանի առաջին նիստում ունեցած իր ելույթում: Աշոտ Թավադյանն ասում է`դրամավարկային քաղաքականությունը պետք է նպաստի նաեւ բյուջեի կատարմանը, տնտեսական աճի ապահովմանը եւ հատկապես արտահանման աճի մեծացմանը, բայց այստեղ բազմաթիվ խնդիրներ ունենք:

Մանրամասները` տեսանյութում

Աշոտ Թավադյանն, ի դեպ, կարեւորում է ոչ այնքան ՀՀ-ի արտաքին պարտքի մեծությունը, թեեւ դրա կարեւորությունը չի ստորադասում, որքան այդ վարկերի օգտագործման արդյունավետության աստիճանը: Կարծում է, այստեղ խնդիրներ ունենք եւ եթե արտոնյալ կոչված վարկի նպատակները հստակ նշված չեն, կառուցվածքն արդյունավետ չէ, ածանցյալ խնդիրները նույնպես չեն լուծվում, դա դառնում է ավելի թանկ վարկ պետության վրա, քան կոմերցիոն վարկը եւ հնարավոր չի լինում նպատակին հասնել: Այլ հարց է համարում անվտանգության խնդիրների համար նախատեսված վարկերը: Օրինակ, ռուսական վարկը, որով Հայաստանը զենք գնեց: Ասում է`դա պարտավոր էինք անել, անվտանգության հարց էր լուծվում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31