Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կուրեխյան, հաստատ համոզված եմ, որ դու չես խախտի երդումը. զինվորի ջնջվող օրացույցից

Հուլիս 15,2017 10:33

Այսօր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող, Մանանա կենտրոնի սան, Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի թղթակից Մուշեղ Կուրեխյանի ծննդյան օրն է: Մուշեղն իր ծառայությունն է անցկացնում ՊՆ զորամասերից մեկում: Ներկայացնում ենք նրա՝ բանակից ուղարկած առաջին թղթակցությունից մի հատված:

ՋՆՋՎՈՂ ՕՐԱՑՈՒՅՑԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՕՐԵՐԻՑ

«Ես՝ ծառայության անցնելով ՀՀ ԶՈՒ-ում, հանդիսավոր երդվում եմ…»

Այս խոսքերը հազարավոր անգամ հնչել են հպարտ նորակոչիկների շուրթերից։ Այս խոսքերը արտասանող յուրաքանչյուր նորակոչիկի մեջ ապրում է հայրենի պաշտպանի անվախ ոգին։ Ոգի, որը պատրաստ է ենթարկվել ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին, կատարել հրամանատարների հրամանը և, որ ամենակարևորն է, պահել ռազմական գաղտնիքը։

Ողջո՛ւյն, ինչպես միշտ դադարս երկար էր, բայց այս անգամ ներելի էր, քանի որ ծառայության եմ անցել ՀՀ ԶՈՒ-ում։ Դադարը շատ երկար էր, պատմելու շատ բան կա։ Այդ պատճառով որոշեցի բանակում գտնվելու օրերս ներկայացնեմ ըստ հաջորդականության։

Օր 1

Գտնվում եմ Երևանի գլխավոր հավաքակայանում։ Սպասում եմ վիճակահանության իմ հերթին, որպեսզի իմանամ Հայաստանի որ հատվածում պետք է ծառայությունս կատարեմ։ Հերթը հասավ ինձ, քաշեցի թղթերից մեկը, ու․․․

Արդեն երեկո է, ուղևորվում ենք Տավուշի մարզի զորամասերից մեկը։ Հաջորդ առավոտ արդեն մեկը գոռում էր․

-Վաշտ, վե՛ր կաց։

Զարթնում եմ ու անցում սովորական, էհ, զինվորական առօրյային։ Կեսօրին ծանոթացրին զորամասի պատմությանը, ներկայացրին ներկա ու նախկին հրամանատարական կազմին։

Անցնում է ևս մի քանի օր

Մեզ ասում են , որ մեր զորամասը որպես մարտական հերթապահություն իրականացնող զորամաս լավագույնն է ճանաչվել ՀՀ ԶՈՒ-ում, ու այդ պատճառով Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պետք է գա։ Հաջորդ օրը ինձ կանչում են ու ասում, որ պետք է ելույթ ունենամ, և ինքս էլ պիտի գրեմ ելույթս։ Երկու-երեք ժամ հետո ելույթը պատրաստ տանում հանձնում եմ, հետո առանց փոփոխության հետ են վերադարձնում ինձ ու ասում, որ այսքան կարճ ժամանակում ելույթի խոսք դեռ չէին գրել։ Դե, ահա և 17-ի թղթակից լինելու առավելություններից մեկը:

Վրա հասավ նախարարի գալու օրը։

-Հավսար, զգաստ, հավասարությունը՝ ձախ։ Պարոն նախարար, զորամասի անձնակազմը շարված է ձեր գալստյան կապակցությամբ։

Նախարարին ողջունելուց հետո հրամանատարի տեղակալը ասում է․ «Ելույթ ունեցողները դեպի առաջնագիծ»։ Քայլում եմ առաջ․ խոսում եմ զորամասի անցած ուղու, անվախ զինվորների ու սպաների մասին։ Ամբիոնի մոտից իջնելուց հետո, մի քանի հեռուստաընկերություններից ինձ շրջապատում են ու սկսում հարցեր տալ, թե ինչու հենց ես խոսեցի այս կարևոր իրադարձության մասին։ «Շանթ» ՀԸ լրագրողի այն հարցին, թե որն է գաղտնիքը, որ մեր զորամասը դարձավ լավագույնը։ Երկար մտածելուց հետո պատասխանում եմ․

-Պատրաստված հրամանատարը և արհեստավարժ ու մարտունակ զինվորը։

Այս խոսքերը նրանք դարձրին իրենց ռեպորտաժի հիմքը։

Օր 30

Ուղիղ մեկ ամիս է անցել, ինչ ես ծառայում եմ։ Մեկ ամսվա ընթացքում այնքան բան սովորեցի, բայց դա կարևոր չէ։ Կարևորն այն է, որ այսօր զինվորական երդմանս օրն է, այսօր կդառնամ հայոց բանակի լիիրավ զինվոր։ Վերջապես կտեսնեմ այնքան կարևոր մարդկանց՝ ընտանիքիս, կգրկեմ փոքրիկ քույրիկիս։

Շարված ենք շարահրապարակում։ Բացվում են զորամասի դարպասները և ներս են մտնում նորակոչիկների ծնողները․ ոմանք ձեռքով են անում, ոմանք հայացքով փնտրում իրենց զավակներին ու հանկարծ լսում եմ մի հարազատ ձայն․

-Մուշը, հենա, Մուշը։

Բայց դե չեմ շարժվում, որ արարողակարգը գեղեցիկ անցնի։ Սկսվեց զինվորական երդման արարողակարգը, լսում եմ հրամանատարի ձայնը.

-Մուշեղ Կուրեխյան, զինվորական երդում ընդունելու համար՝ ինձ մոտ։

-Լսում եմ,-ասում եմ ու գնում եմ առաջ։

-Պարոն ավագ լեյտենանտ, շարքային Կուրեխյանը ներկայացել է զինվորական երդումը ընդունելու կապակցությամբ։

Երդումը իրականացնում եմ, տեսնում եմ, որ զորամասի հրամանատարներից երկուսը գալիս են այն սեղանի ուղղությամբ, որտեղ կանգնած եմ ես։ Պաշտոնով ավելի բարձր տեղակալը ասում է․

-Կուրեխյան, հաստատ համոզված եմ, որ դու չես խախտի երդումը,- ասում է, ձեռքը մեկնում է, շնորհավորում ու նորից գնում, կանգնում տեղում։

-Դեպի ձեր ծնողները, վազքով մա՛րշ։

Վայրկյաններ չանցած շարքերում մարդ չկար։ Վազում եմ, գրկում ընտանիքիս անդամներին, փոքրիկ քույրիկիս, քույրիկս սկսում է լացել, տալիս եմ տատիկիս ու գրկում մայրիկին։ Եկավ ժամը նորից զորամաս վերադառնալու, դժվարությամբ բաժանվում եմ ընտանիքիցս ու անցնում զինվորական ծառայությանս։

Անցել է ևս մի քանի ամսիս։ Արդեն բոլորին ճանաչում եմ զորամասում։

Մեկ-մեկ զինվորները գալիս են ու հարցնում՝

-Դու էն տղեն չե՞ս, որ նախարարի գալու օրը ելույթ ունեցար։ Դու էիր, չէ՞, որ ապրիլի 2-ին ելույթ ունեցար։ Քեզ տելեվիզրով տեսանք։ Ապրե՛ս, լավ ես գրում։

Իհարկե, նման խոսքերը հաճելի է լսելը ծառայակիցներից, առավել ևս նրանցից, ում չես ճանաչում։

Պատմելու շատ բան կա, բայց ցավոք այդքան ժամանակ չկա։ Զինվորի առօրյան հագեցած է: Խոստանում եմ նորից գրել օրացույցից անհետացող օրերից, որոնք հետագայում ավելի հետաքրքիր ու ավելի խոստումնալից կդառնան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31