Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրակաշառքներն «աշխատել» են վարչական լծակների ազդեցությամբ

Հուլիս 15,2017 15:30

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը չի բացառում, որ քաղաքական ուժի ազդեցության տակ գտնվող հեռուստաընկերությունները քարոզարշավի ժամանակ անկողմնակալ չեն եղել:

Հուլիսի 10-ին ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) հրապարակեց ապրիլի 2-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցը։ Նախնական եզրակացություններում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը արձանագրել էր քաղծառայողների ու մասնավոր ընկերությունների աշխատողների նկատմամբ ճնշումների, մասսայական ընտրակաշառքների մասին փաստերի վերաբերյալ արժանահավատ տեղեկությունների բացասական ազդեցությունը ընտրությունների վրա:

Վերջնական զեկույցում, վերահաստատելով այս, ինչպես նաեւ նախկինում արտահայտած դրական դիտարկումները, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը առանձնացրել է նաեւ վարչարարական խնդիրներ: Զեկույցում նշվում է, որ ԿԸՀ-ն պատշաճ կերպով չի դիտարկել բողոքները, վարչական դատարանը մերժել է ներկայացված բոլոր բողոքները բացառապես ֆորմալ պատճառաբանություններով, բավարար ջանքեր չեն գործադրվել հանրությանը բարդ ընտրակարգի մասին իրազեկելու ուղղությամբ: Հանրությանը պատշաճ չի բացատրվել, թե ինչպես են քվեները վերածվելու պատգամավորական մանդատների: Նաեւ` ԿԸՀ-ն մերժել է միջազգային ՀԿ-ներին ընտրությունները դիտարկելու հրավերներ ուղարկելու հարցում, ինչը հակասում է ԵԱՀԿ-ի առաջ ստանձնած պարտավորություններին եւ այլն:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով զեկույցին, դրանում ներկայացված գնահատականները փորձեց ներկայացնել «Ծառուկյան» դաշինքի քարոզարշավի տեսանկյունից եւ փաստեց. «Արձանագրումները հիմնականում համապատասխանում են իրականությանը»: Սերգեյ Բագրատյանը շեշտադրում է կատարում զեկույցի այն մասին, որտեղ քննադատվում է, որ քարոզարշավի ընթացքում բանավեճեր չեն եղել, ինչը չի օգնել այլակարծության տարածմանը եւ հանրության պատշաճ իրազեկվածությանը: Մեր զրուցակիցը նկատում է` իրենք քանիցս են բարձրացրել այդ խնդիրը, բայց իշխող ուժը հեռուստաբանավեճերի մասնակցելու պարտավորվածություն չի զգացել: Սերգեյ Բագրատյանը կարծում է, որ բանավեճերի անցկացումը քաղաքական ուժերի ներկայացուցիչներին դրանց մասնակցությանն ընտրական շրջանում պետք է ամրագրել իբրեւ պարտադիր նորմ: Այդ մասին իրենք խոսել են նաեւ քարոզարշավի ժամանակ դիտորդների հետ հանդիպմանը:
ԿԸՀ-ի կողմից դիմումների, վարչական դատարաններ ներկայացված դիմումների ոչ պատշաճ քննության մասին ոչինչ ասել չի կարող. իրենց քաղաքական ուժը նման փորձ չունի, բայց նման հրապարակումներից տեղյակ է:

Ընդդիմադիր պատգամավորը համաձայն չէ դիտորդների այն դիտարկումներին, որ վարկանիշային թեկնածուներն ավելի շատ են ներկայացվել, քան քաղաքական ուժերը: Ասում է՝ իրենց թիմը իբրեւ քաղաքական ուժ է ներկայացել:

Սերգեյ Բագրատյանն ասում է, որ չի տիրապետում հեռուստատեսությունների մոնիտորինգի տվյալներին, ուստի դժվարանում է հստակ համաձայնել դիտորդների այն դիտարկման հետ, որ որոշ հեռուստաընկերություններ, լինելով ինչ-որ քաղաքական ուժի ազդեցության տակ, լուսաբանելիս նախապատվություն են տվել տվյալ ուժին: «Բնականաբար, Հանրային հեռուստաընկերությունը միշտ էլ ավելի շատ իշխանամետ դիրքորոշում ունի եւ ավելի շատ է իշխանությանը եթեր տրամադրում»,- ասաց նա: Մեր դիտարկմանն էլ` օրինակ, «Կենտրոն» հեռուստաընկերությունն էլ, նույն տրամաբանությամբ, ավելի շատ եթերաժամ է տրամադրել «Ծառուկյան» դաշինքին, «Երկիր մեդիան»` ՀՅԴ-ին, մեր զրուցակիցն արձագանքեց. «Չեմ բացառում, որ նման բան կլիներ: Եթե որոշակի քաղաքական ուժի ազդեցություն կա, չի բացառվում, որ նախապատվություն տրվի: Ուղղակի պետք է մոնիտորինգ անել: Բնականաբար, նույն «Երկիր մեդիան» ՀՅԴ-ին ավելի շատ ժամանակ կտրամադրեր, եթե կա քաղաքական ազդեցություն: Նույն Հանրային հեռուստաընկերությունն իշխող քաղաքական ուժին միշտ էլ ավելի շատ է լուսաբանել կամ քողարկված է լուսաբանել` պաշտոնական այցերը զուգորդելով ընտրական գործընթացների հետ: Դա քողարկված քարոզարշավ է արդեն»:
Մշտադիտարկված հեռարձակվող լրատվամիջոցներից «Արմենիա» հեռուստատեսությունը տրամադրել է այլ մասնակիցների համեմատ գրեթե կրկնակի ավելի լրատվական լուսաբանում ՀՀԿ-ին եւ Կոնգրես-ՀԺԿ-ին (19 եւ 21 տոկոս, համապատասխանաբար): «Կենտրոն» հեռուստատեսությունը տրամադրել է այլ մասնակիցների համեմատ զգալիորեն ավելի լրատվական լուսաբանում (18 տոկոս) «Ծառուկյան» դաշինքին: «Շանթ» հեռուստատեսությունը լրատվական լուսաբանման 20 տոկոսը տրամադրել է ՀՀԿ-ին, մինչդեռ մնացածներին հատկացրել է 7-12 տոկոս: «Երկիր մեդիան» տրամադրել է ՀՅԴ-ին իր լրատվական լուսաբանման 25 տոկոսը՝ մյուսներին թողնելով 6-13 տոկոս: Թեեւ մշտադիտարկված բոլոր հեռուստատեսությունների լրատվական լուսաբանման 98 տոկոսը չեզոք կամ դրական տոնայնությամբ է, պաշտոնական քարոզարշավին նախորդող՝ փետրվարի 24-ից մինչեւ մարտի 4-ը ընկած ժամանակահատվածի մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս մշտադիտարկված հեռուստատեսությունների հստակ կողմնակալությունը հօգուտ այդ հեռուստատեսությունների վերաբերյալ հանրային ընկալման մեջ եղած կուսակցական առնչությունների:

Պատասխանելով հարցին` իսկ ընտրակաշառքների մասսայական բաժանումների հետ համամի՞տ եք, եւ դիտարկմանը, որ քարոզարշավի ընթացքում տեղեկություններ տարածվեցին, որ ոչ միայն իշխող ուժն է ընտրակաշառք բաժանում, այլեւ ընտրապայքարին մասնակցող հիմնական ուժերը, Սերգեյ Բագրատյանը պատասխանեց. «Ընտրակաշառքների դերն ուղիղ չի եղել: Ընտրակաշառքներն «աշխատել» են վարչական լծակների ազդեցությամբ: Վարչական ճնշումներ են եղել, մարդիկ մտածել են` ուզեմ, թե ոչ, գնալու եմ ընտրության, քանի որ ղեկավարս է հրահանգել. օգտակարը հաճելիի հետ երեւի զուգակցել են: Չեմ կարծում, որ ընդդիմադիրները այդպես համատարած եղել են ընտրակաշառքի մեջ»:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

14.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31