Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Տարեցները հիշեցին խորհրդային տարիների «պուտյովկաներն» ու հանգիստը Անապայում

Հուլիս 15,2017 15:00

«Լսիր, 30 հազար դրամով կիսասոված եմ մնում, ի՞նչ հանգստանալու մասին է խոսքը, սաղ ժողովրդին դիետայի վրա են նստացրել»,- այսպես արձագանքեց Արտյուշա Բաբայանը, երբ նրան հարցրինք, թե վերջին անգամ ե՞րբ է մեկնել հանգստի: «Առավոտը» փոքրիկ հարցում անցկացրեց քաղաքացիների, մասնավորապես՝ տարեց մարդկանց շրջանում, թե վերջին անգամ երբ եւ ուր են գնացել հանգստանալու:

«Առավոտի» այս հարցը մեր զրուցակիցներին մտքով խորհրդային տարիներ էր տեղափոխում, նրանք երանությամբ էին հիշում, թե «սովետի տարիներին» ինչպես են գործարան-հիմնարկությունները «բոլ-բոլ պուտյովկաներ» տրամադրել:

«Հիմա Ջերմուկի հանգստյան տների կողքով էլ չեմ կարող անցնել, բայց ժամանակին ամեն տարի պուտյովկայով գնում էի: Ճիշտ է, էն ժամանակ սենց ճոխություններ չկային, բայց համուհոտ կար, քաղցրություն կար: Հարուստների ու աղքատների այսպիսի բաժանում չկար»,- հիշում է 80-ամյա Սերոբ Ղարիբջանյանը` կառավարությանը կոչ անելով մեծահասակներին քաղցր աչքով նայել՝ «իրենց գաթայից մի կտոր էլ ծերերին բաժին հանել»:

Տիկին Գոհարն ամեն տարի գյուղում է հանգստացել` ծնողների մոտ, հիմա, երբ ծնողներն արդեն չկան, հայրական գյուղ` Չորաթան, չի գնում, միայն մի քանի տարին մեկ` ծնողների գերեզմանին այցելելու նպատակով է գյուղ մեկնում, այն էլ մեկ-երկու օրով: Ատերկրի հանգստավայրը տիկին Գոհարի եւ նրա ամուսնու համար անհասանելի է. «Երկուսիս թոշակը որ իրար վրա դնենք` կկազմի 70 հազար դրամ: Էդ գումարով գնանք հանգստանալո՞ւ, թե՞ սաղ ամիսն ապրենք»:

«Հանգստանալո՞ւ, բալես, էն աշխարհում եմ ես հանգստանալու, էս հասակիս հլա մի տարի չի եղել, որ արձակուրդիս գնամ հանգստանալու. 60 տարի է՝ աշխատում եմ «բեզ պերերիվ»,- մեզ հետ զրույցում ասաց Կառլեն Մաշուրյանը: Նրա խոսքով՝ փականագործի աշխատանքով է «տունը, կնիկ, էրեխեք պահել, երեխաներին պսակել», բայց միջոցներն այնքան չեն եղել, որ իր համար հանգիստ կազմակերպի: Ասում է` ընտանիքին մեկ-մեկ հանգստի ուղարկել է, սակայն իր մասին` մոռացել:

Սվետա Ղահրամանյանը նոր էր վերադարձել Ստեփանավանից, սակայն ոչ թե հանգստյան տանն է իր արձակուրդը կազմակերպել, այլ հարսի հորական տանը. «Չեմ հիշում՝ վերջին անգամ երբ եմ հանգստյան տանը եղել, երեւի Սովետի ժամանակ, հիմա ո՞վ հնարավորություն ունի, որ գնա պանսիոնատում հանգստանա՝ մենակ հարուստները, նրանց մայրերն ու հայրերը: Էն էլ արտասահմաններում են նրանք հանգստանում, հո Հայաստանում չե՞ն հանգստանում: Ամուսինս որ կար, մենք էլ ջահել ժամանակ Արզնի էինք գնում, լիուբոլ ապրում էինք, հիմա տղայիս ձեռքին եմ նայում, թոշակը թոշա՞կ է, որ ինքնուրույն մի բան անենք, երեխաներ չունեցար` սովից կմեռնես»:
Տիկին Լաուրայի կյանքը, ինչպես ինքն է ասում, լավ է դասավորվել` Սոչիում քույր ու եղբայր ունի: Նրա պատմելով՝ ամեն տարի երեք ամիս նրանց հետ է անցկացնում ու օդափոխված վերադառնում Հայաստան. «Նրանք են հոգում բոլոր ծախսերս, որ ինձ մնա, սկի ինքնաթիռի մի տոմս չեմ կարող գնել: Տարվա ընթացքում էլ գումար են ուղարկում, որ ապրեմ»:

Ստյոպա Իսկանդարյանի խոսքով՝ գրեթե ամեն տարի հանգստի է մեկնում, Եգիպտոս կամ Վրաստան: Մեր հարցին, թե թոշակո՞վ է մեկնում, Ստյոպա Իսկանդարյանն ասաց, որ տղայի ընտանիքի հետ է մեկնում:

«Ժամանակին ես եմ նրանց տարել Սեւ ծով, Անապա, ման տվել, հիմի էլ մենք ենք երեխան, տղաս է տանում, ման տալիս: Բիզնես ունի, ճիշտ է, վերջին մի քանի տարում գործերն այնքան էլ առաջ չեն գնում, շատ է խնդիրների հանդիպում, բայց դե, հնարավորություն ստեղծում է, որ Հայաստանից դուրս հանգստանանք: Բայց էսօր հազարից մի մեծահասակ մարդ կարող է մեր երկրում իրեն թույլ տալ երկրից դուրս հանգստանալու գնալ, իսկ Ամերիկայում, Եվրոպայում իրենց թոշակով կարող են աշխարհը ման գալ: Դրա համար են զարգացած երկրների տուրիստների մեծ մասը տարեց մարդիկ: Նրանք վաստակել են այդ հանգիստը»:

Երկար տարիներ դասախոս աշխատած Իսկանդարյանը կարծում է, որ հանգստի մեկնելը բոլոր ընտանիքների մշակույթի մասը պետք է լինի, որպեսզի մարդիկ ամբողջ տարին կարողանան աշխատել. «Ծովը մարդուն առողջություն է տալիս, մեր Հայաստանում էլ լավ տեղեր ունենք` թթվածնով հարուստ Դիլիջան, հանքային ջրերով` Արզնին, Ջերմուկը, լավ բնությունով Լոռին. եթե այս հանգստավայրերից էլ կարողանան մարդիկ օգտվել, էլի լավ է»:

Բջնիի բնակիչ Վասակ Թումասյանն էլ մայրաքաղաք էր եկել «հանգստանալու»: Ինչպես ինքն ասաց՝ եկել է թոռան հարսանիքին մասնակցելու, համ էլ մի երկու շաբաթ երեխաների հետ անցկացնելու: Ասում է` շոգերն ընկավ, չի դիմանալու` փախնելու է գնա Բջնի: Իսկ թե ցանկություն ունենո՞ւմ է իր ծննդավայրից հանգստի համար այլ տեղ մեկնելու, 78-ամյա Վասակ Թումասյանն ասում է. «Իմ տուն ու տեղը տեղով դաչա է, էլ ո՞ւր մեկնեմ»:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

14.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31