Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ժիրայր, չամաչեցի՞ր դու»

Հուլիս 15,2017 13:30

Գեղամ Գրիգորյանի նախատինքը՝
աղմկահարույց «Արշակ Երկրորդ» օպերայի առիթով

«1945թ. Երեւանի օպերային թատրոնում Տիգրան Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերայի առիթով հրավիրվում է գեղարվեստական խորհրդի նիստ՝ մասնակցությամբ այնպիսի բարձրակարգ ու բանիմաց երաժիշտների, ինչպիսիք էին դիրիժոր Միքայել Թավրիզյանը, երաժշտագետ Գեւորգ Տիգրանովը, բեմադրիչ Արմեն Գուլակյանը, կոմպոզիտոր Լեւոն Խոջա-Էյնաթյանը եւ այլք: Նստում, կրկին լսում են այդ օպերայի երաժշտությունը, հիմնականում կանգ են առնում լիբրետոյի վրա:

Թովմաս Թերզյանի իտալերեն լիբրետոյում 4-րդ դարում ապրած թագավոր Արշակ Երկրորդը, որն ըստ պատմիչների՝ եղել է դաժան, ներկայացված էր իր բոլոր բացասական կողմերով: Իսկ Թերզյանը լիբրետոն գրել է սուլթան Համիդի կայսրության շրջանում: Ավելին՝ հայոց թագավորը ներկայացված էր մարդասպան, որը հաշվեհարդար է տեսնում ոչ միայն իր հարազատ որդու հետ, կարճ ասած՝ այս գիտակ մարդիկ որոշում են, որ այս օպերայի համար պետք է գրել նոր լիբրետո եւ դա հանձնարարում են Արմեն Գուլակյանին, իսկ երաժշտության մասով Խոջա-Էյնաթյանին: Վերջինս էլ 30-40 հոգանոց նվագախումբը ընդլայնում է եւ, հարազատ մնալով չուխաջյանական երաժշտությանը, որոշ սրբագրումների արդյունքում, պահպանելով երաժշտության հայկականությունը, արեւմտաեվրոպական հնչյունաբանական տրադիցիաները, որ կար հեղինակի մոտ, «ստեղծում» է կլավիր՝ արդեն 70 հոգանոց նվագախմբի համար: «Արշակ Երկրորդը», որը հայկական ազգային դասական առաջին օպերան է, Չուխաջյանի կյանքի օրոք ամբողջովին չի բեմադրվել արտիստիկ ռեսուրսների սղության, ինչպես նաեւ այդ նախագծին թուրքական իշխանությունների ընդդիմանալու պատճառով, քանի որ հայոց պատմությանն ու մշակույթին վերաբերող ստեղծագործությունները դիտվում էին որպես հայկական ազգայնականությունը խրախուսող գործոններ: Իսկ Չուխաջյանի մահից հետո օպերան համարվում էր կորած: Այն նորից ի հայտ եկավ 1930-ականներին, վերը նշված մասնագետների կողմից»,- այս մասին «Առավոտի» հետ զրույցում հայտնեց ամերիկաբնակ ջութակահար Ժիրայր Սվազլյանը (լուսանկարում), որը 1978-2012թթ. հանդիսացել է Սան Ֆրանցիսկոյի օպերային թատրոնի նվագախմբի արտիստ, մեկ թատերաշրջան էլ աշխատել «Մետրոպոլիտեն» թատրոնում: Նրա ձեւակերպմամբ, 2001թ. Սան Ֆրանցիսկոյում «Արշակ Երկրորդի» պրեմիերան պարզապես խայտառակություն էր: Այս առիթով ջութակահարը նույնիսկ երկու աշխատություն է գրել, որում տեղ են գտել ամերիկյան մասնագիտական թերթերի հոդվածները, քննադատությունները, կարծիքները: Աշխատություններից մեկը գտնվում է Ե. Չարենցի անվան արվեստի եւ գրականության ինստիտուտում:

Նշենք, որ Ժիրայր Սվազլյանի ծնողները 1947թ. հայրենադարձել են եւ նա մասնագիտական կրթություն է ստացել Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, ապա Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանում, հետո էլ՝ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, անվանի պրոֆեսորներ Հրաչյա Բոգդանյանի եւ Վիլլի Մոկացյանի դասարաններում: Ընտանիքը 1975թ. մեկնում է Նյու Յորք եւ ընդամենը 3 տարի անց մեր հայրենակիցը աշխատանքի է անցնում Սան Ֆրանցիսկոյի օպերային թատրոնում: Տարիների ընդմիջումից հետո, միայն 2004թ. է Սվազլյանը առաջին անգամ այցելում հայրենիք, որից հետո դրանք դառնում են ամենամյա:

Հայրենիք այս այցի ժամանակ Ժիրայր Սվազլյանը անհամբեր սպասում է Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կոնստանտին Օրբելյանի հետ հանդիպմանը: Զրույցի ընթացքում պարզեցինք, որ նրանք շուրջ 35 տարի բարեկամներ են, հարեւաններ: Սվազլյանը նշում է. «Տեղեկանալով, որ Փափազյանը պատրաստվում է օպերային թատրոնում իբր «Արշակ Երկրորդի» բնագրով իտալերեն բեմադրել այս օպերան, պարզապես չեմ կարող անտարբեր մնալ եւ օրերս մաեստրոյի հետ հանդիպման ժամանակ ես կբացեմ բոլոր փակագծերը: Ամոթ է, որ ինչպես Սան Ֆրանցիսկոյում կայացած այս օպերայի պրեմիերայից հետո, հայաստանցիներն էլ ականատեսը լինեն Թերզյանի խայտառակ լիբրետոյին: Արշակ Երկրորդ թագավորը հայտնի է իր բազում դրական հատկություններով. նա եկեղեցիներ է կառուցել ու դպրոցներ բացել, պահպանել ազգը թշնամիներից, ի վերջո՝ հավատքը կարողացել է պահպանել ողջ հայության շրջանում: Կրկնում եմ՝ հանցագործություն կլինի Թերզյանի լիբրետոյով ներկայացնել Արշակ Երկրորդին: Այս այցելությանս ժամանակ ամերիկաբնակ մեր տաղանդավոր արվեստագետները, այդ թվում՝ երգչուհի Մելանյա Աբովյանը հորդորեցին ինձ, ասելով՝ գնա ու ամեն ինչ բացատրիր Օրբելյանին: Նաեւ ասեմ, որ երջանկահիշատակ Գեղամ Գրիգորյանը Սան Ֆրանցիսկոյի պրեմիերայից հետո ինձ ասաց՝ Ժիրայր, չամաչեցի՞ր դու: Ես նրանից չվիրավորվեցի, քանի որ աշխարհահռչակ տենորը մանրամասները չգիտեր»:
Խնդրեցինք որոշ փակագծեր բացել այս առիթով, իսկ մինչ դա ներկայացրինք, որ Ժիրայր Փափազյանը, որը Փարիզի «Տիգրան Չուխաջյան» կենտրոնի տնօրենն է, մեզ հետ զրույցում (14.04.2014թ.) ասել էր, թե 1990-ականների վերջերից գլխավորելով կենտրոնը, մեծ աշխատանք է տարել հայկական օպերաներն ու օպերետները, թատերական պիեսները օտար ռեժիսորներին ու թատրոններին ներկայացնելու հարցում եւ արդեն տարիներ շարունակ իր ցանկությունն է հայաստանցի հանդիսատեսին ներկայացնել «Արշակ Երկրորդը» բնագրով:

Ժիրայր Սվազլյանը, առանց մանրամասներ հայտնելու, նախ ասաց, թե լավ կլիներ, որ մեկը գնար Փարիզ ու տեսներ Փափազյանի կենտրոնում, որը մինչ այդ կոչվում էր «Չուխաջյան» հետազոտական կենտրոն, ովքեր են այդ աշխատակից-հետազոտողները, հետո էլ հայտնեց հետեւյալը. «Մինչ Սան Ֆրանցիսկո օպերայում Փափազյանի նախաձեռնությամբ «Արշակ Երկրորդի» պրեմիերան, ես նրա հետ շփվել եմ հեռախոսով եւ մինչ այդ նախաձեռնությունը, այդ օպերան բեմադրելու համար ինձ դիմել էր Սան Ֆրանցիսկո օպերայի տնօրեն, մասնագիտությամբ բեմադրիչ Լոթվի Մանսուրը: Այդ նպատակով ես շուրջ 2 տարի զբաղված էի դրամահավաքությամբ, իսկ բեմադրությունն իրականացնելու համար անհրաժեշտ էր շուրջ 2 մլն դոլար: Հազար ու մի ճանապարհներով ես հայթայթեցի 1 միլիոնը, իսկ մնացածը ներդրեց ինքը՝ տնօրենը: Անկեղծ ասած՝ չէի էլ պատրաստվում նախաձեռնել օպերայի բեմադրական աշխատանքները, քանի որ Փափազյանը սողոսկել էր թատրոն եւ մտերմացել պարոն Մանսուրի հետ: Կրկնում եմ՝ ներկայացման արձագանքները գտնվում են Արվեստի եւ գրականության ինստիտուտում եւ պարզապես ամոթ էր ներկայացնել Թերզյանի լիբրետոյով Չուխաջյանի հրաշալի երաժշտությունը: Մի բան էլ նշեմ՝ Փափազյանը տնօրենին համոզել էր, որ Արմեն Գուլակյանը հասկանալի պատճառով «Արշակ Երկրորդում» արտացոլել է Ստալինի կերպարը: Մի բան էլ ասեմ՝ Սան Ֆրանցիսկո օպերայում այդ խայտառակությունը բեմադրել է ոչ թե Փափազյանը, այլ իտալացի ռեժիսոր, որի անունն այս պահին չեմ կարող մտաբերել: Բարձրաձայնեմ նաեւ, որ ինքը՝ Փափազյանը, Թերզյանի իտալերեն լիբրետոն ձեռք է բերել Երեւանից: Ոչ պակաս կարեւոր մի տեղեկություն՝ Սան Ֆրանցիսկո օպերայում «Արշակ Երկրորդի» (Թերզյանի լիբրետոյով) պրեմիերայից հետո այս խայտառակությունը գրավեց նաեւ փաստաբան Մարկ Կիրակոսի ուշադրությունը, որը ուզում էր այդ առիթով գործ հարուցել, ավաղ, չկարողացավ այն ավարտին հասցնել»:

Զրույցի ավարտին պարոն Սվազլյանը կատակեց՝ ասելով. «Ինչպիսի զուգադիպություն. եւ իմ անունն է Ժիրայր, եւ Փափազյանինը, եւ ես եմ ծնունդով Եգիպտոսից, եւ Փափազյանը…»:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Պատրաստ ենք տպագրել նաեւ Ժիրայր Փափազյանի տեսակետը` թեմայի վերաբերյալ:

«Առավոտ»

14.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31