«Նարեկացի» արվեստի միությունն այսօր հերթական անգամ համախմբել էր երաժշտասեր հանրությանը, մշակույթի վաստակաշատ գործիչներին: Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Խմբերգեր» ձայնասկավառակի շնորհանդեսն էր. այն թողարկվել է դեռեւս 2014 թվականին՝ «Նարեկացի» արվեստի միության կողմից և վերահրատարակվել 2016-ին: Ժողովածուի մեջ ընդգրկված խմբերգերը բազմիցս են հնչել, բայց ձայնասկավառակի տեսքով դրանք հանրությանն են ներկայացվում առաջին անգամ:
Ձայնասկավառակում ընդգրկված մաեստրոյի ստեղծագործությունների հիմքում Կոստան Զարյանի, Հովհհանես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի մի քանի բանաստեղծություններն են (առաջին խմբերգը Մանսուրյանը գրել է դեռեւս 1969թ.-ին): Խմբերգերը կատարել է Հայաստանի պետական կամերային երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Ռոբերտ Մլքեյան:
Տիգրան Մանսուրյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ձայնագրությունները կատարվել են Սաղմոսավանքում. «Լուրջ աշխատանք է կատարվել: Հարմարվել ենք Աաղմոսավանքի ակուստիկային: Կարծում եմ՝ լավ աշխատանք է արվել, արդեն քանի տասնամյակ է՝ մենք մտերիմ ենք Մլքեյանի հետ, այս սկավառակն էլ դրա վկայությունն է»:
Ռոբերտ Մլքեյանն էլ իր հերթին անկեղծացավ՝ աննկարագրելի զգացում է ունենում մաեստրոյի հետ Երեւանում եւ Գյումրիում զբոսնելիս. «Մարդիկ անընդհատ կանգնեցնում են. մեկը ժպտում է, մյուսը՝ ցանկանում մաեստրոյի ձեռքին կպնել, մեկ ուրիշն էլ բարի խոսք է ասում: Հրաշալի է, երբ ժողովուրդը սիրում է իր վարպետին, խոնարհվում նրա առաջ, հասկանում, որ նա իր ազգի մշակույթի պատմությունն է ստեղծել իր կենդանության օրոք»:
Տիգրան Մանսուրյանը նաեւ ասաց, որ իր ստեղծագործական կյանքը եռում է: Իսկ թե առաջիկայում ինչ է հանրությանը ներկայացնելու մաեստրոն, առայժմ փակագծերը չի բացում:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ