Լրահոս
Օրվա լրահոսը

«Հռոմի պապն ակտիվ շփումների մեջ է մեզ հետ»․  արգենտինահայ մեծահարուստներ (Տեսանյութ)

Հուլիս 14,2017 22:50

Ինչպես տեղեկացրել ենք, արգետինահայ երեք մեծահարուստ ընկերներ՝ Նշան Դեվեճիէանը, Պողոս Էսերճիէանը և Գրիգոր Շիմշիրօղլուն, որոնք մեծ ներդրումներ են կատարում հայրենիքում՝ Արցախում ու Հայաստանի տարբեր տեղանքներում, այսօր Շիրակի մարզում էին։ Նրանք  Աշոցքի «Տիրամայր Նարեկ» բարեգործական հիվանդանոցին համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետ նվիրեցին, մասնակցեցին իրենց ֆինանսավորմամբ Վրաստանին սահմանամերձ Բավրա գյուղում կառուցված հնդկացորենի վերամշակման գործարանի բացմանը։

Aravot.am-ը Պողոս Էսերճիէանին, հիշեցնելով թուրքական մամուլի հիստերիան Հռոմի պապ Ֆրանցիսկոսի անցած տարի Հայաստան կատարած այցի կապակցությամբ, հետաքրքվեց, թե հայ համայնքը շարունակո՞ւմ է պահպանել ակտիվ շփումներ նրա հետ։ Արգենտինահայ բարերարն ասաց, որ Հռոմի պապը, լինելով արգենտինացի, միշտ կապված է եղել հայ համայնքի հետ։ «Մեր Սրբազանը խնդրեց, որ նա Հայաստան գա, և մեր Սրբազանին համար Հայաստան այցելեց անցյալ տարի, շատ աղեկ բարեկամներ են մեր պատրիարքը և պապը։ Մենք պապի հետ ակտիվ կապերուն մեջ ենք», -ասաց Պողոս Էսերճիէանը։

Հիշեցնենք, որ անցած տարի Գյումրու Վարդանանց հրապարակում Հռոմի պապի մատուցած պատարագից հետո Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին, պատասխանելով արտերկրյա լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք Հարավային Ամերիկայում ապրելն ու Արգենտինայում հայկական Սփյուռքի հետ շփվելն են ազդել պապի վրա, որպեսզի նա զգա հայի ցավն, ասել էր․ «Ֆրանցիսկոս պապը բազմաթիվ տարբեր փորձառություններ է բերել Արգենտինայում իր վարած կյանքից՝ էկումենիզմը, ավետարանչական բարեկամությունը՝ հրեաների, ռաբիների, մուսուլման իմամի հետ: Նա խորը հարաբերություններ ուներ նաեւ հայկական համայնքի հետ այնտեղ: Ես երեկ տեսա հանդիպումը պապի Բուենոս Այրեսի առաքելական եկեղեցու արգենտինահայ եպիսկոպոսի հետ, նրանք լավ ճանաչում են ու լավ բարեկամ էին: Այս իմաստով պապի համար հայ ժողովուրդը ու հայկական պատմությունը նորություն չեն: Պապի համար մեծ ուրախություն է իրական հայկական մշակույթի, պատմության սկզբնաղբյուրին շփվելն այստեղ: Ըստ իս, սա իր համար ցնծություն է, բայց հիմնվում է գիտելիքի ու երկար նախապատմության վրա»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31