Արցախի Հանրապետության Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արսեն Առստամյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ անցումային շրջանի նախագահի ընտրության ժամանակ քվեարկելու է Բակո Սահակյանի օգտին:
«Նախորդ երկու նախագահական ընտրությունների ժամանակ, որպես քաղաքացի ես կողմ եմ քվեարկել Բակո Սահակյանի թեկնածությանը: Այժմ նույնպես սատարելու եմ նրան: Գտնում եմ, որ անցումային փուլի համար գործող նախագահի վերընտրությունը ճիշտ է, ինչպես նաև հաշվի առնելով այս տաս տարիների ընթացքում նրա կողմից կատարված ահռելի աշխատանքը: Բակո Սահակյանի օրոք պետականաշինության գործում կատարված աշխատանքները այնքան զգալի են, որ նույնիսկ անզեն աչքով կարելի է տեսնել»,- իր որոշման մասին պարզաբանեց ԱԺ պատգամավորը:
Անդրադառնալով արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցին` Արսեն Առստամյանը նշում է, որ Արցախի քաղաքական ղեկավարությունը միշտ էլ հայտարարել է, որ առանց Արցախի անմիջական մասնակցության արցախյան հիմնախնդրի լուծում հնարավոր չէ. «Ինչպե՞ս կարելի է լուծել մի հարց, որի անմիջական կրողները չեն մասնակցում: Կարծում եմ, որ առաջնագծում հատկապես կարևոր է վստահության մեխանիզմների ներդնումը: Ադրբեջանը շարունակում է հրաժարվել և դա մի շատ պարզ պատճառով. հայկական կողմը երբեք նախահարձակ չի լինում և չի խախտում հրադադարի պահպանման ռեժիմը: Խախտող կողմը միշտ հանդիսանում է Ադրբեջանը և այդ պարագայում չի ցանկանում վստահության մեխանիզմների ներդնումը»:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ