Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու վերջին փուլերն է անցկացնում:
Մոլորակի ուժեղագույն ըմբիշներն օգոստոս ամսին Փարիզում կպայքարեն ըստ քաշային կարգի չեմպիոններին եւ մեդալակիրներին որոշելու համար:
Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը (լուսանկարում) Aravot.am-ին ասաց, որ ընտրանու ինը թեկնածուներ հուլիսի 19-ից օգոստոսի 2-ն ուսումնամարզական հավաք են անցկացնելու Բելառուսի «Ստայկի» օլիմպիական մարզաբազայում: «Այնտեղ են լինելու նաեւ այլ հավաքականներ՝ Բելառուսի, Ղազախստանի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Սերբիայի եւ այլ երկրների, ընդհանուր առմամբ, շուրջ հարյուր ըմբիշ: Ստայկիից վերադառնալով Երեւան՝ օգոստոսի 7-ից վերջին հավաքը կանցկացնենք «Օլիմպավանում» եւ օգոստոսի 19-ին կմենկնենք Փարիզ»,- ասաց գլխավոր մարզիչը:
Լեւոն Ջուլֆալակյանն աշխարհի առաջնություն մեկնող հավաքականի կազմը խոստացավ հայտարարել օգոստոսի 10-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ sputnik-ի