Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր, «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց կուսակցության գործադիր մարմնի նիստում անցումային շրջանի նախագահի ընտրության որոշումը թողվել է իր հայեցողությանը:
«Բոլոր դեպքերում Բակո Սահակյանին դեմ եմ քվեարկելու, և դեմ քվեարկելու ձևերից մեկն էլ Էդուարդ Աղաբեկյանին կողմ քվեարկելն է: Իսկ մանրամասն ես կհայտնեմ հուլիսի 19-ին իմ ելույթում»,-ասում է ԱԺ պատգամավորը:
Նա նշում է, որ դրական է վերաբերվում Էդուրդ Աղաբեկյանի թեկնածությանը, սակայն վերջինս որևէ շանս չունի անցնելու. «Ինքը ևս դա գիտակցում է: Նրան Ազգային ժողովում մեծամասնություն չունեցող ուժերն են առաջադրել: Ամեն դեպքում նա որոշակի ուղերձներ է հղելու հասարակությանը, և մենք կհետևենք ու կգնահատենք այն ուղերձները, որոնք Էդուարդ Աղաբեկյանը կուղղի ժողովրդին»:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության անցումային շրջանի նախագահի ընտրությունը տեղի է ունենալու հուլիսի 19-ին: Խմբակցությունների կողմից առաջադրված թեկնածուները երկուսն են՝ գործող նախագահ Բակո Սահակյանը և «Շարժում-88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ