Հուլիսի 17-ից 22-ը Ծաղկաձորի մարզաբազայում կանցկացվի ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» եւ «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզական ընտանիք» մարզական զանգվածային մրցույթի եզրափակիչ փուլը:
Սկիզբ առնելով 2004 թվականին՝ այս մրցույթը 14 տարվա ընթացքում մի քանի անգամ բազմապատկել է ընդգրկման շրջանակները: «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի կազմակերպիչ եւ գլխավոր պատասխանատու, Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Եթե 2004 թվականին մրցույթին մասնակցել էր 54 ընտանիք (162 մարդ), այս տարի մասնակից ընտանիքների թիվն արդեն 1516 է (4548 մարդ), իսկ բյուջեն 16 մլն-ից այսօր հասել է 155 միլիոն 840 հազար 800 դրամի: «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը 2015 թվականից ի վեր սկիզբ է դրել եւս 10 մարզական մասսայական միջոցառման՝ բյուջեն չավելացնելով եւ ընդգրկելով հասարակության բոլոր խավերը: Եվ երբ դեկտեմբեր ամսին ամփոփենք արդյունքները, այդ 11 մարզական մասսայական միջոցառումներում ընդհանուր առմամբ կարձանագրենք 85 740-ից ավելի մարդու մասնակցություն՝ Երեւանից, Հայաստանի տասը մարզերից եւ Արցախից», – ասաց Խաչիկ Ասրյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հ. Գ. Խաչիկ Ասրյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Առավոտ» օրաթերթի հուլիսի 18-ի համարում: