Լրահոս
Օրվա լրահոսը

3 մեծահարուստ արգենտինահայերի նվերը՝ Հռոմի պապի ստեղծած հիվանդանոցում (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հուլիս 14,2017 18:04

Այսօր Շիրակի մարզի Աշոցքի «Տիրամայր Նարեկ» բարեգործական հիվանդանոցում բացվեց համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետ՝ «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի օժանդակությամբ, արգենտինահայ երեք հայրենասեր ընտանիքների՝ Դեվեճիէանների, Էսերճիէանների և Շիմշիրօղլուների ֆինանսավորմամբ։ Նշենք, որ Աշոցքի հիվանդանոցը հիմնվել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո՝ Հռոմի պապ Հովհաննես-Պողոս Երկրորդի կամքով։

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը իր ելույթում նշեց, որ այսօր շատ կարևոր օր է շիրակցիների համար, քանի որ Հռոմի պապի նվիրած հիվանդանոցում ավելացնում են խիստ անհրաժեշտ մի ծառայություն՝ համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետը։ Ըստ մարզպետի, այսուհետ Աշոցքի, Ջավախքի բնակիչներն այլևս ստիպված չեն լինելու տասնյակ հարյուրավոր կիլոմետր կտրել ու հասնել Երևան։ «Ապացուցում ենք, որ առաջնակարգ բժշկական ծառայություն կարող ենք ստանալ ոչ միայն Երևանում կամ Գյումրիում, այլև այստեղ՝ իրենց բնակավայրերում», -ասաց Շիրակի մարզպետը՝ իր շնորհակալությունը հայտնելով բարերարների ընտանիքներին։

«Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի նախագահ Արա Վարդանյանն էլ, ներկայացնելով արգենտինահայ բարերարներին, նախ թվարկեց, թե նրանք ինչ գործեր են կատարել Արցախում ու Հայաստանի մյուս վայրերում։ Վերջինս ասաց, որ երեք այս ընտանիքների հետ իրենց ճամփորդությունը սկսել են Արցախից, որտեղ բարերարները մանկապարտեզ են բացել, իսկ նախորդ օրը Տավուշի մարզի Բաղանիս գյուղում ոռոգման համակարգ են բացել, այնուհետ իրականացրել են 100-րդ ջերմոցի բացման արարողությունը։ «Այս ընտանիքիները շատ մեծ ներդրում ունեն թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում, շատ կապված են իրենց հայրենիքի հետ և հուսանք, որ մեր բոլոր հայրենակիցները, որոնք ապրում են դրսում, այսպես կապված կլինեն իրենց հայրենիքի հետ։ Շատ շնորհակալություն, դուք միշտ ասում եք, թե կատարում եք ձեր պարտքը, բայց մեր համար դա օգնություն է, պահանջված օգնություն է։ Մենք, իրոք, երախտապարտ ենք, որ դուք յուրաքանչյուր տարի ստանձնում եք նոր ծրագրեր և էլ ավելի մեծ եռանդով մասնակցում բացումներին։ Թող Աստված Ձեզ օրհնի, երկար տարիների կյանք և միշտ իմացեք, որ դուք թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում, գրեթե բոլոր գյուղերում ունեք հարյուրավոր, հազարավոր բարեկամներ»,- ասաց Արա Վարդանյանը;

Աշոցքի «Տիրամայր Նարեկ» բարեգործական հիվանդանոցի տնօրեն Սարգիս Վարդանյանն էլ ասաց, որ տարեկան 1500-ից ավելի վիրահատություններ են կատարվում այս բժշկական հաստատությունում ու առանց տոմոգրաֆիկ հետազոտությունների աշխատանքը կիսատ էր դառնում։ Վերջինիս ասելով, երկու տարի առաջ արգենտինահայ Նշան Դեվեճիէանն եկել է Համահայկական բժշկական կոնֆերանսի մասնակցելու ու այցելել է Աշոցքի հիվանդանոց։ Իրենք էլ խնդրել են տոմոգրաֆիկ սարքավորում ունենալու անհրաժեշտությունը ներկայացնել Հռոմի Ֆրանցիսկոս պապին։ Պապը, որը հիվանդանոցի բարերարն է, ուրախությամբ համաձայնել է ու այս հարցն արագ կարգավորվել է։ Ըստ հիվանդանոցի տնօրենի, այս հիվանդանոցից հիմնականում օգտվում են Շիրակի մարզի ու նաև Ջավախքի ազգաբնակչությունը, իսկ վիրաբուժական ծառայությունից մեծամասամբ Լոռու մարզի բնակիչները։ Մինչ այս սարքն ունենալը, հիվանդներին ուղարկում էին կամ Գյումրի կամ Երևան։ Հիվանդանոցի տնօրինությունը, իմանալով, որ ունենալու են նման կաբինետ, մասնագետին գործուղել են Երևան՝ մայրաքաղաքում վերապատրաստվելու։ Սարգիս Վարդանյանն ասաց, որ իրենք հիվանդների մեջ տարբերոթյուն չեն դնում, ըստ նրա, երբ այս հիվանդանոցը ստեղծվել է, կանոնագրում գրվել է, որ այն սպասարկելու է բոլոր կարիքավորներին՝ անկախ մաշկի գույնից, դավանանքից և ազգային պատկանելությունից։ «Մենք մինչև հիմա դա սրբորեն պահում ենք, նույնիսկ հիվանդից անձնագիր չենք պահանջում, եթե հիվանդ է, կարիք ունի բուժման, ուրեմն պիտի բուժվի»,- ասաց տնօրենը։

Նա նշեց, որ Աշոցքի հիվանդանոցը համարվում է սեփականաշնորհված հիմնարկ, այնտեղ թեև պետպատվեր չի գործում, բայց այն աշխատում է բարեգործական սկզբունքով. «Դուք այսօր չեք տեսնի որևէ տեղ, որտեղ հիվանդը ստանա անվճար բուժում, ստանա սնունդ օրը երեք անգամ։ Բոլորի համար հիվանդանոցն անվճար է, մենք պետպատվերի թուղթ չենք էլ հարցնում։ Մեր ֆինանսավորումը հիմնականում կատարվում է երեք աղբյուրներից՝ Հռոմի պապից, Եվրոպական եպիսկոպոսների միությունից և անհատ բարերարներից»։

Ի դեպ, հիվանդանոցի տնօրենին հարց ուղղվեց ծնելության թվի մասին, վերջինս տխրելով արձանագրեց. «Կասեմ, որ ծնունդների թիվը գնալով պրոգրեսիվ պակասում է, որ ցավալի և վատ է, եթե մենք առաջ ունենում էինք 390-400 ծնունդ, հիմա ունենում ենք 15 ծնունդ, այսինքն՝ մոտ երկու անգամ պակասել է»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31