Ռուսաստանի կողմից Թուրքիային տրամադրվող C-400 համակարգերը կարող են տեղակայվել այդ երկրի ցանկացած տարածքում, այդ թվում Հայաստանի հետ սահմանին: Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով թուրք բարձրաստիճան անանուն աղբյուրը:
Նշենք, որ Թուրքիան ռուսական պաշտպանական համակարգերի համար համաձայնել է վճարել 2.5 մլրդ դոլար: Գործակալության աղբյուրը հայտնել է, որ նախնական պայմանագրով, 2 C-400 մարտկոցներ Թուրքիան կստանա գալիք տարվա ընթացքում, իսկ հետո ևս 2-ը կարտադրվի Թուրքիայի տարածքում:
Գործակալությունը հիշեցնում է, որ Թուրքիան Սառը պատերազմից սկսած համարվել է ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակիցներից մեկը Խորհրդային Միության սահմաններին: Բայց վերջին շրջանում սրվել են Արևմուտքի և Թուրքիայի հարաբերությունները այն բանից հետո, երբ վերջինիս նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը սկսեց ավելի անկախ քաղաքականություն վարել, իսկ ԱՄՆ-ն էլ սկսեց աջակցություն ցուցաբերել Սիրիայի քրդերին:
«Ռուսաստանի հետ հրթիռների մատակարարման գործարքը հստակ ազդանշան է առ այն, որ Թուրքիան հիասթափված է ԱՄՆ-ից և Եվրոպայից»,- գործակալության հետ զրույցում ասել է Մոսկվայում տեղակայված Ռազմավարական և տեխնոլոգիական հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Կոնստանտին Մակիենկոն:
Ռուսական համակարգերը համատեղելի չեն ՆԱՏՕ-ի մյուս պաշտպանական համակարգերի հետ, բայց նաև չեն ենթարկվում դաշինքի կողմից թելադրված սահմանափակումներին, որոնք արգելում են Թուրքիային այդ համակարգերը տեղադրել Հայաստանի, Հունաստանի սահմաններին և Էգեյան ծովի հատվածում: Ռուսաստանի հետ գործարքը Թուրքիային թույլատրում է պաշտպանական համակարգերը տեղակայել իր տարածքի ցանկացած վայրում, ասել է գործակալության աղբյուրը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ