Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նախարար Հրանուշ Հակոբյանը հայ ինքնության ամրապնդման առաջնահերթություններ է համարել պահանջատիրությունը, Արցախի և Հայաստանի հզորացումը

Հուլիս 14,2017 16:46

Հուլիսի 13-ին Բեյրութի Պիքֆայայի Սուրբ Աստվածածին վանքում աշխատանքներն է ավարտել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության նախաձեռնությամբ «Սփյուռքը նոր հորիզոնների դիմաց. սփյուռքահայի ինքնահասկացողությունը» խորագրով հավաքը, որին մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, հայագետներ, մտավորականներ` Հայաստանից և Սփյուռքից:

«Ո՞վ է սփյուռքահայը, ի՞նչ է նշանակում հայ լինել Սփյուռքում» թեմայով վերջին նիստում զեկուցումներով հանդես են եկել Շիրազ Ճերեճյանը, Հրայր Ճեպեճյանը և Նանոր Խաչերյանը:

Շիրազ Ճերեճյանը կարևորել է վերլուծական մտքով և առարկայական մոտեցումներով առողջ քննարկումների կազմակերպումը, սփյուռքահայի՝ հայ արմատներին կառչած մնալը, Սփյուռքում Հայաստանն ու Արցախը կյանքի մասնիկը դարձնելն ու միաժամանակ Արևմտյան Հայաստանը, Կիլիկիան չմոռանալը:

Հիմնվելով իր դոկտորական թեզի վրա և հաշվի առնելով Հայրենիքում հաստատված սփյուռքահայերի փորձը, գաղափարներն ու մտահոգությունները՝ Նանոր Խաչերյանն առանձնացրել է մի քանի հիմնական ուղղություններ, որոնք ցույց են տալիս, թե սփյուռքահայն ինչպես է մոտենում Հայրենիքին և հայկական իրականությանը: Նա նշել է, որ պետք է մշակել նոր մոտեցումներ՝ Սփյուռքի ներուժը Հայաստանում օգտագործելու ուղղությամբ:

Հրայր Ճեպեճյանը նշել է, որ 21-րդ դարում ինքնության պահպանության սպառնալիքները մեծաթիվ են և մշտանորոգ: Այնուամենայնիվ նա հուսադրող է համարել այն հանգամանքը, որ մշակույթի և պահանջատիրության գործոնները հայության մեջ դեռևս տիրական են և չնայած լեզվի նահանջին՝ ինքնության կանչն առկա է:

Հրաչ Գույումճյանն ընդհանուր գծերով ամփոփել է հավաքի ընթացքում արտահայտված գաղափարները ու նկատել, որ Սփյուռքի նախարարությունը և նախարարը Սփյուռքի հետ գործակցում են ոչ թե ուղղահայաց, այլ հորիզոնական կապերով:

Հավաքին եզրափակիչ խոսքով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա բարձր է գնահատել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության նախաձեռնությունը, որը հնարավորություն է տվել տարբեր մոտեցումներով հասկանալ հայ ինքնության ներկան: Նախարարը կարևորել է ծրագրերը, որոնք իրականացվում են հային Հայրենիք բերելու ուղղությամբ: «Աշխարհի տարբեր երկրների համայնքներում ապրող հայությունը բազմաշերտ մշակույթների կրող է և չնայած տարբերություններին՝ ունի ընդհանուր գծեր, ինչպիսիք են արմատները, ազգային ինքնագիտակցությունը, Հայրենիքը, պատմությունը, Հայրենիքի հետ զգացական կապը», – նշել է նա:

Նախարարն անդրադարձել է հայ ինքնության պահպանման ու զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին և կարևորել է երկու ուղղությունները՝ երիտասարդների մասնակցությամբ ձեռքբերած հաջողությունները և այն ձեռնարկները, որոնք նպաստում են համայնքային կյանքից հեռացած հայորդիներին դեպի համայնք ու Հայրենիք վերադարձնելուն: «Հայաստանը հզոր է Սփյուռքով: 2017թ. սեպտեմբերին Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում կանցկացվի Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը, որի մասնակիցները մեծամասնությունը, կարծում եմ, կլինեն Սփյուռքի ակտիվ երիտասարդները», – նշել է նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նախարարը հայ ինքնության ամրապնդման առաջնահերթություններ է համարել պահանջատիրությունը, Արցախի և Հայաստանի հզորացումը: «Հայ է այն մարդը, ով իրեն հայ է զգում, կապված է հայկական արմատներին և պատրաստ է աշխատել և գործակցել Հայրենիքի հետ», – խոսքը եզրափակել է Սփյուռքի նախարարը:

Եռօրյա հավաքին փակման խոսքով հանդես է եկել Արամ Առաջին Կաթողիկոսը: Նա նշել է, որ Սփյուռքի հզորացումը ենթադրում է մեր կառույցների վերաշխուժացում, որտեղ կարևոր է հայ երիտասարդի դերը:

Արամ Առաջինը հայտարարել է, որ Կաթողիկոսարանի Երիտասարդական բաժանմունքը Սփյուռքի համայնքներում թեմական մակարդակով կկազմակերպի հայ ինքնության պահպանման թեմայով համաժողովներ:

Եզրափակելով խոսքը՝ Կաթողիկոսն ասել է, որ անհրաժեշտ է շարունակել սկսած աշխատանքները և նոր գործնական քայլեր կատարել հայ ինքնության պահպանման ուղղությամբ:

Հավաքի ավարտին մասնակիցներն ընդունել են հայտարարություն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31