Ինչպես տեղեկացրել ենք Կենտրոն եւ Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Նորք-Մարաշում ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված զինված խմբի գործով դատավարությունն է ընթանում: Այն 2 ժամով ընդմիջվել էր՝ հանրային պաշտպան ներգրավելու համար: Թե ում համար է այդ պաշտպանը՝ պարզ չէ, բոլոր ամբաստանյալները պաշտպաններ ունեն:
Քանի որ նախորդ դատական նիստում դատավոր Բեկթաշյանն ասել էր, որ Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանի փոխարեն հանրային պաշտպան կներգրավեն, կարելի է ենթադրել, որ դատավորը հանրային պաշտպանը հենց նրա համար է ուզում:
Ընդմիջումից հետո մեղադրող դատախազը միջնորդություն ներկայացրեց՝ Հայկ Ալումյանի նկատմամբ սանկցիա կիրառել: Հիշեցնենք, որ Հայկ Ալումյանը հեռացել էր դատական նիստից՝ ասելով, որ մինչեւ իր պաշտպանյալին՝ Վահան Շիրխանյանին չբերեն մասնակցելու դատավարությանը, ինքն անելիք չունի:
Նիստին ներկա փաստաբաններից մի քանիսն ընդվզեցին դատախազի միջնորդության դեմ՝ ասելով, որ Ալումյանը դատարանում է, դրա փոխարեն կարող եք Շիրխանյանին բերել, այս հարցը փակել: Փաստաբանները միջնորդություն ներկայացրեցին՝ Վահան Շիրխանյանին վերադարձնելու նիստերի դահլիճ, որպեսզի դատավարության բնականոն ընթացքը չխախտվի: Իսկ Շիրխանյանի նկատմամբ դատավորը սանկցիա էր կիրառել՝ հեռացնելով նիստից 3 դատավարական ժամ:
Փաստաբան Սյուզան Խչեյանի խոսքերով՝ Ալումյանի պաշտպանյալի նկատմամբ սանկցիա եք կիրառել. «Մենք էլ ենք միանում պարոն Ալումյանի միջնորդությանը, խնդրում ենք Վահան Շիրխանյանի մասնակցությունն ապահովել: Թե չէ, եթե այդ պատճառաբանությամբ նիստը չկայանա, մինչեւ 3 ժամը լրանա, յուրաքանչյուր դատական նիստ 10 րոպե է լինելու: Եթե դատարանը նստի էդ 10 րոպեները հաշվի, ես չգիտեմ, մինչեւ 2018-ի գարնանը հազիվ կընկնենք բնականոն ընթացքի մեջ»:
Դատավորը պատասխանեց՝ քանի որ պարոն Ալումյանը ներկա չէ, չենք կարող միջնորդությունը քննարկել: Փաստաբանը զարմացավ՝ միջնորդություն է ներկայացվել, չե՞ք քննարկելու: Դատավորը կոշտ պատասխանեց՝ չի կարող քննարկվել, ի պատասխան՝ փաստաբանը ճպպացրեց ու նստեց: Դատավոր Բեկթաշյանը արձագանքեց. «Ինչի՞ եք ճպպցնում»: Փաստաբանն էլ պատասխանեց, որ այդ դեպքում, եթե իրենց միջնորդությունը չի կարող քննարկվել, ուրեմն մեղադրող կողմի միջնորդությունն էլ չպետք է քննարկվի, որովհետեւ Ալումյանը այստեղ չի:
Դատավորը մեղադրող դատախազի միջնորդությունը բավարարեց. «Որոշում ենք կայացնում դիմել Փաստաբանների պալատ՝ պարոն Ալումյանի նկատմամբ վարույթ հարուցելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ