Նորք- Մարաշում ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված զինված խմբի գործով ամբաստանյալ ազատամարտիկ Էդուարդ Ներսիսյանը, որը հայտնի է Ապար անունով, այսօր Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընդմիջման ժամանակ վատացել է: Նրա համար շտապօգնություն են կանչել:
Նիստի ժամանակ նրա պաշտպան Կարմեն Պողոսյանն ասաց, որ անհապաղ միջնորդություն ունեն՝ նրա խափանման միջոցը փոխելու, բայց քանի որ Վահան Շիրխանյանի մասնակցությունը դատավարությանը չի ապահովվում, նիստերն այդպես էլ չեն կայանում:
Լրագրողների հետ զրույցում տիկին Պողոսյանն ասաց, որ արդեն 8 ամիս է՝ չեն կարողանում հասնել նրան, որ քննարկվի խափանման միջոցների հարցը:
Ապարը 2016-ի օգոստոսին ինսուլտ է ստացել՝ աջակողմյան թուլացումով: Նա ներկայումս դատապարտյալների հիվանդանոցում է պահվում. «Այսօր վատացել է դատարանի կալանավորված անձանց պահելու վայրում, ճնշումն էր իջել, չի սնվել: Նա դատապարտյալների հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ է գտնվում: Նա նաեւ հիվանդ է Հեպատիտ C-ով, փաստաթղթերը եւ անձնական գործում կան, եւ դատավորի մոտ: Չեմ կարողանում անգամ ներկայացնել: 8 ամիս է՝ մենք պարոն Շիրխանյանի առողջական վիճակն ենք քննարկում այն դեպքում, երբ ունենք այլ հիվանդ կալանավորված անձինք, այս գործով ամբաստանյալներ: Ապարը չի կարողանում անգամ սնվել, չի կարողանում լոգանք ընդունել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ