Իսրայելցի բլոգեր Վլադ Վզրիվլինը խորհուրդ է տալիս բուժում անցնել Հայաստանում, որտեղ բուժօգնությունը շատ ավելի մատչելի է և որակով չի զիջում Իսրայելին:
«Ինձ էլ վիճակվեց ուղղակիորեն ծանոթանալ հայկական բժշկության հետ: Երկու շատ բարդ վիրահատություն մասնավոր բժշկական կլինիկայում, ընդ որում 4 օր պալատային բուժում լիարժեք VIP սպասարկմամբ:
Արդյունքով և բուժսպասարկման որակով՝ գերազանց:
Արժեքը՝ այդ ամբողջի համար՝ 800 դոլար, չհաշված դուրս գրելուց հետո նշանակված դեղերը: Բայց դեղերը առանձին թեմա է:
Իսրայելում այդ ամբողջը կարժենար առնվազն 10 անգամ ավելի թանկ:
Ինչ վերաբերում է Երևանի բժշկական կենտրոնին, ապա այստեղ, բնականաբար, բոլորին չէ, որ ընդունում են, ինչպես և ցանկացած մասնավոր կլինիկայում:
Այստեղ գալիս են այնպիսի բժիշկներ, որոնք արդեն իրենց աշխատանքային փորձով և բժշկական տաղանդով ապացուցել են բժշկությանն իրենց հավատարմությունը:
Շատերը, եթե ոչ մեծամասնությունը, ունեն առնվազն գիտական աստիճան կամ գիտական հրապարակումներ:
Բացի այդ, բժշկական կենտրոնի բոլոր բժիշկները պարտադիր փորձաշրջան են անցնում արտասահմանում, ընդ որում ոչ թե մեկ անգամ, այլ մշտապես:
Փորձաշրջանն անցնում են ԱՄՆ-ում, Շվեյցարիայում, Գերմանիայում, Ռուսաստանում, Ավստրիայում:
Կլինիկան հագեցած է բժշկական տեխնիկայի վերջին ճիչով: Ամեն ինչ՝ ինչպես Իսրայելում՝ գերմանական, ճապոնական, մի խոսքով՝ արտասահմանյան սարքավորումներով:
Իսկ Իսրայել կամ Գերմանիա բուժվելու մեկնող ռուսներին խորհուրդ կտայի առաջին հերթին ստուգել այդ հնարավորությունը Հայաստանում:
Այն մարդկանց համար, ովքեր բուժօգնության կարիք ունեն, բայց չունեն բավարար գումար Արևմուտքում կամ Իսրայելում թանկարժեք բուժում ստանալու համար, Հայաստանը կարող է դառնալ փրկություն»,- գրել է Վզրիվլինն իր բլոգում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ