Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ուկրաինացի կինոռեժիսոր. «Ռեժիսորը սակրավոր չէ, առաջին անգամ կարող է սխալվել»

Հուլիս 14,2017 13:35

Հուլիսի 14-ին ուկրաինացի ռեժիսոր Տարաս Տկաչենկոն հանդիպեց լրագրողների հետ:

Նրա «Տատրակի բույնը» ֆիլմը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթում է: Ռեժիսորը տեղյակ էր, որ Հայաստանում եւս կա արտագաղթի ու արտագնա աշխատանքի մեկնողների խնդիր, դրա համար ցանկացել էր հանդիպել լրագրողների հետ եւ լսել իր ֆիլմի վերաբերյալ արձագանքներ:

«Ցավոք, գլխավոր հերոսուհու`Դարինկայի ամուսինը մահացավ նկարահանման աշխատանքների կեսից: Մենք ֆիլմի վրա երեք տարի աշխատել էինք, ֆինանսների, պատերազմի պատճառով ամեն ինչ ձգձգվում էր»,- ցավով հայտնեց ռեժիսորը: Հավելեց, որ ստիպված դերասանի մահից հետո վերախմբագրվել է սցենարը: «Ինձ թվում է, որ ֆիլմի այս ավարտը ավելի հետաքրքիր ու նուրբ է, քան նախապես մտածվածը»,-համոզված է Տարաս Տկաչենկոն:

Aravot.am-ը հետաքրքրվեց` ինչպե՞ս հաջողվեց Ուկրաինայի ամենազբաղված ու պահանջված դերասանուհիներից մեկին` Ռիմա Զյուբինային ներգրավել իր ֆիլմում:

«Նրա զբաղվածության մասին լուրերը չափազանցված են, նա հիմա ավելի քիչ է նկարվում, իսկ ինչ վերաբերում է հռչակին, իսկապես անվանի է: Նրա համար էլ նոր փորձ էր կինոյում, նա թատրոնում շատ հետաքրքիր է աշխատում»,-ասաց ռեժիսորը:

Նա պատմեց, որ մինչ այս ֆիլմը վավերագրական ֆիլմ է նկարել ուկրաինացիների արտագնա աշխատանքի մասին ու քաջ ծանոթ է թեմային:

Ինչ վերաբերում է «Տատրակի բույնին», Տկաչենկոն ասում է, որ ուկրաինուհիները նյարդային են արձագանքել, ասել են` ի՞նչ է, մի լավատեսական բան չկա՞ր, բոլոր ուկրաինուհիները քնո՞ւմ են իտալացիների հետ: «Ես էլ պատասխանեցի, որ երբ նախընտրական ֆիլմ նկարեմ, շատ լավատեսական կնկարեմ»,-հիշում է ռեժիսորը:

«Տատրակի բույնում» նկարահանված 81-ամյա իտալուհու մասին էլ ասաց, որ նա երկար ժամանակ չէր տեսել կինո, 81 տարեկան էր, շատ էր հավանել ֆիլմը, եւ բողոքում էր, թե ինչու ռեժիսորը իտալերեն չեմ սովորում: Նա կինոդերասանուհի է, որը նկարահանվել էր էպիզոդիկ դերերում, սերիալներում, կարդում էր իտալական պոեզիա:

Նշենք, որ «Տատրակի բույնը» ֆիլմում արտացոլված է ուկրաինուհիների մի ամբողջ սերնդի ճակատագիրը՝ նրանց, որոնք ստիպված են արտերկրյա աշխատանքի մեկնել, որպեսզի հայրենիքում ավելի լավ ապագա ապահովեն իրենց ընտանիքներին: Բայց ֆինանսական ձեռքբերումների կողքին կորուստներն անձնական հարաբերություններում կարող են ավելի թանկ արժենալ: Հերոսուհու` Դարինկայի աշխատանքն իտալացի մի հարուստ փաստաբանի և նրա ծեր մորը խնամելն էր: Սա միայնակ գոյություն է՝ լիովին կախված գործատուներից. ծեր կինը նրան արհամարհանքով է վերաբերվում, իսկ որդին անընդհատ սիրահետում է …

Aravot.am-ը ռեժիսորից հետաքրքրվեց, թե իր կարծիքով՝ ինչ է պակասում այսօրվա ուկրաինական կինոյին: Տկաչենկոն նշեց, որ առաջին հերթին փորձն է պակասում, նաեւ թվարկեց այն ռեժիսորների առաջին լուրջ ֆիլմերը, որոնք հաջողություններ են գրանցել տարբեր փառատոներում: «Բոլորի առաջին քայլերը վատը չեն, պետք է թույլ տալ սխալվել, ի վերջո կինոռեժիսորը սակրավոր չէ, նրան պետք է թույլ տալ սխալվել: Տպավորություն ունեմ, որ պատմական ֆիլմ անելը փորձ է փախչել իրականությունից, իսկ եթե նկարում ես այսօրը,  այն ամենը ինչ ապրեցինք վեջին տարիներին, նշանակում է` մենք մեզ ենք հետաքրքիր, հետեւաբար հետաքրքիր կլինենք նաեւ աշխարհին` սերբերին, ալբաններին, հայերին, բոլորին»: Ռեժիսորը հավելեց, որ հավատում է ուկրաինական կինոյի վերածննդին:

Արտագաղթի ու արտագնա աշխատանքի մասին խոսելիս, ասաց, որ 5 մլն մարդ մեկնել է արտագնա աշխատանքի, դա նշանակում է, որ յուրաքանչյուր երրորդ ուկրաինացին դրսում է: «Լեհաստանում էլ արդեն կարող ես ուկրաիներեն խոսել, բոլոր սրճարաններում ուկրաինացիներ են, բայց երեւի չպետք է ողբալ դրա համար: 14 մլրդ եվրո դրսից Ուկրաինա է մտնում արտագնա աշխատանքի մեկնողների շնորհիվ, ոչ մի արժույթի հիմնադրամ նման գումար չի ուղղի Ուկրաինա: Ողբերգություն չպետք է սարքել այս ամենից, ամբողջ աշխարհն է այդպես փող աշխատում, միգրացիան կար նաեւ Խորհրդային Միությունում, ուղղակի երկաթե վարագույրի պատճառով տեղյակ չէինք»,-հավելեց նա:

Տարաս Տկաչենկոն նշեց, որ շատ է հավանել Երեւանը. «Շնչեցի ձեր քաղաքը, մի տեսակ խաղաղություն եւ հարմարավետություն եմ զգում: «Ոսկե ծիրանը» եւս ինձ դուր է գալիս, այն բավականին ներկայացուցչական փառատոն է, եվրոպական կինոփառատոնները կանխատեսելի են, իսկ այստեղ կարող ես ֆանտաստիկ հնարավորությունների հանդիպել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31