«ԵՄ-ն Արցախի նկատմամբ քաղաքականություն չունի, կա գործընկերության ծրագիր, որը որոշակի բյուջե ունի տարեկան, նպատակն է`Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների միջեւ կապի ստեղծումը»,- այս կարծիքին է ՀԲԸՄ-ի Եվրոպական գրասենյակի տնօրեն Նիկոլյա Դավիդյանը: Նա կարծում է, որ սա բավարար չէ: Ավելին, տարբեր եվրոպացի չինովնիկների համար ընդամենը պատճառ է`ասելու, որ ինչ-որ բան անում ենք Արցախում: Իր դիտարկումները Նիկոլյա Դավիդյանն այսօր բարձրաձայնեց «Եվրոպայի ներգրավվածությունն Արցախում» արշավի ներկայացման ժամանակ:
Ի դեպ, Եվրոպայում բնակվող տարբեր հայեր, նամակներով դիմել են եվրոպացի տարբեր չինովնիկների, այդ թվում նաեւ ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին` փորձելով հասկանա, թե ե՞րբ է պատրաստվում Եվրոպան Արցախում ծրագրեր իրականացնել: Ստացել են պատասխաններ` հակամարտության կարգավորումից հետո: Մինչդեռ, կան այլ չճանաչված պետություններ, որտեղ ԵՄ-ի կողմից իրականացվում են տարբեր ծրագրեր`«Հարատեւություն, առանց ճանաչում» ծրագրով Աբխազիայում, Հյուսիսային Կիպրոսում եւ այլ չճանաչված պետություններում ԵՄ-ն տարբեր ծրագրեր է իրականացնում: Արցախը միակ չճանաչված պետությունն է, որ տեղ ԵՄ-ն նման ծրագրեր չի իրականացնում: «Դա արդար չէ: Այնտեղ էլ կռիվ կա, մարդու իրավունքի խնդիր է»,- ասում է Նիկոլյան` նկատելով, որ անկախ արցախյան հարցի կարգավորման ժամանակից եւ ձեւից, այնտեղ այսօր կան մարդիկ, ովքեր իրենց իրավունքի պաշտպանության կարիքն ունեն. «Մեր նպատակն է, որ ԵՄ պաշտոնյաները, կառույցները կարողանան օժանդակություն բերել ԼՂՀ ժողովրդին»:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ